«Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է», անդրադառնալով ժամկետային զինծառայությունը 2 տարուց 1,5 տարի դարձնելու վերաբերյալ որոշմանը՝ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«ՉԻ»․ Փաստորեն՝ տարրական թվաբանության կանոններն անհեթեթություն են, որովհետև, ըստ այդ կանոնների, եթե ինչ-որ դրական թվից հանում ես դրա մեկ քառորդը, արդյունքում ավելի փոքր թիվ է ստացվում, այսինքն՝ թիվը կրճատվում է։ Բայց դա, ըստ Սուրեն Պապիկյանի, վերաբերում է ամեն ինչին՝ բացի մեր բանակից, որովհետև մեր դեպքում զինվորների թիվը 25 տոկոսով նվազելու է, բայց չի կրճատվելու։
Չնայած՝ կոնկրետ պրն Պապիկյանի դեպքում թվաբանության կանոնները մի՛շտ են անհեթեթ։ Օրինակ՝ եթե որևէ էլիտար շենքում բնակարանն արժե ինչ-որ իքս գումար, դա հո չի՞ նշանակում, որ այն ձեռք բերելու համար պետք է վճարել այդ իքս գումարը։ Կարելի է այդ բնակարանը ձեռք բերել նաև դրա կես գնով։ Իհարկե՝ նախապես «բանակը կրճատելով» ուղիղ մեկ մարդով, որը, զուտ պատահականորեն, կլինի այն մարդու հարազատը, որին պատկանում է այդ շենքը։ Բնականաբար՝ այս զուգադիպության մեջ կոռուպցիոն ռիսկեր տեսնելը, պրն Պապիկյանի խոսքերով, «մեղմ ասած՝ անհեթեթություն է»։