...

Չեն ուզում աշխատել վարչապետի աշխատակազմում

Չեն ուզում աշխատել վարչապետի աշխատակազմում

«Վարչապետի աշխատակազմում 2021 թվականին 599 միլիոն դրամի պարգևատրում են բաժանել: 2021 թվականին աշխատողների աշխատավարձերին ու հավելավճարին ուղղվել է շուրջ 2 միլիարդ 460 հազար դրամ, պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին՝ 599 միլիոն դրամ, քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրմանն էլ՝ 149 միլիոն 3489 հազար դրամ»,- այս մասին տեղեկացրել է 168․am-ը։ Մեկ այլ ուշագրավ թիվ էլ կա հրապարակման մեջ․ «Համաձայն վարչապետի՝ 11.02.2021 թ. որոշման, աշխատակազմի հաստիքների թվաքանակը սահմանվել է 696 միավոր, որը 26.05.2021թ․ որոշմամբ փոփոխվել է՝ կազմելով 692 միավոր: Պարզվում է, սակայն, որ 2021թ. վարչապետի աշխատակազմում մշտապես առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց թիվը տատանվել է 156-170 միջակայքում: Վերջին եռամսյակում թափուր է եղել հաստիքների 23-25 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում աշխատավարձի տնտեսված ֆոնդից տրվել է 288 միլիոն 932 հազար դրամի պարգևատրում: Միայն դեկտեմբեր ամսին թվով 15 հրամանների համաձայն՝ հատկացվել է 198 միլիոն 138 հազար դրամի չափով պարգևատրում, որի արդյունքում որոշ աշխատակիցներ տարբեր հրամաններով պարգևատրվել են մինչև 4 անգամ»,- նշվում է Հաշվեքննիչ պալատի զեկույցում:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է պարգևատրումների քաղաքականությունը։ Նկատենք՝ որքան պարգևատրումների թիվը մեծանում է, այնքան հանրային կառավարման համակարգի քաոտիկ շարժումը ակտիվանում է։ Կարճ ասած՝ պետական համակարգերում այսօր շունը տիրոջը չի ճանաչում։ Նաև այս է պատճառը, որ չնայած պարգևատրումների գայթակղությանը, այնուամենայնիվ, մարդիկ չեն շտապում համալրել թափուր հաստիքները։ Արդյունքում՝ 170 թափուր պաշտոն կա վարչապետի աշխատակազմում։ Ոչ կրճատում են թափուր հաստիքները, ոչ էլ դրանց համար դիմորդներ կան։ Դրա համար էլ նույն աշխատակիցը տարբեր հրամաններով 4 անգամ պարգևատրվում է մեկ ամսվա կտրվածքով։ Ի դեպ՝ այս շռայլությունը Փաշինյանի վարկանիշը չինովնիկական շրջանակներում չի բարձրացնում, այն շարունակում է կայուն ցածր մնալ։ Չէ, այնպես չէ, որ պաշտոնյաները ալերգիա ունեն պարգևատրումներից և չեն սիրում դրանք, պարզապես նրանցից շատերը գերադասում են աշխատել որոշակիության, այլ ոչ թե ամենօրյա անակնկալների ռեժիմով։

Գոհար Վեզիրյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1867 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ