...

Դիմել են նախարարին

Դիմել են նախարարին

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն դիմում է հասցեագրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը «ՉԻ»-ին փոխանցեց, որ դիմել են ՏԿԵ նախարարությանը, որպեսզի աջակցեն աշխատանքային խումբ ստեղծելու հարցում, որը կուսումնասիրի Ախթալա համայնքի թափոնակույտերի հետ կապված խնդիրը և կմշակի համայնքը թափոնակույտերից մաքրելու ռազմավարություն։ Նրա խոսքով՝ Ախթալայի ձորերը տասնամյակներ շարունակ լցվել են հանքարդյունաբերական թափոններով: Այն մաքրելու անհրաժեշտությունն օրակարգային է դարձել:
 
«Ախթալա գետակի հունում կուտակված են թափոնակույտեր, որոնք տարածվում են քամիների միջոցով և ակտիվանում են անձրևների ժամանակ, հոսում և խառնվում են Դեբեդ գետին: Նախորդ տասնամյակներում շահագործված «Նազիկ» պոչամբար, որը ռեկուլտիվացնելու փորձ է կատարվել։ Պոչամբարի թափոնները և նրանց հոսքը տեսանելի են անզեն աչքով, և տարածվում են դեպի Ախթալայի ներքևի հատվածը, այդ թվում՝ Ախթալա գետակի հունը ակտիվանում է յուրաքանչյուր անձրևից հետո։ Պոչամբարից ներքև է գտնվում Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Պոչամբարը ունի վերառեկուլտիվացման կարիք»,- նշեց նա:

Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ մեծ թափոնակույտ կա Արամյանցի դղյակի ձորում: Այստեղ թափոնները կուտակվել են «Ախթալայի ԼՀԿ» ընկերության կողմից «Պայթուցիկների ձոր» պոչամբարից թափոնների տեղափոխման արդյունքում։ 

«Թափոնակույտը գտնվում է Ախթալա-Ճոճկան միջհամայնքային ճանապարհին կից։ Թափոնակույտից քամիների միջոցով թափոնները սփռվում են դեպի Ախթալայի ներքևի թաղամասեր և այգիներ»,- մատնանշեց նա:
 
Գործող պոչամբարներից մեկն էլ «Նահատակն» է: Այն գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջակայքում, բնակելի տները պոչամբարի տարածքից սկսվում են 50 մետր հեռավորությունից։ Պոչամբարը արդեն բավականին մեծ է իր չափերով։ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, սակայն, մտադիր է բարձրացնել արդեն իսկ լցված «Նահատակ» պոչամբարի պատվարը թափոնների կուտակման համար: Մինչդեռ այս պոչամբարը, համաձայն «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության», 2018-ի հոկտեմբերից պետք է ռեկուլտիվացվեր։ 

«Բնապահպանական խնդիրները համայնքում խոչընդոտում են մի շարք ոլորտների զարգացմանը, ինչը նաև համայնքում առաջացնում է սոցիալական լարվածություն։  Համայնքը թափոնակույտերից մաքրելու համար անհրաժեշտ է պետական մակարդակով միջամտություն և աջակցություն, քանզի աղտոտումը բավականին մեծ է, և թափոնակույտերը շատ են»,- եզրափակեց ՀԿ ղեկավարը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ