...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Տրամադրությունը շատ բարձր է, քեֆը՝ միլիոն։ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ազապ-բաշին էր, ձրի կերել-խմել է, որպես նախանձելի փեսացու՝ մի լավ պարել մի քանի ծյոծյաների հետ, հետո էլ հարսանքավորներին համոզել, որ սեղաններից մի-մի պեռաշկի թռցնեն, լցվեն ավտոբուսը ու հենց հարսանիքի տեղից էլ գնան քարոզարշավի։ Եվ ահա ինքը, ցիլոն գլխին, ավտոբուսի միջանցքում կանգնած՝ համոզում է, որ թույլ տան՝ ի՛նքը նստի ղեկին․ «տեսեք՝ առանց բռնվել ուղիղ կանգնում եմ», մի կերպ հավասարակշռությունը պահպանելով՝ փաթ ընկնող լեզվով ասում է ինքը։ ՔՊ-ականները փորձում են բացատրել, որ քանի դեռ ավտոբուսը չի շարժվել՝ բոլորն էլ կարող են առանց բռնվելու կանգնել, բայց օգուտ չկա։ Ի վերջո աջուձախ բոլորի վրա գոռգոռում է, նստում վարորդի տեղը ու պեռաշկին կծելով՝ միացնում շարժիչը․․․

Հինգ րոպե հետո ավտոբուսը, բնականաբար, դուրս է թռչում ճանապարհից և մի քանի անգամ գլորվելով՝ հայտնվում ինչ-որ ձորի մեջ։ Միանգամից լույսերն անջատվում են, երաժշտությունն ընդհատվում է, ու ավտոբուսի սրահում մեռելային լռություն է տիրում․․․ Իրար գլխի լցված ՔՊ-ականները տնքոցներով ու հայհոյանքներով գրպաններից հանում են հեռախոսները, բայց պարզվում է՝ կապ չկա։ Բոլորը միանգամից հասկանում են, որ հնարավոր է՝ որևէ մեկն իրենց օգնության չգա, և իրենք օրերով մնան այդ ամայի ձորում ու սովից մեռնեն։ Եվ մթնոլորտը միանգամից փոխվում է․․․ 

Բայց ինքը իրեն չի կորցնում․ ճմրթված ցիլոն քաշում է գլխին, մթությունից օգտվելով՝ թաքուն կծում Ալենչոյի ձեռքի պեռաշկին ու սկսում․ «քանի որ արտաքին աշխարհի հետ կապ չկա, և մենք հայտնվել ենք աննախադեպ ինքնիշխան իրավիճակում՝ պիտի խնայողաբար օգտագործենք մեր ռեսուրսները։ Մենք ունենք 40 հատ պեռաշկի, որոնք ես կտնօրինեմ չզեկուցվող ընթացակարգով, իսկ դուք հերոսաբար յոլա կգնաք նախորդ այցից հետո մնացած կռծած կուկուռուզների միջուկներով․․․»։ «Կարող ա՞ գիտես ծնունդդ ա, ա՛յ համբալ», հասկանալով, որ հազիվ թե այդ իրավիճակից սաղ-սալամաթ դուրս պրծնեն՝ գոռում է Տիգրան Ավինյանը։ «Պեռաշկիները տուր, թե չէ հասա ըտեղ՝ կպիսկեմ», ավելացնում է Սուրեն Պապիկյանը, «կթքեմ աշկիդ, արա՛, դու ո՞ւր էիր, որ ես էրկու հատ բե-էմ-վե ունեի», ծղրտում է Ալեն Սիմոնյանը, «էդ կուկուռուզի միջուկները հեսա կասեմ ուր կոխես, արա՛», վրա է տալիս Վահագն Ալեքսանյանը, «էդ նպատակով կարաք էն դպրոցի պոկած ցնցուղն է՛լ օգտագործեք, մինչև հիմա պահել եմ», առաջարկում է Ժաննա Անդրեասյանը․․․ Ինքը զգում է, որ այլևս իշխանություն չունի, հողը փախչում է ոտների տակից, և ուր-որ է իրեն կհոշոտեն։ Ցիլոն քաշում է աչքերին, մի ձեռքով սկսում արագ-արագ ուտել պեռաշկիներն ու մյուս ձեռքով պաշտպանվում․․․

Այդ պահին դրսից ձայներ են լսվում։ Երևի կողքի գյուղերի բնակիչներն են, այնուամենայնիվ հասել են օգնության։ Փաստորեն՝ այս անգամ է՛լ փրկվեց, այ կհասնեն քաղաք՝ ինքը սրանց բոլորի պորտը տեղը կդնի․․․ Բայց օգնության եկածները, տեսնելով, թե ովքեր են ներսում, որոշում են, որ ավտոբուսն այնքան էլ լավ չի գլորվել, և պետք է ուղղել այդ սխալը։ Սկսում են ճոճել ավտոբուսն ու ավելի ներքև գլորել․․․

Արթնանում է քարոզչական ավտոբուսում՝ հերթական փոսի ցնցումից։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ