...

Քաղաքական ուժերի հայտարարությունները

Քաղաքական ուժերի հայտարարությունները

Մեր տեղեկություններով, քաղաքական ուժերն ու գործիչները պատրաստվում են լրջորեն պայքարել Լաչինի միջանցքի բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու դեմ և անգամ հայտարարությունների տեքստերն են պատրաստել, որոնք ամենայն հավանականությամբ կհրապարակեն օգոստոսի 24-ի երեկոյան։ Եվ այսպես․

ՀՅԴ

Հայրենակիցնե՛ր։ Թուրքահպատակ և ադրբեջանահաճո իշխանությունները հերթական աղետը բերեցին Հայրենիքի գլխին, բայց արցախյան շարժման ակունքներում կանգնած ՀՅԴ-ն հանձնառու է ևս մեկ անգամ միավորել աշխարհասփյուռ հայության ջանքերն ու նյութական կարողությունները՝ օրհասական այս պահին ի տես միջազգային ծախու հանրության Թուրքիո և Ազրպէյճանի դրոշներն այրելու ազգանվեր նպատակով։ Ո՛չ մեկ թիզ հող պիտի հանձնվի այն տարածքներից, որոնք արդեն հանձնվել են։

Ռոբերտ Քոչարյան

Սիրելի ժողովուրդ։ Եթե ես լինեի նախագա, էս ամեն ինչը տեղի չէր ունենա։ Որովհետև էդ լաչինսկի կարիդորը վաղուց «գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնած կլինեի մեր ստրատեգիչեսկի սայուզնիկին, Արցախն էլ կլիներ միասնական պետության կազմում։ Համ էլ՝ Աղավնոն ո՞րն ա, չէինք կարո՞ղ անունը դնել «Գոլուբ», Ներքին Սուսինն էլ՝ «Նիժնի Զատկնիս»։ 

Սիրելի ժողովուրդ։ Եթե ոտքի չկաղնենք՝ էս ներքին թուրքը մինչև քոքը մաշեցնելու ա Արցախը։ Ինձ ի՞նչ, ես այնտեղ ոչ մի կոպեկի ներդրում չունեմ, ձեր համար եմ ասում, եթե ուզում եք փրկեք՝ ինձ բերեք իշխանության, մնացածը ձեր գործը չի։

«Ժառանգություն»

Հավերժող ու ծաղկուն ժողովուրդ հայոց։ Բարև։ Ես վսեմաշուք տիկնոջը կոչ արեցի հորդորել կողակցին, որ չհանձնի Բերձորը և կանխի շրջապտույտը չարաղետ բումերանգի, բայց աղոթքս տեղ չհասավ, զի քահանան ադրբեջանցի էր։ Ե՛ս եմ մեղավորը, ե՛ս։ Եվ ահա համախմբումի ու համերաշխության ցուցակ եմ բերել։ Անունները կարևոր չեն, ես այդ ցուցակը պիտի փռեմ Սյունյաց լեռների լանջին, վրան նստեմ ու անժամկետ հացադուլ անեմ, քանի դեռ դատարկվում է երկիրը հայրենի։

ԲՀԿ

Սիրելի ժողովուրդ, ինչպես միշտ՝ այս ծանր օրերին ԲՀԿ-ն Բերձորի և Աղավնոյի ժողովրդի կողքին է։ Եթե մեր քույրերն ու եղբայրները որոշեն ոտքով գալ Հայաստան՝ պարոն Ծառուկյանը խմելու ջուրը կապահովի ու առաջինը սահմանին հասածներին ասենք թե համապատասխան տասը հատ «Նիվա» կհատկացնի։ Մի հատ էլ սահմանի վրա ինքնըստինքյան աշխարհի ամենաբարձր կոթուկը կկառուցի, որ հանկարծ ճանապարհը չկորցնեն։ 

Սերժ Սարգսյան

Անշուշտ, կապիտուլյանտը մաս-մաս հանձնում է հայրենիքը։ Իմ իշխանության տարիներին Լաչինի միջանցքում մթնոլորտը երբևէ այսքան գաղջ չէր եղել։ Բայց ես ընդունում եմ իմ բաժին մեղքը, որովհետև անշուշտ, այս կապիտուլյանտին ես եմ աճեցրել։ Ինձ թվում էր՝ իմ հաճախորդներին լավ եմ ճանաչում, բայց դե հիմա․․․ Փեսայից ո՞վ ա խեր տեսել։ Մի խոսքով՝ Ալիևն իրավացի էր, ես ու փեսաս սխալվեցինք։

Նիկոլ Փաշինյան

Բանը․․․ Անունը ի՞նչ էր․․․ Բա որ Բերձորը հայկական էր, ինչի՞ երգող շատրվաններ չկային։ Աղավնոյում քանի՞ ֆուդ-կորտ կար։ Հազիվ ձեր վիլլաների լողավազաններին էիք արծաթից ֆիլտրներ դնում, ճամպրուկներով գրիչներ էիք կաշառք տանում Բաղրամյան 26, գյուղատնտեսությունը դարձել էր տուգանքի մատերիալ, դիվանագիտությունը քյաբաբ առ քյաբաբ փռվում էր ասֆալտին, հիմա ինձ ե՞ք մեղադրում, որ մի էրկու բնակավայր եմ հանձնում։

Հանձնելը տալը չի, տալը պարտվելը չի, պարտությունը հաղթանակ է, ծովից ծով Հայաստանի սահմանները ձգվում են մինչև Չայզամի, ու կեցցեն Բերձորի ու Աղավնոյի երեխաները, որ ապրելու են որևէ ազատ ու երջանիկ երկրում, եթե ապաստան ստանան․․․ 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ