...

Ծանր լույսի ներքո

Ծանր լույսի ներքո

Նոյեմբերի 13-ին ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ, Հայոց Համազգային շարժման առաջնորդներից Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Թեև քոչարյանական բանդայի իր դեմ ուղղված ալիքի տակ նա արդեն շուրջ 20 տարի վտարանդի է, սակայն երբեք չի բացակայել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքից:

Շնորհավորում ենք մեծ գործչի տարեդարձը և ցանկանում շուտափույթ վերադարձ հայրենիք: Վանո, դու այսօր այստեղ անհրաժեշտություն ես:

«Չորրորդ իշխանություն», 14 նոյեմբեր, 2011թ.

Ծանր լույսի տակ չէին դիմանում։ Հեռացրին։ Վտարանդի դարձավ։ Վանոյի ներկայությունը միշտ էլ խանգարում էր մանր-մունր անիմաստ գոյություններին։

Հիշո՞ւմ եք` ոնց էր կանաչել Քոչարյանը, երբ մարդիկ գնացել էին Վանո Սիրադեղյանին դիմավորելու։ Արդեն պաշտոն չուներ, արդեն գործ էին սարքել վրան ու բորենիների նման սպասում էին հաշվեհարդարին։ Բայց մարդիկ դիմավորում էին իրենց Վանոյին։ Ու Քոչարյանը, նախանձից իրեն կորցրած, ասել էր, թե դիմավորողներն այնպես էին իրենց պահում, ասես Հիսուս Քրիստոսը լիներ։

Սկսեցին Վանոյից։ Առաջինը նա էր։ Ուզում էին ջնջել, վերացնել, կորցնել։ Բայց չստացվեց։ Բացառեցին միայն նրա ներկայությունը Հայաստանում, ֆիզիկական ներկայությունը։ Ինչո՞ւ։ Պատասխանը տվել է Հրանտ Մաթևոսյանը. «...Վանոն շատ դեպքերում մեզ անտեսանելին դարձնում է տեսանելի, չսիրելին` սիրելի, ներելի, տանելի։ Ասել է` նա մեր հայացքին ջերմություն է տալիս, ասել է` կյանքը մեզ սիրելի է դարձնում։ Իսկ եթե նրա գրիչով հյուսվող, բացահայտվող աշխարհը այնուամենայնիվ լավն ու սիրելի չէ, ապա միևնույն է` ընթերցողիդ պաշարում է ոչ թե հուսահատության ու վախի զգացումը, որ մեզ մեռելածին երևույթների առջև է կալանում, այլ միայն ու միայն կենսական հրճվանքի հրաշքը, որովհետև մենք ծնունդի, կայացման, կենդանության երևույթին ենք ներկա լինում։ Նրա գործուն ներկայությունը գրականության մեջ` այո, չափանիշների հաստատումն էր լինելու` նույնքան կարևոր մի բան, որքան պետական այրի ներկայությունը մեր բոլորիս հանրային կյանքում» (Վանո Սիրադեղյան, «Երկիր։ Ցպահանջ...», Եր., 2005 թ., էջ 6)։

Վանոյի ներկայությունից ազատվեցին ու երկրին պարտադրեցին իրենց փուչ գոյությունը։ Բայց Վանոյի կերպարը չկարողացան ջնջել ժողովրդի հոգուց։ Եթե չեք լսել, ասեմ։ Մինչև օրս էլ շատերն են կրկնում. «Բա Վանոն չլիներ, որ սրանց հախից գար»։ Փնտրում ու սպասում են նրան, անգամ լեգենդներ են հյուսում, թե ով, երբ, Հայաստանի որ անկյունում նրան տեսավ։  

Մեր «գրագետները» հաճախ են բողոքում` ասելով` ժողովուրդը գիրք չի կարդում։ Վանո Սիրադեղյանն ապացուցեց հակառակը։ Գիրքը փնտրում էին, ձեռքից ձեռք փոխանցում, ծայրեիծայր կարդում, քննարկում։ Կարդում էին բոլորը։ Մարդիկ իրենց դուր եկած էջերը պատճենահանում, պահում էին, որովհետև գիրքը չէր ճարվում։ Ոմանք անգամ հատվածներ էին անգիր հիշում, հրապարակախոսական արձակի հատվածներ։ Որովհետև իրենց մասին էր, մեր մասին էր, որովհետև ՀԱՅԵՐԵՆ էր, Չարենցի սիրած ճկուն ու բարբարոս հայերենը` առանց սեթևեթանքի, առանց թիթիզության։ Կասեք` հիմա էլ ուզում են Վանոյին փրկչի դերում տեսնել։ Ո՛չ, փրկիչներից այլ պահանջներ ունեն ու իրար չեն հարցնում.«Ինչո՞ւ էլ ոչինչ չի գրում»։ Խոսքին են կարոտում։ 

Երբ 98-99-ին Վանոյից ազատվում էին, ազատվում էին նրա խոսքից, դիպուկ ու դառը խոսքից։ Ու երբ 99-ին ԱԺ-ում իր վերջին ելույթն ունեցավ, ասացին գրական-գեղարվեստական է։ Բայց հերթական անգամ կուչ եկան...Հիմա տեսնենք` ինչու։

«Նախևառաջ ուզում են ամրապնդել իշխանությունը և ամրանալ Հայաստանում։ Ինչի համար նախ հարկավոր էր զավթել իշխանությունը։ Ինչպես միշտ, անխափան գործեց շանտաժը։ Նախագահին ու պաշտպանության նախարարին սպառնացին, որ պատանդ կպահեն մեր զորակոչիկներին, և նախագահը հրաժարական տվեց։ Հերթը հասավ Դեմիրճյանին, Դեմիրճյանը իրեն անհասկանալի ուժի առաջ իր տեղը զիջեց։ 

Ինչո՞ւ էր պետք իշխանությունը զավթել Հայաստանում։ Պետք էր, որովհետև իրենք չեն հավատում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ավելին, իրենց հարկավոր չէր խաղաղ կարգավորումը, որովհետև Ղարաբաղի քաղաքական էլիտան բնականաբար պիտի տեղ չունենար խաղաղ միջոցներով կարգավորված Ղարաբաղում։ Եվ իրենց ձեռք չէին տալիս երկրորդական տեղերը Հայաստանում։

Ուրեմն վերցնել իշխանությունը և ամրապնդվել։ Ամրապնդվել ըստ ամենայնի և միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։

Ամրապնդվել` կեղեքելով ու հարստահարելով աշխատող ու աշխատատեղ ստեղծող մարդկանց` ստիպելով հանել վերջին կոպեկը շրջանառությունից, այսպիսով բացառելով ոչ միայն արտադրություն և աճ, այլև կանգնեցնելով վերարտադրությունն անգամ։ Այդպես չի վարվում նվաճողն անգամ, որը խոհեմաբար տեղ է թողնում իր բանակը կերակրելուն։ Այդպես վարվում է երկրով անցնող ասպատակը։

Ամրապնդվել` կադրերով` դատարկելով Ղարաբաղը վերջին կարող ուժերից։ Եվ այս ընթացքը կասեցնել չի լինի։ Այս ընթացքը վերջի սկիզբն է, որովհետև երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով։

Ամրապնդվել` կլոր տարին դատախազություն և անվտանգության ու ոստիկանության մարմիններ քարշ տալով մեր երեխաներին, հարևաններին, ընկերներին, ազգականներին, բոլորին, ումից կարող են գույք ու փող խլել։

Ամրապնդվել` կատարելով հանցագործ ընկերական շրջապատի պատվերը` հաշվեհարդար տեսնել  իրավապահ մարմինների այն ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ, ովքեր իրենց պարտքը իրենց երկրի հանդեպ կատարել են գերազանցապես հստակ, այն կառույցներից, ովքեր կանգնած են եղել ղարաբաղյան պատերազմի թիկունքին։

Միաժամանակ այսպես են հատուցում ընտրապայքարի համար հանցագործներից վերցրած 8-10 միլիոն պարտքը։

.... Սրանք այնպիսի անպատկառությամբ են օժտված, որ ժողովրդին ու բանակին պարտության տանելուց հետո էլ փորձելու են մնալ իշխանության գլխին և քանի որ ոչ ոք դա չի հանդուրժելու, երկիրը ներքաշելու են այս անգամ քաղաքացիական պատերազմի մեջ» (Վ. Սիրադեղյան, «Երկիր։ Ցպահանջ...», Եր., 2005 թ., էջ 98-103։ Հատվածներ` 1999 թվի հունվարին ԱԺ-ում ունեցած ելույթից)։

Հիմա հասկացա՞ք` ինչից կուչ եկան։ Սա ոչ թե ելույթ էր, այլ դիագնոզ, դատավճիռ։

Իսկ Վանոյից չեն ազատվելու երբեք, գրողի և քաղաքացու նրա կերպարի առջև միշտ էլ տեսնելու են սեփական գաճաճ գոյությունը։

Լ. Ասատրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2031 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ