...

Դաշնակիցները

Դաշնակիցները

Եվ այսպես, Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և դա ներքաղաքական պայքարը դարձնելու է բավականին հետաքրքիր ու ոչ ստանդարտ։

Ինչու ոչ ստանդարտ՝ որովհետև մի կողմից ընտրությունները վերածվելու են Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև կենաց-մահու պայքարի, մյուս կողմից՝ Կոնգրեսի դեմ պայքարելու հարցում այդ երկուսի միջև տիրելու է լիակատար համերաշխություն։ Թե ինչու՝ հասկանալի է։ Այդ երկու ուժերից յուրաքանչյուրը դիմացինի մեջ իդեալական մրցակից է տեսնում և պայքարելու է, որ հանկարծ երրորդ բևեռը «չմտնի մատի և մատանու արանքը»։

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի համար իսկապես այնպիսի մրցակից է, որի մասին կարելի էր միայն երազել։ Որովհետև պետական կառավարման բոլոր ոլորտներում ձախողված, պատերազմում խայտառակ պարտություն կրած ու դրանից հետո էլ ահագնացող մարտահրավերների դեմ ջայլամի կեցվածք ընդունած մեկը կհամարձակվեր ինքնահրկիզվելու փոխարեն սեփական իշխանությունը երկարաձգելու հայտ ներկայացնել միայն մի դեպքում՝ եթե հասարակությունը որպես հիմնական այլընտրանք տեսներ Քոչարյանի նման գործչի՝ արյունոտ անցյալով ու մինչև կոկորդը կոռուպցիայի մեջ թաթախված մեկին։ Ուստի հասկանալի է, որ սեփական աթոռին սոսնձված Փաշինյանը պիտի ամեն ինչ աներ, որպեսզի հասարակությունը հենց Քոչարյանին ընկալի որպես իր իշխանության հիմնական այլընտրանք։ Ու նա կարողացավ հասնել դրան՝ տարօրինակ մեղադրանքներով մի քանի անգամ բռնել-բաց թողնելով Քոչարյանին ու այդպիսով նրան դարձնելով քաղաքական գործոն։

Քոչարյանն իր հերթին միայն մի դեպքում կարող էր իր ակնհայտորեն հանցավոր անցյալով ու գրեթե համընդհանուր ատելության պայմաններում իշխանությունը վերադարձնելու շանս ունենալ՝ եթե օրվա անմեղսունակ իշխանությունները կործանման եզրին հասցրած լինեին երկիրը, կորցնեին Արցախը, վտանգեին Սյունիքն ու ընդհանրապես՝ պետականությունը, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պետական մակարդակի հասցնեին գանձագողությունը, ատելության ու ցինիզմի առումով գերազանցեին անգամ իրեն, և այլն։ Կարո՞ղ էր արդյոք Քոչարյանը համարձակվել մեծ քաղաքականություն վերադառնալ ու անգամ հաջողության շանսեր ունենալ, եթե որպես հիմնական մրցակից ունենար շատից-քչից նորմալ քաղաքական ուժ։ Ոչ իհարկե։ Այդ դեպքում «ամենաերիտասարդ թոշակառուի» հիմնական մտահոգությունը կլիներ քրեական պատասխանատվությունից խուսափելը, թալանածը նվազագույն կորուստներով փրկելն ու որևէ արևադարձային երկրում հեռանկարային ներդրումներ անելը։ Բայց Նիկոլ Փաշինյանի նման պատուհասը նրա առջև վիթխարի հնարավորություններ բացեց՝ հույսեր արթացնելով, որ հնարավոր է վերադառնալ իշխանության, ինչը, բիզնեսի տեսանկյունից, շատ ավելի գայթակղիչ է, քան ցանկացած հեռանկարային ներդրում աշխարհի ցանկացած երկրում։

Ցավալին այն է, որ երկու արկածախնդիրների այս տղայական մենամարտի ցանկացած ելքի դեպքում պետությունն է տուժելու, բայց դա երկուսին էլ առանձնապես չի հետաքրքրում։ Մեկը հանուն փող վաստակելու անսահմանափակ հնարավորությունների վերադարձի է պայքարում, մյուսը՝ հանուն հիվանդագին փառամոլության, իշխանատենչության, կառավարական առանձնատների ու պարգևավճարների, և իհարկե՝ գինու շշի կողքին փռված-քնած լուսանկարի տակ հազարավոր «լայքեր» տեսնելու հեռանկարի։ Մեկն ինքն իրեն «միակ տղամարդ» է համարում զուտ այն պատճառով, որ վճռական պահերին կրակելու համարձակություն է ունեցել (երևի նրան թվում է, թե մյուսներն այդպես չեն վարվել ընդամենը վախից կամ վճռականության պակասից), մյուսն ինքն իրեն չգնահատված Փրկիչ է համարում։ Մինչդեռ նորմալ պետություն և գիտակից հասարակություն ունենալու դեպքում մեկի տեղը բանտը պիտի լիներ, մյուսինը՝ հոգեբուժարանը։

Արմեն Բաղդասարյան

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ