...

Будьте помедленнее, мы записываем...

Будьте помедленнее, мы записываем...

Տամ-տարա-ռաա՜, տամ-տարա ռաա՜-ռաա՜... էս համարեք, որ «Սանտա-Բարբարա» սերիալի էն երաժշտական «զաստավկան» էր, դա պետք է լսել ու հետո հանգիստ տեղավորվել էկրանների առջև: 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց. «Այս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, որովհետև դրա հեղինակը Հայաստանն ու Արցախը ավիրած, կապիտուլյանտ Նիկոլն ա»: Այս խոսքերի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին զրկեց մինչև օրվա ավարտը դահլիճում նիստերին ներկա լինելու իրավունքից:

Դրանից հետ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր ելույթում ասաց. «Մերժված Սերժ Սարգսյանին խորհուրդ կտամ իր լարովի տիկնիկներին այստեղ չուղարկել, որովհետև Սերժ Սարգսյանը մերժվել է 2018 թվականին և այդ մերժված լինելու բեռն ամբողջ կյանքում տանելու է իր ուսերին»: Այս խոսքերի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Արփի Դավոյանին նախազգուշացում հայտարարեց և զրկեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից:

Մենք այսօր սահմանափակվելու էինք միայն այս երկու օրինակով: Բայց մինչև այս երկուսը գրեցինք, խորհրդարանում մի հատ ուրիշ դեպք էլ պատահեց. Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը ինչ-որ ռեպլիկ թողեց, որից հետո պատգամավորները սկսեցին հարաբերություններ պարզել, քաշքշել իրար: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս դեպքում անվտանգության աշխատակիցներ հրավիրեց:

Ուրեմն, ընտրություններից դեռ մոտ մի ամիս առաջ գրել էինք, որ նոր խորհրդարանում պարբերաբար այսպիսի տեսարանների ականատես ենք լինելու: Ամեն օր իրար կապիտուլյանտ ու մերժված են ասելու, թալանչի ու կաշառակեր, գող ու ավազակ, դավաճան ու հողատու, մարդասպան ու տեռորիստ: Որովհետև խորհրդարանում հայտնված ուժերն այնքան կանխատեսելի ու պրիմիտիվ են վարքուբարքում... իրենց գործողությունների, այսպես ասած՝ արեալը, այնքան սահմանափակ է, որ ծերից ծեր երևում է նրանց ունակությունների ռեսուրսը: 

Ու սա դեռ միայն խոսքակռիվն է: Հեռու չէ այն օրը, երբ սկսեն ձեռնամարտի անցնել: Այսօր արդեն դրա «գեներալնի ռեպետիցիան» եղավ: Այնպես են իրար գզելու, որ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը կարող են եղբայր-պատգամավորներ ճանաչվել:

«Սանտա-Բարբարայի» երաժշտությունը դրա համար էինք սկզբից միացրել: Որոհետև սա սերիալ է, որտեղ նույն դերասանները ամեն նոր սերիայում նոր տեսարաններ են ներկայացնելու:

Ի՞նչ պետք է անել: Նախ, պետք է մտցնել դեղին և կարմիր քարտերի համակարգը, ոնց որ՝ ֆուտբոլում: Ով իրեն խելոք չի պահում, Ալենը... Ալեն Սիմոնյանը (չբռնեն, մեզ էլ նախազգուշացում տան) նրան դեղին քարտ ցույց տա: Կրկնվելու դեպքում երկրորդ դեղին է տալիս, որը ավտոմատ վերածվում է կարմիրի և պատգամավորը հեռացվում է կրկեսադաշտից: Իսկ ով որ շատ կոպիտ և միտումնավոր խախտում է անում, օրինակ, ասում է՝ թուրքի լրտես, ջհուդասորոսագործակալ, դա «պրյամոյ» կարմիր է, միանգամից է հեռացվում: 

Եվ երկրորդը. դե, քանի որ խորհրդարանի ամբողջ տարածքը հեղեղված է անվտանգության աշխատակիցներով, միանգամից դահլիճում էլ մի քանի պոստեր տեղադրեք, յուրաքանչյուր խմբակցության կողքին՝ 2-ական պոստ, որ հենց կռվի հոտ է գալիս, կամ հակառակորդները սադրանքների են դիմում, անմիջապես պատասխան գործողություններով լռեցվեն և հեռացվեն: 

Առայժմ այսքանը: Տամ-տարա-ռաա՜, տամ-տարա ռաա՜-ռաաաաաա՜... Վերջ 126-րդ սերիային:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ