Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է. «Կաթողիկոսի մոտ երեխայի առկայությունը վնասում է նրանով, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են զբաղվել հավաքագրումով՝ հաշվի առնելով նման խոցելիությունը», և ակնհայտ համարել, որ Մայր Աթոռը վերահսկվում է դրսից։
«ՉԻ». Հիշո՞ւմ եք 1998-ին Վանո Սիրադեղյանի նամակը Վազգեն Սարգսյանին, որտեղ Վանոն զգուշացնում էր, թե Քոչարյանն ինչ վտանգ է ներկայացնում և ինչ աղետներ է բերելու Հայաստանի ու Արցախի գլխին:
Ապշեցուցիչ արդիական են այդ նամակում Սիրադեղյանի ներկայացրած փաստարկները: Ոնց որ հիմա գրված լինի: Ու ոչ թե Քոչարյանի, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին:
Ահա մի հատված հայտնի նամակից, ինքներդ դատեք.
«Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին…
Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր: Հայաստանն էլ այլ երկիր է:
Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը»:
Այնպես որ, երկիրը աղետի հասցնելու ոճն ու ձեռագիրը նույնն են: