...

Դիմակայություն, որ կվտանգի բարեփոխումները

Դիմակայություն, որ կվտանգի բարեփոխումները

Այլեւս իշխանության կամքից ու որոշումներից է կախված` կլինի «թեժ աշուն», թե` ոչ: Քոչարյանական եւ սարգսյանական թիմերն իրենց ամբողջ ռեսուրսները պետք է ուղղեն դատարաններում պաշտպանվելուն: Իսկ քրեական գործերը եւ նրանցում ներգրավված անձանց քանակը աճելու են երկրաչափական պրոգրեսիայով: Իրավապահ մարմինների աշխատանքից է կախված` նրանք երբ ուշքի կգան կամ կգան ընդհանրապես:

Այլ են Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի հանգամանքները: Հասարակական կարծիքը շարունակում է դեմ լինել սարի հանք դարձնելուն, եւ այդ տրամադրությունները չեն փոխվում իշխանության` նախկին ռեժիմին պատասխանատվության ենթարկելու վճռական քայլերի համատեքստում: Իշխանությունը եւ անձամբ վարչապետը պետք է ճիշտ հետեւություններ անեն ստեղծված իրավիճակում: Եվ առաջին հերթին քաղաքական հետեւություններ: Այլեւս անիմաստ է բնապահպանական կամ տնտեսական փաստարկներ բերել Ամուլսարի հանք դառնալու օգտին: «Էլլարդի» հետ տեսակոնֆերանսն անդառնալի հարվածներ է հասցրել Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելու փաստարկներին: Ոչ մի պետական տեսչական մարմնի եզրակացություն չի կարող հանրությանը համոզել, որ ռիսկեր չկան կամ դրանք կառավարելի են:

Տնտեսական փաստարկներն էլ ավելի թույլ են եւ քննադատությանը չեն դիմանում: Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում օրական այնպիսի թվեր է հրապարակում, որ դրանց ֆոնին, տարեկան 50 միլիոն դոլար հարկերի տեսքով մուտքը բյուջե որեւիցե տպավորություն չի կարող թողնել հասարակության վրա: Մի կողմից խոսվում է, որ երկնիշ տնտեսական աճը շատ մոտ է, մյուս կողմից` ցանկանում են բացել հանքը, որի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա մոտ չէ անգամ 1 տոկոսին: Օրերս կառավարությունը որոշեց գործարարներին վերադարձնել 58 միլիարդ դրամ պարտք: Մի երկիր, որ կարողանում է 120 միլիոն դոլար անհույս պարտք վերադարձնել, չի կարող գայթակղվել 50 միլիոն դոլարի դիմաց թունավորումից: Պատկերացրեք ֆերմերների ընտանիք, որ վերադարձրել է 10.000 դոլար պարտք, որը նրանից չէին պահանջում եւ անգամ մոռացել էին: Կհամաձայնի արդյոք այդ ընտանիքը, որ 5000 դոլարի դիմաց իր տան միջով անցկացնեն խողովակներ, որոնք կարող են փչացնել բերքը: Իհարկե` ոչ: Ընտանիքի անդամները չեն կշտամբի ընտանիքի մեծին, թե ինչ իմաստ ուներ վերադարձնել մի պարտք, որ մեզանից չէին պահանջում` դրա դիմաց փողի համար վտանգելով մեր տունը: Ոչ միայն կկշտամբեն, այլեւ հնարավոր բոլոր միջոցներով կխոչընդոտեն այդ ծրագրի իրագործմանը: 

Ներկայումս կառավարությունը ստանձնել է մեծածավալ բարեփոխումների հանձնառություն` Հայաստանի կյանքի բոլոր հնարավոր ոլորտներում: Դրանք ընթանում են դանդաղ, վայրիվերումներով, սխալներով, բայց սկսել են եւ մոտ ապագայում չեն կարող չունենալ իրենց բարենպաստ ազդեցությունը: Ամուլսարի պատ ճառով հասարակության հետ դիմադրության մեջ մտնելը, կարող է վիժեցնել դրանց ընթացքը: Առավել վտանգավոր կլինի ուժի միջոցով խնդրի հանգուցալուծումը: Դիմակայություն կլինի ոչ միայն Վայքում, այլեւ Երեւանում: 

Ներկայումս շատ ավելի լուրջ մարտահրավերներ են ծառացած պետության առջեւ եւ միայն հեղինակության հնարավոր թեթեւակի նվազումը չի կարող լինել այն գինը, որ անխուսափելի բարիկադներ կառաջացնի իշխանության եւ ժողովրդի միջեւ: 

Արիս Վաղարշակյան

Հ.Գ. Հատուկ շեշտենք, որ հասարակության վրա որեւէ ազդեցություն չթողեց նաեւ այն հանգամանքը, որ նախկին ռեժիմի սպասարկուները փորձում են մտնել Ամուլսարի պայքարի մեջ: Ներկայումս հանրության քաղաքական գիտակցությունն այնքան բարձր է, որ շատ արագ զանազանում է անշահախնդիր պայքարողներին հանկարծակի «մտահոգվածներից»: Եվ նրանց ֆիզիկական ներկայությունն ամենեւին պատճառ չէ հրաժարվելու պայքարից:

«Չորրորդ իշխանություն» 1.2019

Նյութը հասանելի է նաև անգլերեն

ՎԱՐԿԱՆԻՇ

   5259 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ