...

Ո՞վ էր Վանոյի դեմ փորձում ցուցմունք կորզել

Ո՞վ էր Վանոյի դեմ փորձում ցուցմունք կորզել

ԱՆՋԱՏՎԱԾ

Գլխավոր ոճրագործ ընկեր Ն. Հունանյանը իր ցուցմունքներից մեկում նշում է, որ ինքը և դեմքով, և անուններով գիտի բոլոր այն մարդկանց, ովքեր ԱԱՆ մեկուսարանում խոշտանգել են իրենց: Իսկ մյուս մարդասպան Կարեն Հունանյանը, զինդատախազության ՀԿԳ քննիչ Աշոտ Եղոյանին 09.02.2000 թվին խոստովանում է հետևյալը. «Այժմ ցանկանում եմ հայտնել ձեզ, որ երեկվա տված իմ ցուցմունքը՝ կապված Վանո Սիրադեղյանի մեր թիկունքում կանգնած լինելու հետ, իրականությանը չի համապատասխանում: Նման բան, այսինքն եղբայրս Վանո Սիրադեղյանի մասին ինձ երբեք ոչ մի բան չի ասել: Ես Վ. Սիրադեղյանի մասին ցուցմունք եմ տվել ինձ անծանոթ մի անձնավորության թելադրանքով և սպառնալիքի ազդեցության տակ և այժմ ցանկանում եմ հայտնել, թե երբ, որտեղ և ինչ հանգամանքներում է այդ անծանոթը սպառնալիքով ստիպել ինձ, որպեսզի իմ ցուցմունքում նշեմ Վանո Սիրադեղյանին, որպես մեր թիկունքում կանգնած և մեր գործը շարունակող անձի:

2000 թվի փետրվարի 6-ին ՀՀ ԱԱ նախարարության քննչական մեկուսարանի հսկիչներից մեկը իմ խցից ինձ հանեց և ուղեկցեց մեկուսարանի միջանցքի ձախ կողմի վերջին, սև կաշվեպատ դռնով սենյակը, որտեղ նստած էր ինձ անծանոթ մի տղամարդ, որին նախկինում՝ քննչական մեկուսարանում գտնվելու ժամանակ տեսել էի ևս երկու անգամ: Դա տեղի է ունեցել մեկուսարանում, երեկոյան վերջին զանգից մոտավորապես 20 րոպե առաջ: Սենյակում նստած տղամարդը ձեռքով ցույց տվեց սեղանի առջև դրված աթոռը, ես մոտենալով նստեցի աթոռին: Այդ տղամարդը նստած էր սեղանի կողքին՝ հակառակ կողմից: Իմ նստելուց հետո նա իր ատրճանակը հանեց դրեց սեղանին և սկսեց ինձ հետ խոսել: Նա ասաց, որ ինքը վերջին անգամ է եկել ինձ մոտ և այլևս խոսք չի լինելու, այլ՝ գործ: Նա ինձ տվեց 72 ժամ ժամանակ ու սպառնալից տոնով պահանջեց, որպեսզի ես ցուցմունք տամ, թե իբր իմ եղբայրը ինձ ասել է, որ մեր թիկունքում կանգնած է Վանոն և բանակում նրան մոտ կանգնած բարձրաստիճան գեներալները, որոնք մեր արածը պետք է շարունակեն: Ասաց նաև, որ ես նշեմ, թե իբր այդ բանը եղբորս ասել է Ալեքսան Հարությունյանը: Այս ամենը ասելուց հետո նա պահանջեց, որ ես հետագայում այլևս չհրաժարվեմ իմ տված ցուցմունքից՝ սպառնալով, որ եթե 72 ժամվա ընթացքում այդ ցուցմունքը չտամ, իմ եղբորը՝ Նաիրիին և ընտանիքիս իսկականից կսպանեն: Սպառնաց նաև ինձ, եթե ես հրաժարվեմ նման ցուցմունք տալուց, և եթե տալուց հետո էլ հրաժարվեմ ցուցմունքից, ապա ինձ նույնպես կսատկացնեն: Այդ ամենը ասելուց հետո նա ատրճանակը պահեց իմ վրա և քաշեց ձգանը, որից հետո լսվեց միայն չխկոց: Ես հասկացա, որ նրա ատրճանակը լիցքավորված չէր, որից հետո նա ասաց, որ մյուս անգամ, եթե իր ասածը՝ կապված Վանոյի հետ, չգրեմ, ապա ատրճանակը լիցքավորված կլինի: Ես այդ սենյակում նրա հետ միասին գտնվել եմ մոտավորապես 10-15 րոպե, և երբ ինձ տարան խուց, մոտ հինգ րոպե հետո տրվեց մեկուսարանում քնելու զանգը: Նշեմ նաև, որ այդ մարդը իր պահանջը դնելուց հետո դուրս եկավ սենյակից, որից հետո ինձ ուղեկցեցին խուց:

Քննչական մեկուսարանում իմ գտնվելու ժամանակահատվածում՝ անցած տարի, այդ մարդը ինձ մոտ է եկել առաջին անգամ 1999թ. նոյեմբերի կեսերին, իսկ երկրորդ անգամ դեկտեմբերի վերջին, քննչական փորձաքննությունը ԱԺ-ում կատարելուց հետո: Առաջին երկու անգամը նա ինձ մոտ է եկել մեկ այլ տղամարդու հետ և ասել է, որ եղբայրս և ընտանիքիս անդամները այլևս չկան, ավելացնելով հետևյալը, որ ինչպես մյուսներին են վերացրել առանց դատ ու դատաստանի, այնպես էլ ինձ կվերացնեն, ավելի լավ է ես ինքս ինձ վերացնեմ, կախվեմ, վերջանամ: Դուրս գալուց առաջ հարվածներ են հասցրել ու սպառնացել, որ ես այդ մասին ոչ ոքի չհայտնեմ: Նույն բանը նրանք արել են երկրորդ անգամ: Երկու անգամ էլ նրանք ինձ տարբեր հարցեր են տվել, ես ասել եմ, որ իմ ցուցմունքում պատասխանել եմ իրենց այդ պահին տված հարցերին, որի համար ինձ հայհոյել ու խփել են: Մի խոսքով, նրանց երկու այցելությունների նպատակը, իմ համոզմամբ, որքան ես եմ հասկացել, եղել է ինձ վախեցնելը և ապագայում այդ եղանակով իրենց պահանջը կատարելը: Վերջին անգամ այդ մարդը ինձ մոտ է եկել մենակ և ներկայացրել վերջնագիր, պահանջելով գրել այն ցուցմունքը, որ ես տվել եմ երեկ» (նկատի ունի իր գրած ցուցմունքը Վանո Սիրադեղյանի դրվագով):

Երբ քննիչը հարցնում է, թե ինչպիսի արտաքին ուներ այդ այցելուն, Կ. Հունանյանը պատասխանում է՝ «Այդ տղամարդը կլիներ մոտ քառասուն տարեկան, ուներ լայն ճակատ, կողքերից մազերը մի քիչ թափված, քունքերի մազերը մի քիչ սպիտակած, աչքերը՝ կամ սև, կամ էլ շագանակագույն: Հագել էր սև գույնի բկով, քիչ բարձր բկով սվիտր, սև շալվար և կոշիկ: Բաց մաշկով, կարճ կտրած մազերով: Հասակը մոտ 170-175, ինձնից քիչ ցածր: Կոստյում կամ վերարկու չկար, սվիտրի տակից չի եղել նաև վերնաշապիկ: Խոսում էր պարզ, հստակ, միջին բարձրության ձայնով, կարճ կարգադրողական տոնով: Ուներ լայն թիկունք, միջին կառուցվածքի, իմ զգալով ֆիզիկական պատրաստված, դա զգացել եմ նրա հարվածներից: Եթե ես տեսնեմ, ապա նրան անպայման կճանաչեմ: Մյուս տղամարդը նրանից բարձրահասակ էր, մոտ 180 սմ հասակով, ավելի երիտասարդ՝ մոտ 30-35 տարեկան, սև մազերով, լայն թիկունքով և ատլետիկ կազմվածքով: Հնարավոր է ճանաչեմ նաև այս տղամարդուն: Նշեմ նաև, որ ուներ կարճ կտրված մազեր»:

Իսկ երբ քննիչը մարդասպան Կ. Հունանյանին հարցնում է իրեն խցից դուրս բերողների մասին, նա պատասխանում է. «Առաջին երկու անգամ խցիկից ինձ հանողներին չեմ կարող հիշել, իսկ վերջին անգամ փետրվարի 6-ին խցից ինձ հանող հսկիչը, նիհար կազմվածքով, մոտ 160-165 սմ հասակով, իմ պատկերացմամբ մոտ 30 տարեկան, սև, կողքի սանրած ուղիղ մազերով տղա էր, որը ինձ ուղեկցեց մինչև մետաղյա դուռը, որտեղից էլ ինձ քննչական սենյակ ուղեկցեց մեկ այլ հսկիչ, որը ուներ չաղ կազմվածք, մի քիչ դուրս ընկած փորով էր, մոտավորապես 30 տարեկան, մոտ 165-170 սմ հասակով, կլորավուն դեմքով, սև կարճ կտրած մազերով: Եթե այս երկուսին տեսնեմ, ապա կճանաչեմ»:

Քննիչը հարցնում է՝ «Իսկ դուք այդ հսկիչների անունները գիտե՞ք, թե ոչ», Կ. Հունանյանը պատասխանում է. «Այս երկուսի անունները ես չգիտեմ: Մեկուսարանի հսկիչներից գիտեմ մի քանիսի անունները: Սմբատ, որը իմ մազերն է մեկ անգամ կտրել, Արմեն, որը նույնպես չաղլիկ է, հերթափոխի պետ Շավոյին, Մեխակին և Արայիկին: Ինձ խցից հանողը և ուղեկցողը սրանք չեն»:

Ատրճանակի մակնիշի հետ կապված քննիչի հարցին Կ. Հունանյանը պատասխանում է. «Ատրճանակի մակնիշը չեմ կարող ասել, բայց այն սովորականից մեծ էր և փայլուն, գույնը սպիտակավուն, իսկ բռնակը մուգ գույնի էր: Նշեմ նաև, որ ամեն անգամ այդ մարդու հետ հանդիպելու համար ինձ տարել են մեկուսարանի տարբեր սենյակներ: Առաջին անգամ միջանցքի ձախ կողմի սպիտակ փայտյա դռնով սենյակը, որտեղ դրված էր բազմոց, երկրորդ անգամ սև կաշվե դռնով սենյակը, որտեղ դրված է մեծ սեղան, դիմադիր փոքր սեղանով, իսկ վերջին անգամ նույն կողմի սև կաշվից դռնով վերջին սենյակը: Նրա մոտ տանելիս ոչ մի անգամ պահանջագիր չի գրվել, ինչպես որ արվում է քննիչների մոտ տանելիս: Երկրորդ անգամ այդ մարդու մոտ տանելուց հետո, հունվարի սկզբներին ինձ և կալանավոր Մերուժին տեղափոխել են այլ խուց, որտեղ գտվում եմ այժմ: Այդ իսկ առաստաղից դեպի կողքի պատը գտնվում է մի խողովակ, որը հենց իմ գլխավերևում է և, կարծես թե այդ տղամարդու ասածը կապված կախվելու հետ, կապ ունի ինձ հատկապես այդ խուց տանելու հետ» (Կարենի ձեռքով):

Այնուհետև 2000 թվականի փետրվարի 12, Կարեն Հունանյանին վերոնշյալ դրվագով հարցաքննում է ՀՀ գլխավոր դատախազության քննիչ Հարություն Հարությունյանը: Կարեն Հունանյանը, ըստ էության, կրկնել է 09.02.2000թ. զինդատախազության ՀԿԳ քննիչ Աշոտ Եղոյանին տված իր ցուցմունքի բովանդակությունը նույնությամբ, միայն ավելացնելով այսքանը. «Ալեքսան Հարությունյանի և Հարություն Հարությունյանի մասնակցության վերաբերյալ իմ ցուցմունքներն ամբողջությամբ ճիշտ են, և ես պնդում եմ դրանք: Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանին, ես պնդում եմ, որ իմ այդ ցուցմունքը ճիշտ չէ, ես նման փաստեր նշել եմ վախից ելնելով, երբ այդ անծանոթը ինձ ասաց, որ 72 ժամում պետք է նման բովանդակության ցուցմունք տամ, և որևէ բան չի ասել, թե կոնկրետ ինչ մեխանիզմով, ցուցմունքիս որ մասում պետք է նշեմ, բացի այդ հարցաքննության ընթացքում, ես քննիչին բանավոր ասացի, որ տվյալներ եմ ուզում հայտնել Վ. Սիրադեղյանի վերաբերյալ, որն էլ արձանագրվեց ցուցմունքիս տվյալ հատվածում»:

15 փետրվարի 2000թ. նորից ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Հ. Հարությունյանը լրացուցիչ հարցաքննում է Կարեն Հունանյանին նորից վերոնշյալ դրվագով և որի ընթացքում նույնպես Կարեն Հունանյանը, ըստ էության, պնդել է նախորդ ցուցմունքները, միայն ավելացնելով, որ զինդատախազության քննչական խմբից ոչ մեկը չի եղել այն անձնավորությունը, որն իրեն պարտադրել է Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալու: Կարեն Հունանյանը պարբերաբար նկարագրել է անծանոթի դեմքն ու դիմագծերը և նշել, որ նրան տեսնելու դեպքում անպայման կճանաչի: Կ. Հունանյանը իր ցուցմունքում նշում է նաև, որ իրեն պարտադրող «անծանոթը» նույնպես համոզված էր, որ Վանոն իրենց կատարած գործողությունների հետ ոչ մի առնչություն չունի: Նա մեկ այլ տեղ նշում է, որ «եթե որևէ անգամ եղբայրս Վանոյի անունը տար, ես երբեք այդ քայլին չէի գնա, բայց նա Վանոյի նկատմամբ միշտ բացասական վերաբերմունք է ունեցել»: Կ. Հունանյանը մեկ այլ տեղ ասում է. «Եթե որևէ անգամ պարզվեր, որ այս ամենի մեջ Վանոն մասնակցություն ունի, ես պատրաստ եմ ինձ հրապարակային գնդակահարության»: Մեկ այլ ցուցմունքում էլ ոճրագործը Վ. Սիրադեղյանին համարում է ազգի թշնամի:

Մ. Սարգսյան

Հ.Գ. Ամենայն հավանականությամբ, ՆԳ քր.հետ. գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանը («Կրակեմ Հրաչ») պարտավոր է ունենալ մեկուսարանում ոճրագործ Կարեն Հունանյանի հետ կատարվածի պատասխանը, քանի որ հենց Հրաչյա Հարությունյանն է, որ Ռ. Քոչարյանի հրամանով ընդգրկվել է 27-ի գործով քննչական խմբի մեջ որպես օպերատիվ գործողություններն իրականացնող խմբի ղեկավար: Եթե չասենք, որ ինքը կարող է լինել թերևս ամենաիրազեկն ամբողջ քննչական խմբի մեջ, որը տեղյակ է, թե ում է նկարագրում Կարեն Հունանյանը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 389, սեպտեմբերի 17, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   461 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ