...

Դատավարությունը՝ ներքին և արտաքին քաղաքական անհրաժեշտություն

Դատավարությունը՝ ներքին և արտաքին քաղաքական անհրաժեշտություն

Ներքաղաքական դիսկուրսում հայտնվել է մի թեզ, որն ակտիվորեն շրջանառվում է. ի՞նչ է տալու հայաստանցիներին և Հայաստանին Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի մյուս առանցքային մեղադրյալների դատավարությունը: Հարցադրում անողները հաճախ նաև պատասխանում են իրենց առաջադրված հարցին՝ ոչինչ, չի տալու հաց ու ջուր շարքային հայաստանցուն: 

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդքան ուշադրություն սևեռել մեկնարկող դատավարության վրա: Պետք է անկեղծորեն խոստովանել՝ սա միայն գլխավոր մեղադրյալի կողմնակիցների կողմից դաշտ նետված արհեստական օրակարգ չէ: Այս հարցը տալիս են նաև մարդիկ, ովքեր կասկած չունեն՝ ում հրամանով են կրակել ժողովրդի վրա: Նրանք անկեղծորեն հարցնում են` արժի՞ այդքան ժամանակ կորցնել և ռեսուրս դնել մի քանի հանցագործի պատժելու համար: Չէ՞ որ այդ նույն ժամանակը և ռեսուրսը ճիշտ կլինի օգտագործել հասարակության բարօրության բարձրացման համար: Քոչարյանի «աջակիցներին» իսկապես իմաստ չունի որևէ բան բացատրելու ու հակադարձելու: Այդ մարդիկ աշխատում են ժամավճարով և նրանց իրենց աշխատավարձից բացի այլ բան չի հետաքրքրում: Այլ է խնդիրը անկեղծ հարցապնդում անողների դեպքում: Եթե նախկինում մարտի 1-ի դատավարությունն ուներ միայն ներքաղաքական ասպեկտ, այժմ ունի նաև արտաքին քաղաքական բաղադրիչ:

Նախ, դատավարությունը և մեղավորներին պատժելը դաս կլինի բոլոր հաջորդ իշխանությունների համար, որ բռնությամբ և բանակի օգտագործմամբ անթույլատրելի է ներքաղաքական խնդիրները լուծելը: Դա իր հերթին լուրջ ազդակ կլինի ցանկացած ուժի, որ ընտրություններ կեղծելը հղի է նման զարգացումներով: Իսկ ընտրությունները չկեղծելը, ժողովրդի քվեն չգնելը, իշխանությունների խաղաղ փոփոխությունը ինքնին ժամանակի ընթացքում բերում են ժողովրդի հացի ու ջրի ավելացմանը: Գաղտնիք չէ, որ մարտի 1-ի գործը նաև որոշ ուժերի կողմից օգտագործվում է հայաստանցիների և արցախցիների միջև սեպ խրելու նպատակով: Գործի ամբողջական բացահայտումը կնպաստի, որ այդ «կռվանը» նրանք նույնպես կորցնեն: Հասարակությունը կիմանա և կտեսնի, որ ժողովրդի դեմ հանցագործությանը մասնակցել են և՛ հայաստանցիներ, և թե՛ արցախցիներ: Եվ նրանց չի միավորել ծննդավայրը, այլ մոտիվը եղել է իշխանությունը պահպանելը և հարստությունը բազմապատկելը: Արտաքին քաղաքական առումով, դատավարության կայացումը և մեղավորների դատապարտումը լավագույնս կընդգծի Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը: Հակառակ որոշ ուժերի տրամադրվածությանը, արդարադատության իրականացումը կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկը: 

Հ.Գ. Երկար դատավարության առումով: Աշխարհում քիչ չեն դատապարտված նախկին նախագահները: Նրանցից որևիցե մեկի դատավարությունը չի տևել մի քանի ամիս: Դա տարիների գործընթաց է: Փոքր երկրներում մեծ հարստություն դիզած անձնավորությանը դժվար է մի քանի ամսում դատապարտելը: Պետք է համբերատար սպասել և պահանջել արդարադատության իրականացում: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ