...

Աջակցել է պետք կարտոֆիլագործներին

Աջակցել է պետք կարտոֆիլագործներին

Կարտոֆիլն այս տարի էժան է

Դժվար իրավիճակում են հայտնվել Շիրակի մարզի կարտոֆիլագործները:

Այս տարի կարտոֆիլի մեծածախ վաճառքի գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի էժան է, որը ոչ միայն եկամուտ չի ապահովում, այլև նույնիսկ չի արդարացնում կատարած ծախսերը՝ ֆերմերներին զրկելով ապրուստի նվազագույն միջոցներից:

Ազատան համայնքի հողատարածքների մոտ 200 հեկտարը կարտոֆիլի ցանքատարածություններն են զբաղեցնում: Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ գյուղացիներն շատ են օգնել անտոկոս վարկերը: Թեև պետությունն աջակցել է բերքի մշակման հարցում, բայց գյուղացիներն այժմ իրացման խնդրի առաջ են կանգնել. այսօր ինքնարժեքից ցածր կարտոֆիլ են վաճառում:

Համայնքի ղեկավարի հաշվարկով՝ կարտոֆիլի մեկ կիլոգրամի ինքնարժեքը մոտ 100 դրամ է կազմում, բայց իրենք այսօր ամենալավ որակի բերքը կիլոգրամը 70 դրամով են վերավաճառողներին հանձնում:

«Արտադրել ենք, բայց չգիտեմ՝ ինչ ենք անելու այդ կարտոֆիլի հետ: Տեղական սերմով արտադրած կարտոֆիլի ինքնարժեքը 80-85 դրամ է կազմում, իսկ Եվրոպայից ներկրված սերմի դեպքում ՝ 110 դրամ: Ստացվում է, որ ինքնարժեքով էլ չենք վաճառում, այլ՝ ինքնարժեքից ցածր գնով: Կարտոֆիլի մեկ հեկտարի վրա մոտ 2 մլն դրամի ծախս է արվում, իսկ սերմացուն դրսից ներկրելու դեպքում ծախսն ավելի շատ է լինում, հետևաբար, ինքնարժեքն ավելի բարձր է կազմում»,- ՉԻ»-ի հետ զրույցում նշեց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ նաև սխալ տնտեսվարման պատճառով են գնային նման տատանումները: Ասում է՝ երբ Շիրակի մարզում էլ սկսեցին Արարատյան դաշտի և Ստեփանավանի հետ միասին վաղահաս կարտոֆիլ մշակել, շուկայում լճացում եղավ, գներն ընկան:

Անելանելի վիճակում են նաև Գեղարքունիքի մարզի ֆերմերները: Առայժմ սպառման միակ շուկան տեղականն է:

«Կիլոգրամը 60-80 դրամով վաճառում ենք վերավաճառողներին: Դա շատ ցածր գին է, մեր ներդրած գումարները չենք կարողանում հետ բերել, եկամուտ չենք ստանում, միայն չարչարանքն է մնում»,- դժգոհեց Գեղարքունիքի մարզ Աստղաձորի բնակիչ Աշոտ Խաչատրյանը:

Անտոկոս վարկերի արդյունքը

Նա ու որդին 20 տարվա մեջ առաջին անգամ են գյուղում մնացել: Կորոնավիրուսը փակեց Ռուսաստանի Դաշնություն տանող ճանապարհը, և նրանք ստիպված եղան ապրուստը հայրենիքում վաստակել:

Թակել են բանկի դուռն ու պետության կողմից անտոկոս տրամադրվող վարկերից օգտվել, ձեռք բերած վարկով կարտոֆիլ են ցանել: Գեղարքունիքի մարզի տղամարդկանց մոտ 80 տոկոսն արտագնա աշխատանքի են մեկնում, այս տարի չկարողանալով դուրս գալ, հող են մշակել։ Աստղաձորում բերքն այնքան շատ է, որ տեղական շուկայում կրկնակի էժան է վաճառվում:

Հիմա կարտոֆիլը հողից հանելու ժամանակն է, բայց Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով ոչ ոք ձեռքը բահ վերցնելու սիրտ չունի:

Մեկ շաբաթ առաջ է՝ կարտոֆիլագործ Աշոտ Խաչատրյանը բերքի որոշակի քանակություն հանել է, բայց այդքան էլ ուրախ չէ բերքի որակից: Կարտոֆիլը հողում փտել է՝ պատճառը եղանակն է եղել:

«Եղանակը սկզբից չորային էր, մի կերպ ջրով կարողացանք բերք ստանալ: Բույսը ժամանակից շուտ ջրեցինք և պայմաններ ստեղծվեց, որ բերքը հողում փչանա: Միջին հաշվարկներով՝ հեկտարից 20-30 ցենտներ բերք ենք սպասում: Նորմալ է, էլի»,- ասաց ֆերմերը:

Չնայած բերքի որակից դժգոհ են, բայց վստահեցնում են, որ բերքը շատ-շատ է՝ կարող են և՛ տեղում վաճառել, և՛ արտահանել, և՛ հակառակորդի դեմ կռիվ տվող բանակին անվճար ուղարկել:

90 հեկտար կարտոֆիլի բերքահավաքն ուշանում է Ախպրաձոր համայնքում: Ամեն տարի հոկտեմբերի մեկից ամբողջ գյուղը դաշտում էր, բայց արդեն 7 օր է՝ ոչ մի ֆերմեր հողամաս չի մտնում: Արցախում տիրող վիճակը գյուղացիներին այս պահին բերքի մասին մտածել չի թողնում:

Բերքը հողից չհանելու պատճառով է թերևս, որ շուկայում շարժը կանգնել է, իսկ վերջին օրերին էլ կարտոֆիլի գները՝ մի փոքր բարձրացել:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ