...

Բլից-վիրտուալ. Վալերիյ Օսիպյան

Բլից-վիրտուալ. Վալերիյ Օսիպյան

- Պարո՛ն ոստիկանապետ, այսօր վարչապետը ձեզ աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ոչ, իր առաջարկից հինգ րոպե առաջ ես աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել: Իմն է անցնում: Հիմա խորհրդականիս հետ հրաժարականի տեքստի վրա ենք աշխատում: 

- Լավ, բայց ինչի՞ այդ դեպքում հրաժարական տվեցիք: 

- Գիտեք, հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից, տեղի են ունենում զարգացումներ, որոնք անհամատեղելի են իմ անցյալի հետ: Երթևեկության նշան կա՝ «Stop» կամ «Կանգ առ», հիմա իմ երթևեկությանը «ստոպ» եմ տալիս: 

- Բայց հանրության մեծ մասը դժգոհ էր ձեր գործունեությունից, ասում էին, որ դուք չեք պատժում հանցագործներին, բազմիցս բաց եք թողել նրանց:

- Երբ նոր էի նշանակվել, վարչապետն ասաց, չէ՞, որ ոստիկանությունը պետք է կտրուկ փոխվի: Հիմա եթե մենք նախկինում ընդդիմության ներկայացուցիչներին բռնում, բաց չէինք թողնում, հիմա բռնում՝ բաց ենք թողնում: Չեղա՞վ, որ փոխվել ենք: Սրանից ավել ի՞նչ եք ուզում, էլի դժգոհ եք:

- Բայց, օրինակ, դատարանի առջև տեղի ունեցած միջադեպը ձեր օգտին չի խոսում: Քոչարյանի կողմնակիցները օրը ցերեկով մարդ ծեծեցին, ու ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:

- Դուք թերագնահատում եք ոստիկանության աշխատանքը: Ոստիկանությունը ամբողջությամբ այնտեղ վերահսկել է իրավիճակը: Ամբողջ միջադեպը մի քանի տեղից տեսանկարահանվել է, ծեծողների ինքնությունը պարզվել է, մատնահետքերը վերցրել էինք, կան վկաների համապատասխան ցուցմունքները, ծեծողների խոստովանությունները, դատաբժշկի եզրակացությունները: Եվ այդ ամենը՝ մի քանի ժամում ենք արել:

- Այդ դեպքում ինչո՞ւ նրանք ազատ արձակվեցին:

- Ապացույցներ չկային: 

- Նշանակում է՝ ոստիկանության աշխատանքից դժգոհելու առիթ կար:

- Դուք կենտրոնացել եք այդ մի դեպքի վրա, մինչդեռ անտեսում եք այն փաստը, թե վերջին շրջանում ինչքան հանցագործություններ ենք բացահայտել: Այ, հենց օրերս բացահայտեցինք 34 տարվա մի դեպք. պարզվեց, որ տուժածի նկուղից երեք բանկա «լեչոն» հարևանն էր գողացել: 

- Իսկ հիմա ի՞նչ եք անելու աշխատանքից ազատվելուց հետո:

- Մտադիր եմ գլխավորել Հայաստանի հոկեյի ֆեդերացիան: Ցանկանում եմ մինչև 2058 թվականը Հայաստանի հավաքականին դարձնել աշխարհի չեմպիոն:

- Շնորհակալություն հարցազրույցի համար:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ