...

Հակակոռուպցիոներները մանրից Փաշինյանի տներին են մոտենում

Հակակոռուպցիոներները մանրից Փաշինյանի տներին են մոտենում

Մենք առիթ ունեցել էինք տեղեկացնելու, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբներին Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի ապօրինի հարստացման գործը Գլխավոր դատախազությունն ուղարկել էր դատարան՝ բռնագանձում պահանջելով հօգուտ պետության։ Գասպարյանը, կինը, զոքանչը, դուստրն ու որդին դատարանում պետք է ապացուցեին, թե ինչպես են ձեռք բերել դատախազության թիրախում հայտնված գույքը, հակառակ դեպքում՝ այն փոխանցվելու էր պետությանը։ Ապօրինի հարստացման գործից բացի, Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են փողերի լվացումը, յուրացումը կամ վատնումը, պաշտոնեական կեղծիքը, պաշտոնեական անփութությունը և պաշտոնեական լիազորությունների չարաշահումը։ Երեկ, սակայն, պարզվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է վերադարձրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերոնշյալ մեղադրանքներով քրեական գործը։ Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը չի ուշացել։ Մասնավորապես կառուցից news.am-ին հայտնել են, որ իրենք ստացել են դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ: «Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Սա աննախադեպ հայտարարություն է։ Ինչո՞ւ, որովհետև եթե ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նման կոշտ ձևակերպումներ է օգտագործում դատախազության մասով, ապա սրան անմիջապես պետք է հետևեն իրավական գործընթացներ։ Դատախազի որոշումը անօրինական է՝ ասում են հակակոռուպցիոներները։ Այլ կերպ ասած՝ դատախազը անօրինական գործունեություն է ծավալել, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Ավելին՝ Գասպարյանին առաջադրված նույն մեղադրանքներն, այս դեպքում, որոշակի սրբագրումներով պետք է վերագրվեն դատախազին, և իրավական գործընթաց սկսվի։ Մինչդեռ հակակոռուպցիոներները ավելի հեռուն են գնացել՝ դատախազին անօրինականության մեջ մեղադրելուց հետո, խոստացել են բողոքարկել որոշումը, բայց իսկույն նկատել են, որ ոչինչ չի փոխվի, քանի որ պատվերը ամենաբարձր մակարդակում է։ Ակամայից հիշեցինք «Կարգին հաղորդման» այն սկետչը, երբ երկու գյուղացիներ ճամփեզրին միրգ են վաճառում, և նրանց է մոտենում քաղաքաբնակ մի հարուստ տղա։ Տեսնելով հաջող կլիենտին՝ գյուղացիները սկսում են մրգի կիլոն շատ թանկ գնահատել։ Տղամարդն էլ սկսում է այդ գյուղի մասին խոսել՝ մասնավորապես պատմելով, թե այդ գյուղում ապրող իքս տղամարդու կնոջ հետ ինչպես է զվարճացել։ Այս պատմությունները լսելով՝ ահաբեկված գյուղացին դիմում է մյուսին, թե այ ախպեր, արի տանք էժանով, թող գնա, սա ոնց որ թե մանրից մեր տներին ա մոտենում։ Հիմա հակակոռուպցիոներներն են, մանրից Նիկոլ Փաշինյանին են մոտենում։ Որովհետև «դատախազական ամենաբարձր մակարդակը» չի կարող միասնական դիրքորոշում ունենալ առանց «ամենաբարձր մակարդակի» համաձայնության։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1463 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ