...

«Պլյաժից» Հաղթանակի կամուրջով ոստիկանություն

«Պլյաժից» Հաղթանակի կամուրջով ոստիկանություն

Վալերիյ Օսիպյանը դարձել է ֆեյսբուքյան հայկական տիրույթի նոր ծագող «աստղը»։ Ֆեյսբուքահայերը սոցիալական ցանցը երեկվանից ողողել են Օսիպյանի լուսանկարներով, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկում Հաղթանակ կամրջի խաչմերուկը փակող Օսիպյանին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախկին ոստիկանապետը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Շատ օգտատերեր Օսիպյանին հարկ են համարել հիշեցնել բումերանգի օրենքը, թե ինչ բան է կյանքը՝ վերելակ, աստիճան, ի վերջո՝ «խիյար», որն այսօր ձեռքումդ է, իսկ վաղը՝ Սերժ Սարգսյանի ասած՝ որևէ թարս տեղ։ 

Հիշեցնենք, որ նոր Հայաստանում Օսիպյանի ոստիկանապետ դառնալը մեծ խանդավառությամբ ընդունվեց։ Դրան հաջորդեց Օսիպյանի՝ ուրիշների գլխին գործ սարքելու, մարդկանց անհիմն պիտակավորելու, նրանց շուրջ ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու շոուները։ Էլ չենք խոսում նրա կողմից ուղիղ հրահանգավորված ոստիկանական ապօրինի գործողությունների ու «օպերատիվ միջոցառումների» մասին։ Այնպես որ, միանգամայն հավանական է, որ Օսիպյանի՝ ոստիկանապետ եղած տարիներին, բազմաթիվ քաղաքացիներ տուժած լինեն նրա ապօրինի գործողություններից։ Ուստի՝ «02» հաղորդաշարի մեր գործընկերները կարող են իրենց հերթական հաղորդաշարի շրջանակներում տեղադրել Վալերիյ Օսիպյանի լուսանկարը և հանդես գալ հայտարարությամբ մոտավորապես այսպես․ «Այն անձինք, որոնք տուժել են Վալերի Օսիպյանի գործողություններից, կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժանմունք»։ Հաստատ դիմողներ կլինեն։

Գոհար Վեզիրյան 

Հ․Գ․ Լուսանկարներից մեկը երեկվա ակցիայից է՝ նախկին ոստիկանապետը բերման է ենթարկվում իր կոլեգաների կողմից։ Երկրորդ լուսանկարում Օսիպյանն է, որը նախարար դառնալուց հետո մեկնել է վաստակած հանգստի։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   14216 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ