...

ԲՀԿ-ն նորից փոշմանե՞լ է դավադրությանը միանալուց

ԲՀԿ-ն նորից փոշմանե՞լ է դավադրությանը միանալուց

Ուժային կառույցների ղեկավարների՝ ԶՈւ ԳՇ պետի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի պաշտոնանկությունները քաղաքական-հասարակական շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների առիթ են տվել։ Կարծիքներ են հնչում ինչպես այդ պաշտոնանկությունների, այսպես ասած, կենցաղային-առօրեական բնույթի, այնպես էլ ներքաղաքական գործընթացներով պայմանավորված լինելու մասին։

Ըստ առաջին խումբ կարծիքների, պաշտոնանկությունները կապ ունեն Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու՝ մեծ աղմուկ հանած հարսանիքի հետ։ Միգուցե կոնկրետ Արտակ Դավթյանի պահով այս տարբերակը ճշմարտանման լինի, սակայն ոչ այնքան համոզիչ է թվում հարսանիքի պատճառով ուժայիններին բլոկով պաշտոնանկ անելու տարբերակը։

Երկրորդ խումբ կարծիքների համաձայն, պաշտոնանկությունները կապ ունեն 5-րդ շարասյան էլեմենտների ու դրանց միացած ծառուկյանական ԲՀԿ-ի վերջին դեմարշի հետ, որով ուժայինների քթի տակ փորձ է կատարվում պետական հեղաշրջում կազմակերպել։ 

Այս իմաստով նմանություն է նկատվում 2018 թվականի հոկտեմբերի 2-ի հետ, երբ այդ ժամանակ խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն՝ իր նախկին կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, նախաձեռնեց ԱԺ գիշերային նիստ, որը նպատակ ուներ վիժեցնել խորհրդարանական արտահերթ ընտրությունները, խորհրդարանում պահպանել ուժերի դասավորությունը ու որոշ ժամանակ անց անվստահություն հայտնել 2018-ի մայիսին վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին, այդպիսով հասնելով ռևանշի։

Իհարկե, ոչ ամբողջությամբ, սակայն որոշակի նմանություններ կան 2018-ի հոկտեմբերի 2-ի գիշերային դավադրության ու այս օրերին կատարվող իրադարձությունների միջև։

Առաջին նմանությունը այդ երկու գործողությունների նպատակն է՝ տապալել հեղափոխական իշխանությունը ու վերականգնել քրեաօլիգարխիկ ռեժիմը։

Երկրորդ նմանությունը գործողությունների մասնակիցների կազմն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 2. ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ, մեր օրեր՝ ՀՀԿ ու ՀՀԿ-ամերձ շրջանակներ՝ յուր միշիկ-վանեցյաններով հանդերձ, դաշնակցաքոչարյանական շրջանակներ, ԲՀԿ։

Երրորդ նմանությունը իրադարձությունների զարգացումն է։

2018 թվականի հոկտեմբերի 2-ի դավադրությունը տապալվեց, խորհրդարանում հավաքված ժողովուրդը թույլ չտվեց դա։ Ապա հետևեց հեղափոխական իշխանության հետ կառավարություն կազմած ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարների պաշտոնանկությունը։ Շուտով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գլխի ընկավ, որ ՀՀԿ-ն իրենց ներքաշել է գիշերային անպտուղ ավանտյուրայի մեջ, փոշմանեց դավադիրներին միանալու իր կուսակիցների քայլից ու գնաց Նիկոլ Փաշինյանի դուռը՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար հուշագիր ստորագրելու։

5-րդ շարասյան ու դրանց միացած ԲՀԿ-ի՝ այս օրերին ծավալվող իշխանության տապալման դավադիր ծրագրերի փորձերին հետևեցին ուժայինների պաշտոնանկությունը, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսի ավարտի հետ ավարտվելու են սաբոտաժ անող այդ ուժերը ու հայտնվելու են քաղաքական պատմության աղբանոցում։ 

Ուշագրավ է ԲՀԿ-ականների պահվածքն այս իրավիճակում։ Օրինակ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե ինքը Գագիկ Ծառուկյանի հայտարարություններում ոչ թե կառավարության հրաժարականի պահանջ է տեսել, այլ իշխանության գործողությունների քննադատություն։ Այսինքն՝ տպավորություն է, որ ԲՀԿ-ն կարծես թե նորից փոշմանել է դավադիրների ծուղակը ներքաշվելու անհեռանկար քայլից ու նահանջի փորձեր է կատարում։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1323 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ