...

Դե, փորձիր խոսել

Դե, փորձիր խոսել

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը համակարգող՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վազգեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժամանակին Լևոնը ասում էր, հայաստանին 800,000 ազգաբնակչություն է հարկավոր։ Առաջին անգամ պաշտոնապես թուրքերը եկան Հայաստան Լևոնի ժամանակ, իբր վերանորոգեն ու վերակառուցեն ԱՄՆ-ի նոր դեսպանատունը»:

Անկեղծ ասած, մենք Հայաստանը փոքրատառով գրող այս մարդու զառանցանքին մտադիր չէինք անդրադառնալ: Արդեն շուտով կթամամվի 30 տարին, երբ նման մտքերը թևածում են հայոց երկնակամարում: Ի՞նչ մեկնաբանես:

Սրան ասում են՝ կարող ե՞ս որևէ փաստ ցույց տալ, որ Տեր-Պետրոսյանը նման բան է ասել, իրեն գցում է հարևան Վալոդի բախչեքը: Թե բա՝ աչքովս եմ տեսել, ականջովս եմ լսել, ինչ-որ տեղ կարդացել եմ, հեսա ճարեմ, բերեմ, հարևանս է ասել: Սրան ասում են՝ ԱՄՆ-ի նոր դեսպանատան շենքի շինարարության թույլատվությունն ու հետագա շինարարությունը սկսվել է 2001 թվից, պատասխանում է՝ չէ որ չէ, Լևոնն է մեղավոր:

Մի խոսքով, անցանք: Էս հեչ: Այս մարդու գրառման մեջ մեր ուշադրությունը գրավեց այլ բան. որ այն հավանել, այսինքն՝ լայքել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը

Այո, այո, նախկին նախարարը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը, կոչումով ՀՀ վաստակավոր իրավաբանը, էն մարդը, որը համարվում է մեր իրավական համակարգի թույն դեմքերից մեկը, էն մարդը, որը ԵՊՀ-ում իրավագիտություն է դասավանդում, էն մարդը, որը ամիսներ շարունակ իրեն ճղում է, թե իշխանությունները անիծում են իրավական համակարգի հերը, ընդդիմությանը հալածում են՝ թքած ունենալով անմեղության կանխավարկածի վրա, այ էս մարդը լայքում է, այսինքն՝ հավանության է արժանացնում էժանագին զրպարտությունը:

Էս մի լայքի մեջ խտացված է այսօրվա մեր իրավական և դատական համակարգի ողջ էությունը, որակը, մակարդակը: Որովհետև դրա հիմքը դնողներից մեկն էլ զառանցանքների, զրպարտությունների կանխավարկածով է առաջնորդվում, ոչ թե՝ անմեղության կամ իրավունքի գերակայության: Այսինքն՝ տարրական, էթիկական, բարոյական որևէ պատկերացում չունի անմեղության կանխավարկածի և իրավունքի գերակայության, փաստերի և ապացույցների նշանակության մասին:

Չէ, որ հարցնես, ջրի պես անգիր արած կասի, դրանք ինչ են: Բայց ո՞ւմ են պետք այդ գիտելիքները, եթե կյանքում դու դրանք հակառակ տրամաբանությամբ ես գործում: Քեզանից ի՞նչ պետք է սովորեն ուսանողները. զրպարտե՞լ, զառանցե՞լ, էշ-էշ դուրս տա՞լ: Ի՞նչ օրինակ ես ծառայում ուսանողներին: Հիմա որ ուսանողդ գա, հարցնի. պրն Դանիելյան, զրպարտություն հավանելն արդյոք չի՞ նշանակում կիսել պատասխանատվությունն այդ զրպարտության համար, ի՞նչ ես ասելու: 

Դե թող սրանից հետո այս մարդը համարձակվի իրավունքի գերակայության, իրավական համակարգի, մարդու անքակտելի իրավունքների, սահմանադրականության, դատական իշխանության մասին խոսի, էլի: Անընդհատ հիշեցնելու ենք իր իրական մակարդակն ու էությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ