...

Ծովահենները հույս ունեն փրկության ափ հասնել Վենետիկի ջրերով

Ծովահենները հույս ունեն փրկության ափ հասնել Վենետիկի ջրերով

Շարքային քաղաքացիներից շատերը դժվար են պատկերացնում, որ գործող ՍԴ-ն կարող է «փրկարար խմբի» դեր խաղալ Քոչարյանին և «Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրվողներին քրեական հետապնդումից ազատելու հարցում:

Ինչպե՞ս, ո՞նց, ի՞նչ կապ ունի ՍԴ-ն «Մարտի 1»-ի գործի ու Քոչարյանին այդ գործից չոր դուրս բերելու հետ. այս օրերին շատերն են նման հարցադրումներով դիմում մեզ: Բավական է վերհիշել այս գործի մոտ տարիուկես տևող ոդիսականը, այն տակտիկական քայլերը, որոնք արվեցին դատավորների ու պաշտպանական թիմի կողմից, և կուրվագծվի «Ինչպես փրկել Քոչարյանին» բազմակոմբինացիոն ծրագիրը: Այդ ծրագիրն այժմ հասել է նախավերջին փուլին, որին նախորդել են հետևյալ գործողությունները: 

Operacia 1. Սկսենք նրանից, որ Քոչարյանի գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի տխրահռչակ դատավոր Դավիթ Գրիգորյանը անցյալ տարի մայիսին որոշեց փոխել Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան անձնական երաշխավորության դիմաց: Նույն դատավորը, այնուհետ, Քոչարյանին առաջադրված մեղադրանքի` ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականությունը պարզելու հարցով մայիսի 20-ին կասեցրեց «Մարտի 1»-ի քրեական գործի վարույթն ու ուղարկեց ՍԴ: Գրիգորյանը ՍԴ-ից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։ 

Operacia 2. Ահա այստեղ է, որ ՍԴ-ն մտավ խաղի մեջ և կատարեց մի քայլ, որի նպատակը որքան հնարավոր է` շատ ժամանակ ձգելն է, այնքան ժամանակ, մինչև... հայտնի ասացվածքի պես` «կամ էշը սատկի, կամ` իշատերը»: ՍԴ-ն, ինչպեսև պլանավորված էր, որոշում կայացրեց «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնել: Ապա այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով 2018-ի հուլիսին դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկյան հանձնաժողով: Հարկ է նշել, որ եթե ՍԴ-ն չդիմեր Քոչարյանի ասած «պոլիտբյուրոներին», ապա ՔՕ սահմանադրականության հարցը պետք է քններ անցած տարվա օգոստոսի 20-ին: Սակայն դատաքննությունը կսկսվի միայն միջազգային կառույցների խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո:                                                  

Հիմա, փաստորեն, եկել-հասել է այն հանգրվանը, երբ պետք է ստացվեն «դիվանբաշիների» պատասխանները: Եթե պարզվի, որ հոդվածը հակասահմանադրական է, ապա հարուցված քրեական գործը ենթադրաբար կկարճվի, իսկ ՍԴ-ն աչքն անգամ չի թարթի այս հարցով իր բաժին քայլն անելիս ու Քոչարյանին և մյուսներին փրկելիս: Թեև նշենք, որ ակնկալվող կարծիքները խորհրդատվական բնույթի են և կարող են կիրառվել ըստ հայեցողության: Ի դեպ, Քոչարյանի պաշտպանները դատարանին արդեն իսկ դիմել են գործը կարճելու միջնորդությամբ:

Նախավերջին դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Նախօրեին տեղի ունեցած նիստում էլ դատավորը հայտարարեց. «Պաշտպանության կողմի միջնորդությունների լուծումը հետաձգել` մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը` գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումով»: Պաշտպանների միջնորդության հիմքում ընկած է ժամանակին «իրավական խայտառակություն» բնորոշված հայտնի «Յոթի գործը»։ Քոչարյանի փաստաբանները հույս ունեն, որ այս կարճված գործի նախադեպը (մասնավորապես կարճման հիմնավորումը), կարող է 10 և ավելի տարի անց էլ օգնել իրենց պաշտպանյալին պատժից պլստալու հարցում: 

Վենետիկյան ուշացումներ  

Հիշեցնենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ քոչարյանական աղբյուրին հղում անելով թերթերից մեկը գրել էր, թե մինչև փետրվարի վերջ Վենետիկի հանձնաժողովից կստացվի պատասխանը, իսկ ՄԻԵԴ-ից պատասխանն ակնկալվում է մարտի 23-24-ի միջակայքում: Մարտի առաջին շաբաթը շուտով կավարտվի, սակայն վենետիկներից դեռ խեր-խաբար չկա: Նկատեք, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը դեռ հուլիսին ասել էր, թե Վենետիկի պատասխանը կարող է մինչև հինգ ամիս ձգձգվել, բայց արի ու տես, որ արդեն 8 ամիս է ձգձգվում: Գուցե արդեն ստացվել է պատասխանը, սակայն ՍԴ-ն ու Քոչարյանի փաստաբանական թիմը չեն շտապում այն հրապարակել, ինչը թերևս նրանց մարտավարական քայլերից մեկն է: Փոխարենը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվողների փաստաբանները արդեն տեղական դատարանում արդեն որերորդ նիստն է «գլուխ են արդուկում», թե տխրահռչակ 300.1 հոդվածն ունի «որոշակիության խիստ ցածր որակ և հակասահմանադրական լինելու խիստ բարձր հավանականություն»

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Այն, որ Վենետիկի հանձնաժողովն ու նախկին իշխանությունը փոխհամաձայնեցված են աշխատում և կասկածներ կան, որ որոշակի կոռուպցիոն սխեմայի շրջանակում, փաստում է մի հանգամանք: ՍԴ-ն, ինչպես գիտենք, կարող էր Վենետիկի հանձնաժողով դիմել և հիշյալ հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը ստանալ հրատապ ընթացակարգով, եթե, իհարկե, շահագրգռված լիներ մեղադրանքի սահմանադրականության հարցն արագ պարզել, այսպիսով արագացնելով նաև դատական պրոցեսը: Սակայն չարեց, քանի որ, ըստ ամենայնի, դա էր նախատեսված Քոչարյանի փաստաբանական խմբի պլանով` ՍԴ-ում քննվելիք գործընթացը կասեցնել, մինչև հնարավոր կլինի համոզել դրսին, որ ՀՀ-ում իսկական «իրավական վակխանալիա» է, նախկին նախագահները քաղաքական հետապնդման են ենթարկվում, գործը «ջուր» է, «օդ» է` հընթացս լոբբինգ անելով միջազգային կառույցներում և հիշյալ հոդվածի վերաբերյալ ցանկալի կարծիք կորզելով:  

Ռևանշի շտաբի անդամները նաև հույս ունեին, որ մինչ «բարիկենդանները» կանեն «մեկ, երկու, երեք, չորս», իրենք կանեն «մեկ, երկու, մեկ, երկու»` կկարողանան կալանքից ազատել գլխավոր ամբաստանյալին ու գլուխ բերել հակահեղափոխությունը` դրանից բխող հետևանքներով: Ահա թե ինչու են ՍԴ-ն հռչակել վերջին բաստիոն, քանի որ այն միակ նավն է, որի միջոցով «ծովահենները» հույսն ունեն հանգրվանել փրկության ափ:   

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ