...

Հայ ազգով մտահոգվելու համար պետք է նախ հայ լինել

Հայ ազգով մտահոգվելու համար պետք է նախ հայ լինել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կամ մենք մնում ենք Հայ Առաքելական քրիստոնյա, կամ մեզ` որպես ազգ, ոչնչացնելու են, վերածելու են արժեհամակարգից զուրկ, անսկզբունք ու անուղեղ բիոզանգվածի»: Այսպես նա անդրադարձել է դպրոցական դասացանկից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերելուն և որպես առանձին առարկա վերացնելու՝ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը: 

Այս թեմային հիմա ով չի ալարում, անդրադառնում է: Հիմնականում՝ նախկինները: Նուրբ թեմա է, բայց կցանկանայինք մեր տեսակետը հայտնել: Որովհետև մեր տպավորությամբ, ամենաշատն այս թեման շահարկում են...անաստվածներն ու հեթանոսները:

Հայաստանի խորհրդայնացումից հետո Եկեղեցու գործունությունը, ըստ էության, արգելվեց: Կրոնը, եկեղեցին, այդ ամբողջ մշակույթը համարվեց տգիտության, բնության օրենքներին հակասող մի արժեհամակարգ, որը խորթ է դեպի կոմունիզմ գնացող հասարակությանը: ՀԱԵ-ին հալածել են, բազմաթիվ հոգևորականներ դարձել են ստալինյան ռեպրեսիաների զոհը, տասնյակ եկեղեցիներ, պատմամշակութային հոգևոր հուշարձաններ ոչնչացվել են կամ, օրինակ, վերածվել են պահեստների:

2-րդ համաշխարհային պատերազմում Հայ Առաքելական Եկեղեցին, վտարանդի ռուսական ուղղափառ եկեղեցին և այլն, մեծ օժանդակություն են ցուցաբերել Խորհրդային Միությանը: Գումարներ են հանգանակել, զենք-զինամթերք են ձեռք բերել, հումանիտար օգնություն և այլն: Ֆաշիզմի դեմ պայքարում սա է եղել եկեղեցու ներդրումը, ինչը Ստալինին ստիպեց մի փոքր մեղմել վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ: Համենայնդեպս, այն դաժանությունները, խոշտանգումներն ու սպանությունները, որոնք առկա էին 1930-ականներին, դադարեցին: Հայ Առաքելական եկեղեցուն էլ թույլ տրվեց մի փոքր շնչել: Վազգեն 1-ին Վեհափառը Խորհրդային Հայաստանում սկսեց եկեղեցու վերականգնման գործը: Իհարկե, այն նեղ շրջանակներում, որը գծել էր խորհրդային իշխանությունը: Կրոնը և եկեղեցին շարունակում էին համարվել կոմունիստական հասարակարգին խորթ երևույթներ: Բայց ՀԱԵ-ն իր առաքելությունն այս պայմաններում իրականացնում էր, քանի որ կար դրա համար գլխավոր նախապայմանը. հավատացյալները: 

Այո, որքան էլ քարոզվում էր աթեիզմ, որքան էլ կրոնի ուսմունքները դեռ մանկապարտեզից սկսած խարազանվում էին, կային մարդիկ, որոնք իրենց հոգևոր կյանքն առանց հավատքի չէին պատկերացնում: Հավատում էին աստծուն, եկեղեցի այցելում: Նրանց փողոցում մատով էին ցույց տալիս, թե՝ տեսեք, հավատացյալներ են, կղերական, հետամնաց, շատերն էին հեռու մնում նրանցից, սակայն այդ մարդիկ անսասան էին մնում իրենց համոզմունքներում: Իսկական հավատացյալները հենց իրենք են եղել: Ինչպես առաջին քրիստոնյաները, որոնք դաժանորեն հալածվում էին Հին Հռոմի կողմից, խոշտանգվում, ցցի հանվում, բայց մեկ է, նրանք հավատարիմ էին իրենց հավատքին:

Ինչո՞ւ ենք խորհրդային ժամանակաշրջանի մասին խոսում: Որ մարդիկ հավատում էին աստծուն, եկեղեցի գնում, աղոթում, թեպետ ոչ դպրոցներում եկեղեցու պատմություն էին սովորել, ոչ գիր-գրականություն կար, հավատքի տարածման միջավայր չկար: Նշանակում է, խնդիրը եկեղեցու պատմություն առարկան չէր, որ կար այդ հավատը: Ավելի բարձր, վեհ, ավելի հոգևոր արժեքներ կային, որոնք մարդուն ստիպում էին հայացքն ուղղել առ Աստված:
Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք հիմա: Ինչքան կեղծավոր, գող, ավազակ, անաստված մարդ կա, հանկարծ սրանք դարձել են Եկեղեցու և հայ ազգի պաշտպաններ: Իբր՝ հենց Եկեղեցու առարկան հանեցին, մենք որպես ազգ կոչնչանանք, սրբապիղծների քարոզի տակ կմնանք, մենք որպես հայ՝ կոչնչանանք:

Եկեք տեսնենք, այս մարդիկ անկե՞ղծ են իրենց մտահոգություններում: Որովհետև եթե մարդը իրապես անկեղծ է, մտահոգ է, ուրեմն՝ նա պետք է մեր ազգին, եկեղեցուն սպառնացող ցանկացած վտանգի և ընդհանրապես, խորթ երևույթների մասին էլ մտահոգություն հայտնի:

Օրինակ, 1930-ականների ստալինյան ռեպրեսիաների դահիճներից մեկի թոռը հայտարարում է, թե երազում է Սովետի վերականգնումը: Ու միաժամանակ՝ եկեղեցու պաշտպանի դիրքերից քննադատում է այս իշխանություններին: Ու մեկը չկա, որ ասի՝ ընկեր ջան, դու ո՞նց կարող ես քրիստոնյա լինել, կամ՝ առաքելական եկեղեցու հետևորդ, եթե դու ցանկանում ես այդ նույն եկեղեցուն ու հոգևորականին հալածած պետության ռեինկարնացիան: Ոչ ոք, այդ թվում՝ Միհրան Հակոբյանը, այս մասին ծպտուն չի հանել:

Կամ՝ մի հատ մոլորյալ ոչխար, ռուսական անձնագիրը թափահարում է, թե բա ես հպարտ եմ, որ ռուսաստանցի եմ, ես ռուսական շահերին հավատարիմ եմ լինելու մինչև աշխարհի վերջ: Եվ նորից. ձայն չկա: Մեկը չասեց, ընկեր ջան, դու ո՞նց կարող ես հայ ազգի շահերով մտահոգված լինես, եթե այլ երկրի անձնագրով ես հպարտանում: Միհրան Հակոբյանի տրամաբանությամբ, Հայ առաքելական եկեղեցին ու հայ ազգը անքակտելի են, բա եթե ռուսաստանցին ոտնձգություն է կատարում մեր ազգի դեմ, ո՞ւր մնաց ձեր հավատքն ու համոզմունքը: Որ մեկ այլ մոլորյալ ոչխար հայտարարում է, թե Փաշինյանի դեմ բողոքելու է Պուտինին, ձեր մեջ չգտնվե՞ց գեթ մեկ հայ, որը թքեր նման բան ասողի վրա ու գոռար, թե այ ընկեր, դո՞ւ ոնց ես համարձակվում մեր վրա դրսից մարդ բերել, օտարի օգնությունը հայցել՝ մեր ազգի դեմ: Այդպիսի հայ չի գտնվել: Նկատի ունենք՝ իրենց ընդդիմություն հռչակածների շարքերում: Բա ձեր ի՞նչն է հայ: Օտարի սապոգի տակ «կզած» ապրելը՞: Սա՞ է ձեր պատկերացրած իսկական հայը: 

Եվ եթե դուք ձեզ չեք նույնականացնում հայի հետ, դուք բարոյական ի՞նչ իրավունք ունեք խոսել Հայ Առաքելական եկեղեցու մասին: Թող այդ մասին հայերը խոսեն: Նրանք, ովքեր իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ու հպարտ են ՀՀ քաղաքացու անձնագրով: 

Ուրեմն, այս մարդիկ կեղծավոր են, երեսպաշտ, նյութապաշտ, որոնց համար հոգևոր արժեքը սոսկ բառեր են, որոնցով քողարկում են իրենց տգիտությունը, հավատքի իսպառ բացակայությունը, օտար արժեքներին դավանելը: Այո, սրանք, որ առավոտից երեկո «սորոս-մորոս» են թմբկահարում, առաջինը հենց իրենք են ոտնահարում մեր ազգային արժեքները: Շատ պարզ ու բանական կերպով ենք այս ամենը բացատրում, օրինակներով, փաստերով, որ թպրտալու տեղ չունենան: 

Այս թեման բավական լայն է, մենք դեռ անդրադառնալու ենք սրան բազմիցս: Ասելու շատ բան կա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1133 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ