...

Բայց ինչ լավ էինք սկսել

Բայց ինչ լավ էինք սկսել

Էլի դաշնակիցն է մեղավոր

Գլուխներս ենք քորում. շաբաթն է ավարտվո՞ւմ, թե՞ մենք: Հայաստանը, Արցախը: Արդեն սկսենք ամփոփե՞լ մեր պատմությունը, թե՞ դեռ շանս կա, որ կարող ենք այս անասուն վիճակից դուրս գալ:

«Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը։ Մենք ենք լուծելու, և լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով։ Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է»:

Այ ընկերներ, այ տուպոյներ, մի հատ կարդացեք, լսեք, թե էս մարդն ինչ էր ասում դեռ 1997-ին: Դաշնակից չունենք: Ղարաբաղի հարցում: Հիմա բերել, հասցրել եք էս վիճակին, Ղարաբաղը լուծարել, թե սաղ ապիկար դաշնակցի պատճառով: Այսինքն՝ Ռուսաստանին դաշնակից էինք նշանակել, հիմա էլ աշխարհի թուքումուրը կապել: 

Ռուսների տանձին չի, թե իրենց ինչ եք ասում, ոնց եք ասում: Ուզում եք՝ օրը տասը անգամ գնացեք Ուկրաինա, շաբաթը մեկ ամերիկացիների ու ճապոնացիների հետ զորավարժություններ անցկացրեք, ժամը մեկ էլ հերոսական ստատուսներ գրեք, թե ոնց եք ռուսներից ինքնիշխանությունը պաշտպանելու: Մեկ է, իրենք անելու են այն, ինչը իրենց է հարմար, ոչ թե մեզ: Նույնը ամերիկացիները, ժողովրդավարական Եվրոպան, ավտորիտար Չինաստանն ու միլիարդանոց Հնդկաստանը: 

Այդպես էլ չկարողացանք յուրացնել քաղաքականության թիվ մեկ աքսիոմը. ոտքը վերմակի չափով մեկնել: Բայց մեր վերմակի, ոչ թե ռուսի կամ ամերիկացու: 25 տարի շարունակ դեգերելով յոնջայի դաշտերում՝ էսօր արածելու խոտհարքներից էլ եք զրկվում: 

Սխալ Հայաստան ունեինք

Ասում ենք, կարո՞ղ է էն 1990-ականների Հայաստանը պիտի չլիներ, դա տեսած չլինեինք, որ մտածեինք, թե այն, ինչ այսօր ունենք, այն, ինչ կա, այդպես էլ պետք է լինի, ուրիշ Հայաստան չի լինում, չի կարող լինել: Որ գոնե մի դարդից ազատվեինք: Չտանջվեինք այն մտքից, թե ինչ պետություն էինք սարքում ու ինչ անասնագոմի վերածեցինք մեր հայրենիքը: 

Մեզ էլ հետը կերեք, պրծեք

Հիմա էլ հայրենիքի փրկության հերթական պրոցեսն է սկսվել: Արդեն հաշիվն էլ ենք խառնել, թե որերորդ անգամ: Մի հատ էլ այստեղ ենք մեջտեղից կիսվում: Մի կողմից էս անիշխանությունն է, մյուս կողմից էլ՝ էս անընդդիմությունը: Մեկը Արևմուտքի պոչից է ուզում բռնվել, մյուսը՝ Ռուսաստանի: Հայաստանը ամենավերջինն է, որ սրանց հուզում է: Պարզ իշխանության խնդիր է: Ոնց որ դա եղել է 1998-ին, երբ հայրենիքի փրկության անվան ներքո իշխանության հարց լուծեցին ու թաղեցին Ղարաբաղի հարցը, հիմա էլ ով իշխանություն եղավ, թաղելու է Հայաստանի Հանրապետության հարցը: Արդեն Թաթարստանից են խոսում: Ավելի ու ավելի ակտիվ: 

Բայց շատ ենք վախենում, որ այս անգամ ներքաղաքական զարգացումները բախումների կվերածվեն: Չենք ուզում քաղաքացիական պատերազմի անունը, տալ, աստված չանի, բայց կողմերը շատ պնդաճակատ են, իշխանության հարցում որևէ կոմպրոմիսի գնալու ցանկություն չունեն: Չգիտենք, իսկապես չգիտենք, թե այս ճգնաժամն ինչով կավարտվի:

Խասյաթ, որից պրծում չկա

Մի բան ասենք, նեղանալ չկա. Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի չխոսի: Շատերն են ասում, թե թող մի բան ասի, տեսնենք: Բայց ինքը մի հատ ահավոր խասյաթ ունի. ինչ ասում է, վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս: Օրինակ՝ Փաշինյանին անվանեց «ազգակործան պատուհաս»: Մեզ թվում էր, թե ջղայնացած մի բան է, ասել է, բայց չէ, դրել, 10-ին է խփել: Գոնե ասեր. «ղարաբաղակործան պատուհաս» կամ «ազգավտանգ պատուհաս», մի քիչ մեր հեռանկարներն ավելի բարվոք կլինեին: Մի քիչ, բայց թպրտալու տեղ կմնար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   724 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ