...

Քոչարյանը մնացել է «պոլիտբյուրոների» հույսին

Քոչարյանը մնացել է «պոլիտբյուրոների» հույսին

Քոչարյանական թերթերից մեկը, օրերս հղում անելով իր աղբյուրին, գրել էր, թե «Քոչարյանի գործով առաջիկայում անակնկալ է սպասվում», և հիշեցրել. «ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ-ին դիմել է անձեռնմխելիության և 300.1 հոդվածի խնդրով։ «ՄԻԵԴ-ում գործընթացը երկար է տևում, ՀՀ դատախազությունից, փաստաբաններից պետք է կարծիքներ ստանան, նոր պատասխանեն։ Որոշումը կլինի մարտի 23-24-ի միջակայքում, ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա այն մինչև փետրվարի վերջ կգա»,- ասաց մեր աղբյուրը:

2 կառույցի կարծիքն էլ իրավական ուժ չունի, ի՞նչ «անակնկալի» մասին է խոսքը։ «Այո, դրանք խորհրդատվական են, սակայն որևէ պետական մարմին, դատարան թեկուզ խորհրդատվական կարծիքի դեմ որոշում չի կայացնի, դրանք այնքան հեղինակավոր կառույցներ են, որ նրանց դեմ չեն գնա: Կարծիքներն ստանալուց հետո ՍԴ-ն պետք է որոշի՝ օրենքը (մեղադրանքը) համապատասխանո՞ւմ է ՀՀ սահմանադրությանը, թե՞ ոչ, եթե որոշում կայացրեց, որ չի համապատասխանում, մեղադրանքը պետք է կարճվի»: 

Հիշեցնենք, որ ՍԴ-ն հիշյալ երկու կառույցներին դիմել էր մոտ 7 ամիս առաջ` 2019-ի հուլիսին: Այս ողջ ընթացքում Քոչարյանի պաշտպանական թիմի մարտավարությունը` ամեն կերպ, զանազան միջնորդություններով ձգձգել դատաքննությունը, մեկ խնդրի է ծառայում` սպասել, թե ինչ կասեն հիշյալ երկու միջազգային ատյանները: Պաշտպանական կողմի այսպիսի մարտավարությունը նման է անբուժելի հիվանդություն ունեցողին «բուժող» այն բժշկի կեցվածքին, որը ոչ մի կերպ չի համակերպվում հիվանդի ախտորոշման հետ ու որոշում է ամեն կերպ վիճարկել այն. բազմակի անալիզներ նշանակել, հույս ունենալով, թե հրաշք տեղի կունենա, անալիզների պատասխանը գուցե ի նպաստ հիվանդի լինի: 

Փաստը, որ նախքան վերոհիշյալ կառույցներից ստացվելիք կարծիքները թերթի քոչարյանական աղբյուրը (ենթադրում ենք` նրա գրասենյակի ղեկավարը), շտապում է «անակնկալի» մասին խոսել, նշանակում է, որ «ռեսուրսակիրներին» հաջողվել է «պոլիտբյուրոյից» խաբրիկ մը ստանալ, ըստ որի, Քոչարյանի քրեական «անալիզի» պատասխանը ոնց որ թե հուսադրող է` հօգուտ մեղադրվողի. «անակնկալ» բառի գործածումն է հուշում: Հաշվի առնելով նախկին իշխանության կողմից կիրառվող քարոզչության որակն ու շեշտադրումները` հասարակությանը ամեն տեսակ մանիպուլյացիաներով «կերակրելը», նման փաթեթավորմամբ տեղեկության շրջանառումը գուցե քարոզչական նպատակ ունի, որով փորձ է արվում ազդել հանրային կարծիքի վրա և նախապատրաստել Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հնարավոր կարճմանը: Եվ բացի այդ, հաշվի առնելով, թե ինչպիսի կազմով ՍԴ ունենք այժմ, որին ատամներով պաշտպանում է նախկին իշխանությունը, կարելի է կանխատեսել, որ Հրայր Թովմասյանի «կանտորան» առանց «օֆ» քաշելու կառաջնորդվի ՄԻԵԴ-ի և Վենետիկի «խորհրդատվական կարծիքով», եթե իհարկե բանը հասնի գործը կարճելուն: Սակայն դեպքերից առաջ չընկնենք և, աչքի առաջ ունենալով «Մարտի 1»-ի գործով ընթացող դատական գործընթացի տեմպը, նշենք` առնվազն մինչև փետրվարի վերջ` Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ստանալը, փաստաբանական թիմը ձեռքից եկածն անելու է դատավարությունը ձգձգելու համար:  

ՔՕ-ն համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ

2015թ. ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 16-րդ գլխում կոնկրետ ժամկետների մատնանշմամբ հստակ պահանջ էր սահմանված օրենսդրական դաշտը ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Մասնավորապես,  210-րդ հոդվածով նախատեսված են Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովի կանոնակարգի, Կուսակցությունների մասին սահ­մանադրական օրենքի, Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի, Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքների` Սահմանադրությանը համապատասխանեցնելու և ուժի մեջ մտնելու ժամկետները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Բացի այդ, ՀՀ նախագահի 2016թ. փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրով հաստատվել էր 2015թ. ընդունված Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը։ Դրանցում, սակայն, ՀՀ քրեական օրենսգիրքը նշված չէ: Արդյոք սա չի՞ նշանակում, որ սույն օրենսգիրքը, դրանում առկա որևէ հոդված, այդ թվում` 300.1 հոդվածը, որով էլ մեղադրանք է առաջադրվել Քոչարյանին, ՀՀ Սահմանադրության հետ որևէ անհամապատասխանություն չունի, այլապես Սերժ Սարգսյանի ժրաջան իրավաբանները մինչև իշխանությունից զրկվելը վաղուց էին այն փոփոխելու և մայր օրենքի տառին, հոգուն ու ոգուն համապատասխանեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: 

Վենետիկի հանձնաժողովը 10 տարի առաջ տվել է իր գնահատականը

Մի կարևոր դիտարկում էլ անենք. երբ 2009-ին փոփոխման ու լրացման ենթարկվեց ՀՀ ՔՕ-ն ու վերանայվեցին մասնավորապես 225 և 300 հոդվածները, այդ ժամանակ սույն հոդվածների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (օրենքի նախագծի համահեղինակը) դիմել էր Վենետիկի հանձնաժողով ու ստացել դրանց վերաբերյալ դրական կարծիք: 

«Առաջարկվող փոփոխությունների վերլուծություն» վերնագրի ներքո, մասնավորապես փոփոխված 300 հոդվածի վերաբերյալ (իշխանությունը յուրացնելը) Հանձնաժողովը կարծիք էր հայտնել. «Առաջարկվող փոփոխությունները, ըստ ամենայնի, ընդունելի են: Դրանցում պատշաճ կերպով սահմանվում են երկու առանձին հանցագործություններ` իշխանությունը զավթելը և իշխանությունը պահելը...»:

Իսկ ահա 300.1 հոդվածի վերաբերյալ, որով արդեն առանձին է սահմանվում «սահմանադրական կարգը տապալելը», Հանձնաժողովը նույնպես դրական կարծիք է հայտնել. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը, ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»: Այսինքն, եթե 2009-ին չհստակեցվեր 300 հոդվածը ու որպես առանձին հանցանք չսահմանվեր սահմանադրական կարգի տապալումը, ապա  Քոչարյանը այսօր պետք է մեղադրվեր «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ, քանի որ նրան այսօր մեղսագրվող 300.1 հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի տարրերը համադրելի են 2008թ. գործած 300-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ: 

Հարց է առաջանում` Վենետիկի հանձնաժողովը արդյոք 10 տարի անց խմբագրելու է իր տված վերոհիշյալ եզրակացությունը և դրան հակասող գնահատական է տալու` հանուն Քոչարյանի փրկության: Հազիվ թե: Քոչարյանին ու նրա պաշտպանական թիմին մնում է հույսը դնել ֆորսմաժորի վրա: Հուսանք` Վենետիկում առաջիկայում ջրհեղեղներ չեն սպասվում: 

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Քոչարյանի փաստաբաններից մեկը վերջերս մամուլում վերլուծել էր 300.1 հոդվածն ու եզրակացրել, որ այն չի համապատասխան եվրոպական չափանիշներին: Իսկ այն մասին, որ հոդվածը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը` ոչ մի խոսք:  

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ