...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Ապրիլյան պատերազմն ու Լևոն Տեր-Պետրոսյանը

Անցնող շաբաթ ներքաղաքական զարգացումներն անսպասելիորեն երկրորդ պլան մղվեցին: Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումներ սկսվեցին, որը ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց:

Թե ոնց սկսվեց, ով սկսեց, մերոնք քանի գեներալ խփեցին, ադրբեջանցիներն ինչպես պատասխանեցին, այդ ամենը իմաստ չունի այստեղ ներկայացնել, քանի որ բոլորն էլ ուշադիր հետևում են լրահոսին, հայտարարություններին, միջազգային արձագանքներին: 

Ավելի լավ է խոսենք Սերժ Սարգսյանից: Հիմա կասեք, ինչի՞ Սերժ Սարգսյանի մասին,  էս մարդն ընդհանրապես ձայն չի հանել: Այո, այո, հենց նրա համար, որ ձայն չի հանել:

Եկեք հիշենք 2016-ի ապրիլյան պատերազմը: Ծանր օրեր էին, լայնածավալ հարձակում, երկու տեղ հակառակորդը պաշտպանական գիծը ճեղքել էր, կորուստներ շատ ունեինք: Հիշում ե՞ք, հետո ինչ եղավ: Մարդիկ մոռացան ներքաղաքական հարցերը: Կամավորների ջոկատները հերթով Արցախ էին մեկնում: Մարդիկ բերանի հացը կտրում էին, որ զինվորների համար սնունդ, ծխախոտ, հագուստ գնեին, ուղարկեին Արցախ: Միասնականության ոգին էր այդ օրերին թևածում Հայաստանում և Արցախում:

Իսկ ինչպե՞ս իրեն պահեց ընդդիմությունը: Կոնգրեսը հայտարարեց, որ «անկախ գործող իշխանությունների հետ եղած մեր հակասություններից, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին սպառնացող արտաքին ագրեսիայի վտանգի դեպքում բոլորս պատրաստ ենք միավորվել ագրեսիան հետ մղելու գործում»: Հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, որը դրական ընկալվեց Հայաստանում, ոգևորություն առաջացրեց, նույնիսկ դրսում մեծ արձագանք եղավ: Հետո Առաջին նախագահը մեկնեց Արցախ, այնտեղ հանդիպեց Բակո Սահակյանի հետ, հանդիպումից հետո էլ ի լուր աշխարհի հայտարարեց, որ «Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ»: Այսինքն, բոլորին հասկացրեց, որ պատերազմի ժամանակ կանգնած են իշխանությունների կողքին:

Տավուշի մարտերն ու Սերժ Սարգսյանը

Արդեն քանի օր է, ինչ ծանր մարտեր են ընթանում Տավուշի մարզում: Սերժ Սարգսյանը ծպտուն չի հանել: Գոնե երկուտողանոց հայտարարություն աներ: Լավ, ձայն չի հանում, բայց գոնե կարող է, չէ՞, զանգահարել Մարգարիտ Եսայանին, ասի՝ տիկին ջան, այս օրերին ռեխդ փակի: Կներեք, որ այսպես ենք արտահայտվում, բայց ճար չկա. բերանը մտքեր շարադրելու համար է, իսկ ռեխը՝ զառանցելու: Ներքին կարգով Սերժ Սարգսյանը կարող էր իր հանրապետական շարքերին կոչ անել, որ մինչև իրավիճակի կայունացումը զերծ մնան զառանցելուց: Մանավանդ արդեն տեսել է, գիտի, թե նման իրավիճակներում ինչպես է նորմալ ընդդիմությունն իրեն դրսևորել: 

Ես մի զառանցանքն եմ քո կռվի

Սա էլ ձեզ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև եղած տարբերություններից հերթականը: Թե ով ինչպես է ընկալում պետականությունը: 

Դրա համար էլ, թե հիմա քոչարյանական-միշիկական որ լրատվամիջոցը բացում ես, այնպիսի տպավորություն է, թե հանրապետականները, նախկին իշխանավորները անտեր, անտուն են մնացել, որբ են դարձել, դրա համար ստուդիաներում են բնակվում: Օրերով այնտեղից դուրս չեն գալիս: Ինչեր են զառանցում, ինչեր են դուրս տալիս, գրում, դա վեր է մարդկային երևակայությունից: Միայն Մարգարիտ Եսայանը չի, նրա նման էլի մի քանի հոգի հայտարարեց, թե ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի որդին հենց զորացրվեց, նոր կռիվը սկսվեց: 

Կամ էլ՝ բերանից «բուղ» փչելով, «հրաքյաթ» տալով, անընդհատ հայտարարում են, թե քաղաքական իշխանությունները Տավուշի մարզում ձեռք բերած ռազմական հաջողությունների հետ կապ չունեն: Ինչ արել, չի արել, գեներալ Խաչատուրովն է արել: Այո, ինքն իրեն դրել, մտածել է, թե ինչ անեմ, մի քանի բարձունք վերցնեմ, հետո վերցրել է, նոր հաջորդ առավոտ իշխանությունները զարթնել են, տեսել են, որ այդպիսի բան է եղել: 

Ռանչպարների կլանչը

Հա, ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանը կապ չուներ Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտի ընթացքում մնացած ռազմական գործողությունների հետ, այնքան էլ Նիկոլ Փաշինյանը կապ չունի Տավուշի դեպքերի հետ: Սրանց մնա, կհայտարարեն, թե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են այս ամենը պլանավորել: Այսինքն, որ վաղը հանկարծ իշխանության գան, Էդիկ Մինասյանը հաստատ պատմության գրքերում այդպես էլ կգրի: 

Զգացվում է, էլի, որ մեռնում են, միջից պայթում, գժվում են, որ հայկական զինված ուժերը որոշակի հաջողությունների են հասել: Դրանցից ում ձեռքերին ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ բոլորի եղունգները կրծած է: Կատաղությունից:

Բանը հասել է նրան, որ «Ադեկվատի» Լիկա Թումանյանը եթերում ասում է. ինչի՞ են 2 ՍՈՒ-30 կործանիչները օդ բարձրացրել, այս տնտեսական ծանր վիճակում ինչի՞ են այդքան վառելիք ծախսում: Հանրային ռադիոյի փոխտնօրեն է եղել: Այսինքն, էլ ասելու բան չունեն, ինչից են կախվում: Դե հիմա մենք չենք, դուք եք, ի՞նչ անուն տանք այս ամենին:

Հ.Գ. Քոչարյանի մասին ընդհանրապես չենք խոսում, քանի որ նա Տավուշում բիզնես չունի:

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ