...

Դուզ խոսքի հասցեատերերը

Դուզ խոսքի հասցեատերերը

Թատրոն՝ Թատերական հրապարակում

Տարիներ առաջ, երևի 2000-ականների սկիզբն էր, խորհրդարանում նիստի ժամանակ Արշակ Սադոյանն իր ելույթում «կպավ» Պարույր Հայրիկյանին: Պատասխան ելույթում Պարույր Հայրիկյանը հակադարձեց Սադոյանի խոսքին, ինչին Սադոյանը տեղից արձագանքեց. «Ձենդ կտրի, էնքան ես նստել, դեբիլացել ես»:

Մենք այս պատմությունը հիշեցինք, երբ հետևում էինք ընդդիմության ազգափրկիչ հանրահավաքին՝ Ազատության հրապարակում: Քանի օր էլ գովազդում էին գալիք հանրահավաքը, թե վերջ՝ եղանակները տաքացան, սկսում ենք մեր վճռական գործողությունները, տեսեք՝ ինչ ենք անելու, ինչ ենք ասելու, ներում-բեկում չկա: 

Բայց հանրահավաքում հնչող ելույթներից միայն մի բան կարելի էր եզրակացնել. սրանք այնքան են նստած մնացել իրենց աթոռներին, այնքան են թաղվել իրենց ստեղծած խավարի, զոռբայության, կեղծիքների ու ստի օվկիանոսում, որ գնալով ավելի են «դեբիլանում»: Հազար ներողություն նման խոսքի համար, բա ուրիշ ինչպե՞ս որակել այն թատրոնը, որ տեսանք:

Ով հարթակ բարձրացավ, ռաբիս քեֆին համարժեք բաժակաճառ ասաց: Հետ կբերենք, էս կանենք, էն կանենք, կփրկենք, կջարդենք, թույլ չենք տա: Բայց իմաստային առումով՝ դատարկություն: 

Ոչ թե պատերազմի, այլ կապիտուլյացիայի կուսակցություն

Ամենաապշեցուցիչը, իհարկե, սրանց ցինիկ հոխորտանքներն էին խաղաղության վերաբերյալ: Պարզվում է, 1998-ին խաղաղության անվան ներքո արդեն ծախում էին, իրենք թույլ չտվեցին, ու դրանից հետո 20 տարի երկրում խաղաղություն էր: Չեն ասում, որ այդ 20 տարում ոնց են երկիրը մանրից վաճառել ու հանձնել, նվիրել ու յուրացրել: Չեն ասում, որ երբ իրենք 1998-ին զավթեցին իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունն ուներ սեփական ավիաընկերություն, սեփական գազաէներգետիկ համակարգ, սեփական ատոմակայան, սեփական ջերմաէլեկտրակայաններ ու հիդրոէլեկտրակայաններ: Իրենց օրոք այդ ամենը վերացել է: Աճուրդի էին հանել այդ ամենը. երկրի հարստություններ՝ իշխանություն պահպանելու դիմաց:

Չեն ասում, որ իրենք 20 տարում Արցախը կիսով չափ դատարկել են՝ նաև իրենց օրինակով, չեն ասում, որ իրենց օրոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական, քաղաքական և տնտեսական հարաբերակցությունը շեշտակի աճել է՝ հօգուտ Ադրբեջանի: Սրա մասին ընդհանրապես չեն խոսում: 

Չեն ասում, որ առաջին անգամ 7 շրջանները օկուպացված են որակել հենց իրենք: 

Մի խոսքով, լիքը բան կա, որ չեն ասում. սպանություններ, բռնություններ, մենաշնորհներ... սրանց մասին կարելի է ժամերով խոսել: Փոխարենը փորձում են 1998-ի իրենց հեղաշրջումը արդարացնել, այնպես, ինչպես 2008-ի մարտի 1-ի ոճրագործությունն են արդարացնում: 20 տարվա իրենց բերած աղետները կոծկելու ուրիշ տարբերակ չունեն: 

Ժամանակին Բիսմարկն էր ասել՝ երբեք մի գնացեք ռուսների դեմ. ձեր ցանկացած ռազմական խորամանկությանը նրանք կպատասխանեն անկախատեսելի հիմարությամբ: Եթե սա համապատասխանեցնենք մեր իրողություններին, ապա կարող ենք ասել հետևյալը. իշխանությունները թող չպայքարեն այս ընդդիմության դեմ. իշխանության ցանկացած սխալին, շուստրիությանը, խորամանկությանը սրանք պատասխանելու են կանխատեսելի տխմարություններով: 

Վանոյի ասածներն ուժի մեջ են

Մի հետաքրքիր դիտարկում էլ. որ Իշխան Սաղաթելյանը կամ որևէ միջին վիճակագրական դաշնակ սկսում է հայրենասիրությունից ու հայրենիքի փրկությունից խոսել, ասում ես՝ այ ընկեր, ձեր ավանտյուրաներով ժամանակին մի ամբողջ հայրենիք եք հանձնել թուրքերին ու ադրբեջանցիներին, հիմա ինչի՞ եք ցանկանում նույն ավանտյուրան կրկնել, այնպես ծանր են տանում նման խոսքերը, գժվում, թե դուք ո՞նց եք մեզ նման բանի մեջ մեղադրում, մենք հերոսական անցյալ ունենք, մենք 1920-ին կռվել ենք, մի երկու հատ էլ խանչալոտ ֆիդայու նկար են ցույց տալիս՝ որպես իրենց հերոսական անցյալի ապացույց: Ահավոր նեղվում են, որ հիշեցնում ենք Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան: Ավելի քան 20 տարի դուք Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան մոտեցրել եք, ու հիմա ձեր գործով, խոսքով ամեն կերպ աջակցում եք այս իշխանություններին, որ հերթական կապիտուլյացիան կայանա:

Այնպես որ, մի նեղվեք, մի նեղվեք. դուզ խոսքը էշին են ասում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ