...

Բա որ լրագրողը չլիներ, ի՞նչ էիք անելու

Բա որ լրագրողը չլիներ, ի՞նչ էիք անելու

Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես հայտնել է, որ 2020թ. օգոստոսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հաղորդում էր տվել այն մասին, որ նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելու ընթացքում Սևան-Շորժա ճանապարհահատվածի վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իր և օպերատորների մասնագիտական գործունությանը, որի ընթացքում հնչեցվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ: 

Եվ ահա, այս գործի շրջանակներում կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան որոշ շինություններ ապօրինին են, այսինքն՝ դրանք հատակագծում նշված չեն, բացակայում են նաև Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից 20.02.2017թ. համաձայնեցված կառուցապատման սխեմայում:

Արդյունքում նոր քրգործ է հարուցվել՝ պաշտոնեական կեղծիքների ու շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ:

Եկեք ի մի բերենք. այսինքն, եթե «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը չգնար ու չփորձեր ռեպորտաժ պատրաստել Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ, Վլադիմիր Գասպարյանն էլ կվադրոցիկլը չքշեր լրագրողի վրա, սպառնալիքներ չտար, լրագրողը չգնար և այս մասին հաղորդում չտար ոստիկանությունում, դեպքի վերաբերյալ քրգործ չհարուցվեր, ապա Վ. Գասպարյանը կշարունակեր առոք-փառոք բնակվել իր առանձնատանը, անկախ նրանից՝ դա ապօրինի է, թե ոչ:

Այսինքն, ընդամենը դիպվածի արդյունքում է ՀԿՔ-ն պարզել, որ Վլ. Գասպարյանի դղյակի շինարարության գործընթացում ապօրինություններ են թույլ տրվել: 

Եվ սա այն դեպքում, երբ Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ դեռ մինչև 2018-ի հեղափոխությունը բազմաթիվ հետաքննող հրապարակումներ են եղել, հեղափոխությունից հետո ընդհանրապես տասնյակներով են եղել, մանրամասն ներկայացվել է, թե ով, ինչ ճանապարհով է Սևանա լճի ափին տարածքներ ձեռք բերել, այդ հողազավթումների արդյունքում պետությանը ինչ վնասներ են պատճառվել: Այդ հրապարակումներից յուրաքանչյուրը ինքնին հաղորդում է հանցագործության մասին: Բայց մենք չենք հիշում, որ որևէ քրգործ հարուցվեր այդ առթիվ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ իշխանությունները իրավապահ մարմիններին չեն կարգադրել Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ նյութերը ուսումնասիրել, այս երկու տարին ինչո՞վ են զբաղվել:

Ու խոսքը միայն Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների մասին չէ: Հանքարդյունաբերության ոլորտում բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել, բոլոր յուղոտ հանքերը նախկին իշխանությունները իրար մեջ են բաժանել, այս մասին հարյուրավոր հրապարակումներ են եղել, մանրամասն, թե ինչ սխեմաներով են տիրացել այս կամ այն հանքին, օբյեկտին: Հիմա ի՞նչ, լրագրողը պիտի գնա, հատ-հատ փորձի նկարել այդ հանքը, ափամերձ տարածքը, օբյեկտը, ՀԷԿ-ը, դրանց տերերը լրագրողին սպառնան, դրա հիման վրա քրգործ հարուցեն, ու մեկ էլ ասեն՝ վա՜յ, էս ապօրինի կառույց է, էս հանքը ապօրինի փաստաթղթերո՞վ է սեփականացվել: 

Սա՞ էր հատ-հատ, լումա առ լումա հետ բերելու ճանապարհը: Էլի հույսը դրել են լրագրողների վրա: Այդպես է ստացվում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   925 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ