...

Չհանգուցալուծելու դեպքում կարելի է միացնել իշխանությունների հեռացման հետհաշվարկը

Չհանգուցալուծելու դեպքում կարելի է միացնել իշխանությունների հեռացման հետհաշվարկը

Առաջիկա օրերին կամ հեղափոխությունը կհաղթահարի վերջնական խոչընդոտներից մեկը, կամ էլ պատմության մեջ կմտնի իբրև ձախողված հեղափոխություն: Փորձերը ներկայացնել ներկա հակամարտությունը Փաշինյան-Թովմասյան անձնական հարթության համատեքստում, կրում են մանիպուլյացիոն և մակերեսային բնույթ: Դատական իշխանությունը վերջինն է, որ դիմադրություն է ցույց տալիս և այն կապիտուլյացիայի չենթարկելու դեպքում, կունենանք ռևանշի ուժերի հակահարձակում և որպես արդյունք մինչև հիմա ձեռք բերված հաջողությունների զրոյացում: 

Երկար փնտրտուքներից հետո, կարծես իշխանությունը գտել է ելքը և կազմակերպում է վերջնական գրոհը: Ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ այդ գրոհի ճանապարհին:

Առաջին. «Իմ Քայլը» խմբակցությունն ամբողջ կազմով չքվեարկի փոփոխությունների օգտին: Կա այդպիսի վտանգ: Տեղի է ունենալու փակ գաղտնի քվեարկություն, և նախկինները կարող են փորձել սեպարատ համաձայնության գալ իշխանական մի քանի պատգամավորի հետ: Ի վերջո, խաղասեղանին շատ լուրջ խաղաքարտ է դրված: Այս քվեարկությամբ ոչ թե լուծվում է Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների ճակատագիրը, այլ հստակ կանխորոշվում է՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ունենալու են անձեռնմխելիություն, թե՝ ոչ: Հանուն անձեռնմխելիության, վերոհիշյալ անձինք կարող են իշխանական պատգամավորներին անել շատ ավելի լուրջ առաջարկներ, քան մինչև հիմա արել են: Այս քվեարկությունը նաև կպատասխանի հարցին, թե կա՞ արդյոք վտանգ, որ առաջիկա ամիսներին, ռևանշի ուժերը կփորձեն խորհրդարանի կողմից անվստահության գործընթացի փորձ սկսել Փաշինյանի վերաբերյալ: Եթե այս փորձը հաջողությամբ պսակվի, ապա անվստահության գործընթացը նոր թափ կհավաքի:

Երկրորդ. Խորհրդարանական ընդդիմությունն ամբողջ կազմով ստորագրի և դիմի ՍԴ: Հակամարտությունը մտել է վճռական փուլ. կողմերից ոչ մեկը մյուսին չի խնայելու: Չի փորձելու պահել մյուս թիմում ներդրված ականներին: Հայտնի է, որ ներկայումս կան հարուցված բազում քրեական գործեր և արգելանքներ Ծառուկյանի բիզնեսների վրա: Այս վերջին գործոնը դեր կխաղա ԲՀԿ-ի դիրքորոշման վրա: Կախված գործերի լրջությունից, Ծառուկյանը պետք է ընտրություն անի, որ կողմից են սպառնում ավելի շատ վտանգներ: Իսկ այն, որ նա միշտ իր բիզնեսի համար ընտրում է չարյաց փոքրագույնը, վաղուց ապացուցման կարիք չունի:

Երրորդ. Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի ԱԺ ընդունած օրենքը: Փաշինյանը շտապեց տեղեկացնել, որ կա լիարժեք փոխըմբռնում ներքաղաքական հարցերի շուրջ: Բայց Սարգսյանը բավական բարդ և խորամանկ ախոյան է և սպասելու է մինչև վերջ՝ հասկանալու, թե կողմերից որի հնարավորություններն են ավելի մեծ հաղթանակի հասնելու գործում: Եթե Սարգսյանը տեսնի բարդություններ և ձախողվելու հեռանկար, ապա անգամ նախնական տրված խոստումը որևէ նշանակություն չի ունենա:

Չորրորդ. Միջազգային հանրության արձագանքը: Լինելու է միջազգային շատ կոշտ արձագանք, բայց իշխանության վճռականությունից ու քաղաքական կամքից է կախված, թե ինչպես կհաղթահարվի այդ փուլը: Դիվանագիտական շատ լուրջ հմտություններ են անհրաժեշտ, որ հնարավորինս կարճ և առանց հետևանքների մնա այդ արձագանքը: 

Վիճակը նետված է: Եթե իշխանությունը տեղի տա ուղղորդված քննադատությանը, ֆեյսբուքյան «էլիտայի» պատվիրված դեմարշներին և չգնա մինչև վերջ, ապա հոդվածի սկզբում նշված հեռանկարը շատ արագ կչոքի իշխանության դռներին: Սահմանադրական Դատարանի ճգնաժամը հրատապ չլուծելը նշանակում է մեկ բան՝ կարելի է միացնել գործող իշխանությունների հեռացման հետհաշվարկը:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1613 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ