Նիկոլ Փաշինյանի՝ բութ համառությամբ երեք նախագահներին «բանավեճի հրավիրելու» մտասևեռումն ակնհայտորեն լավ մտածված քարոզչական կոմբինացիա է, որին արժե անդրադառնալ ավելի հանգամանորեն։
Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին ասելու բան առանձնապես չկա․ Բուլգակովը շատ լավ նկարագրել է պրոֆեսոր Պրեոբրաժենսկու և Շարիկովի հարաբերությունները, իսկ նրանց միջև որևէ առարկայական բանավեճ, բնականաբար, հնարավոր չէր, Նիկոլի ամենօրյա բարբաջանքներն էլ մեկնաբանության կարիք առանձնապես չունեն, որովհետև շատ չեն տարբերվում Շարիկովի հանրահայտ «աբըռվալգ»-ից։ Ինչ վերաբերում է երեք նախագահներին միասին բանավեճի հրավիրելուն, ապա խնդիրը ոչ այնքան բուն առաջարկն է, որքան Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նույն հարթության մեջ տեղադրելն ու որպես «բանավեճի միասնական կողմ» ներկայացնելը։ Իբր՝ մի կողմում ինքն է, մյուս կողմում՝ այդ երեքը, ու նրանք երեքով սխալ են եղել, ինքը՝ ճիշտ։ Պարզ ասած՝ Նիկոլն անգամ բանավեճի ֆորմատն է կեղծում, որովհետև եթե երբևէ նման բանավեճ տեղի ունենա՝ մի կողմում պիտի լինեն ինքը, Սերժն ու Քոչարյանը, իսկ մյուս կողմում՝ Տեր-Պետրոսյանը։ Ու իրենք երեքով պիտի փորձեն «համատեղ ուժերով» բացատրել, թե ինչո՞ւ ամեն մեկն իր ժամանակին մերժեց ղարաբաղյան խնդրի փոխզիջումային կարգավորումը՝ «մենք այդ հարցը լուծել-պրծել ենք»-ով, «բանակցությունները սեփական կետից սկսելով», Լավրովի պլանը մերժելով, «Արցախը Հայաստան է, և վերջ»-ով, ու թե ինչպե՞ս պատահեց, որ արդյունքում ունեցանք այսօրվա վիճակը։
Սա, իհարկե, չի նշանակում, թե Նիկոլի ու երկրորդ և երրորդ նախագահների միջև տարաձայնություններ չկան։ Բայց որո՞նք են այդ տարաձայնությունները։ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, ասուլիս է տալիս ու հեգնում, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի «ամենահրապուրիչ մասը» տալիս է ուրիշներին, բախտներս բերել է՝ աղջիկ չի ծնվել․․․ Ճիշտ է ասում, պարզապես ժամանակին ինքն էլ էր Հայաստանի «ամենահրապուրիչ մասերը» պարտքի դիմաց տալիս ուրիշներին, ու էլի բախտներս բերել էր, որ աղջիկ չի ծնվել։ Զգացի՞ք մոտեցումների նույնականությունը։ Երկուսն էլ Հայաստանն ընկալել են որպես իրենց կողմից ասպատակված անտեր տարածք, երկուսն էլ որոշել են վաճառքի հանել այդ տարածքի «ամենահրապուրիչ աղջկան», ու հիմա ընդամենը վիճում են, թե ո՞ւմ գիրկը նետեն, ո՞ր կլիենտն ավելի շատ փող կտա։
Գործնականում դա արտահայտվում է այսպես՝ Քոչարյանն ասում է «ռուսներին տանք», Նիկոլն ասում է «չէ, բերեք ամերիկացիներին տանք, նրանք շատ փող ունեն, համ էլ՝ ռուսները քցող են, իրենց գործն անում են ու փողը չեն տալիս»։ Ու Նիկոլ Փաշինյանին այդ «բանավեճը» ձեռնտու է, որովհետև ճիշտ է, ամերիկացիները Հայաստանն Ալբանիա են կոչում, իրեն՝ «մյուս տղա», բայց ինքն առայժմ կարողանում է հասարակության մի մասին համոզել, որ իրական կլիենտը ոչ թե թուրքերն ու ադրբեջանցիներն են, այլ ամերիկացիները, և նրանք, ճիշտ է, կարող են «ամենահրապուրիչ աղջկան» ստիպել ծառայություններ մատուցել նաև «երրորդ կողմերին», բայց՝ միայն ՀՀ իշխանությունների համաձայնությամբ։ Դե ՀՀ իշխանություններն էլ իրենց համաձայնությունը կտան, ի՞նչ է պատահել, «փողի՛ն մուննաթ»։ Հարցն ընդամենը այն է, թե ո՞վ կլինի «ՀՀ իշխանությունը», և ըստ այդմ՝ փողը դոլարո՞վ կվերցնեն, թե՞ ռուբլով։
Ու հենց այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը համատեղ ուժերով փորձում են դարձնել նախընտրական Հայաստանի հիմնական օրակարգը՝ համատեղ ուժերով էլ պայքարելով նրանց դեմ, ովքեր դեմ են երկիրը տարածաշրջանային մարմնավաճառ դարձնելուն։
Մարկ Նշանյան