...

Քոչարյանը արդարացվեց, հիմա էլ Փաշինյանին արդարացնելու ժամանակն է

Քոչարյանը արդարացվեց, հիմա էլ Փաշինյանին արդարացնելու ժամանակն է

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքով պահանջել է բեկանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ այս վճռի համար հիմք է հանդիսացել Հայաստանի դեմ ներկայացված բողոքի մասով Եվրադատարանի վերջերս կայացրած վճիռը, համաձայն որի՝  2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։ «Նման դեպքերում պարտադիր է համապատասխան դատական ակտերը վերանայելու պահանջը։ Գլխավոր դատախազը, նոր հանգամանքի հիմքով, բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան և միջնորդել է, որպեսզի 2010 թվականին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատական ակտերը վերանայվեն, բեկանվեն, ճանաչվի և հռչակվի Նիկոլ Փաշինյանի անմեղությունն իրեն մեղսագրվող արարքներում, որը նշանակություն անձի ներկայում, նախկինում իրականացրած գործունեության, զբաղեցրած պաշտոնի հետ որևէ առնչություն չունի։ Կրկնում եմ, օրենքի պահանջ է, իմպերատիվ պահանջ է, առկա է կոնկրետ ՄԻԵԴ-ի որոշումը, և նման դեպքերում նման իրավական գործընթացի նախաձեռնումը հստակ պահանջ է, ինչը և դատախազության կողմից իրականացվել է»,- պարզաբանել է Աբրահամյանը։

Դատախազը քիչ ժամանակ ունի։ Ներիշխանական կուլիսներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արթուր Դավթյանը շուտով լքելու է դատախազի իր պաշտոնը։ Չի բացառվում, որ նա վերջին ճիգերով փորձում է իր հավատարմությունն առ Փաշինյան նաև այս ձևով հայտնել։ Ի դեպ, «Մարտի 1»-ի գործով ամենաշատը հոլովվել են Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները։ Վերջինս էլ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արդարացվեց Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո։ Ստացվում է, որ այս իրադարձությունների երկու առանցքային դեմքերն այլևս արդարացված են։ Հաշիվը 0։0 է։ Մինդեռ մարտի 1-ին Երևանում սպանված քաղաքացիների մահվան հանգամանքները մինչ այսօր էլ վերջնական պարզաբանված չեն։ Որևէ մեկը ՀՀ քաղաքացիների սպանության համար չի կանգնել օրենքի առաջ։ Փոխարենը Քոչարյանը արդարացվել է, Փաշինյանն էլ մոտ օրերս «կմաքրվի» Մարտի 1-ի խարանից։ Շատ ենք լսել նախորդ իշխանությունների հայտարարությունները՝ մարտի 1-ի էջը փակված է թեմայով։

Թվում էր՝ հեղափոխությունը բացելու է ողբերգական այդ էջը և պատասխաններ է պահանջելու բոլորից։ Բայց հեղափոխությունն իսկապես փակեց Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկը՝ առանց հարցուպատասխանի, առանց ճշմարտությունը պարզելու ավելորդ ջանքի։ Անգամ դպրոցական դասագրքերում զետեղված մարտյան իրադարձությունների կեղծիքը չխմբագրվեց։ Ինչո՞ւ․ ապագայում պատմության հետազոտողները ժամանակ, կամք ու ազնվություն կունենան պատասխանելու այս հարցին։ Մինչ այդ՝ մեզ կմնա ամեն մարտի 1-ին խոսել Մարտի 1-ից ու մարտի 2-ից անցնել բնականոն մեր կյանքին։ 

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ