ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, գրել է.
«Խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարին քաղաքական բռնաճնշումների ենթարկելու վրա աչք փակելու և լռելու համար Նիկոլ Փաշինյանը գին է վճարելու արտասահմանյան այն շրջանակներին, որոնք տարիներ շարունակ իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց հետ աֆիլացված հասարակական ու մեդիակազմակերպությունների միջոցով բարձրաձայնել ու քննադատել են Հայաստանում տեղի ունեցող նման երևույթները:
Երևի պատկերացնում եք, թե հիմա ինչ առևտուր է գնում նրանց ու Նիկոլ Փաշինյանի միջև: Երևի հասկանում եք, թե լռության դիմաց ինչ են հիմա նրանք կորզում Նիկոլ Փաշինյանից:
Ըստ էության` մենք հիմա կանգնած ենք ազգային ազատագրական պայքարի մեկնարկի շեմին»:
«ՉԻ». Որ ասում ենք, ընդդիմություն չունենք, սրա համար ենք ասում: Սկսենք այնտեղից, որ այս մարդիկ չեն էլ թաքցնում, որ իրենց իշխանության օրոք մարդկանց բռնությունների են ենթարկել, հալածել, սպանել, խոշտանգել: Ինքն է ասում: Որ իրենց ժամանակ, երբ ընդդիմությանը ճնշում էին, հալածում, քաղհասարակությունը բողոքում էր, միջազգային ատյաններում, կառույցներում բարձրաձայնում իշխանությունների անօրինականությունների մասին: Իսկ ինչո՞ւ էիք հալածում: Միգուցե դրա մասին էլ խոսեք:
Հաջորդը. այս մարդիկ իրենց ամբողջ կյանքը սպասարկել են դրսի ուժերին: Մեր երկրի ունեցվածքն են իրենց թալանածի համար նվիրել օտար երկրներին, գազաէներգետիկ համակարգը, էլցանցը, ատոմակայանը, ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը, որ ներքաղաքական խնդիր էր առաջանում, վազում էին Մոսկվա ու Եվրոպա, որովհետև ժողովրդին երբեք գործոն չեն համարել: Ու հիմա էլ չեն համարում: Դրա համար էլ քաղաքական գործընթացները Հայաստանում դրսի հետ են կապում: Ուրիշ մտածելակերպ չունեն:
Ինչ վերաբերում է ազգային-ազատագրական պայքար սկսելուն. տղա ջան, դու երևի սկզբից գնայիր վերջապես ծառայեիր բանակում, որից պլստալու համար անցել ես երիտկոմսոմոլների ճանապարհով, մի հատ «լիպովի» դիսերտացիա ես գրել: Թե՞ այն ժամանակ ճիշտ ազգային-ազատագրական պայքարը բանակում ծառայությունից խուսափելն էր: Գիտենք, էլի, ով եք, ինչ անցյալ ունեք: