Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերին առաջարկում ենք քարոզչական տեսահոլովակների սցենարներ։ Հեղինակային իրավունքների ձեռքբերման հարցերով կարող եք դիմել խմբագրություն։ Եվ այսպես․
«Քաղաքացիական պայմանագիր»
Նիկոլն ու Աննան որոշել են պաշտոնապես ամուսնանալ ու պսակադրությունն էլ կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանից 6 մետր հեռավորության վրա գտնվող Ոսկեպարի եկեղեցում։ Բայց ճանապարհին՝ Կիրանցի պատի տակ, ժողովուրդը ինքնաբուխ որոշում է ճանապարհը փակել և շփվել սիրելի վարչապետի հետ։ Տեղում անմիջապես ինչ-որ տաղավարներ են հայտնվում, մանղալներ, խորոված, քեֆ-ուրախություն․․․ Նիկոլն ախորժակով ինչ-որ դուռում է կծում ու երանությամբ ասում․ «էս ի՞նչ համով ֆաստֆուդ ա, էս ֆաստբանկն ա՞ կազմակերպել», ապա հարցնում է իր թուշը պաչել փորձող տատիկներից մեկին․ «վայ, մայրիկ ջան, էս ինչքա՞ն ես արևահարվել, երևի շատ ես, հա՞, աշխատում դաշտում»։ «Չէ, թագավոր բալես, Լառնակայում էիմ զագառ ընդունում, հըմի չորսը ժամով էկեր եմ բոստանըս ջրեմ՝ հետ էթամ, մեկ ա տոմսը 900 դրամ ա», ժպտում է տատիկը, իսկ Աննան, հարսի շորը հագին, ամոթխած ժպտում է․․․
Պատկերը փոխվում է։ Ոսկեպարի եկեղեցու մուտքի մոտ են։ Ներս մտնելուց առաջ Աննան նախապես պայուսակից հանում է մատանին, որը պիտի հագցնի Նիկոլի մատին, բայց մատանին ընկնում է գետնին ու գլորվում դեպի Ադրբեջանի տարածք։ Աննան բնազդաբար վազում է դրա ետևից, բայց մատանին հատում է սահմանը, և ադրբեջանցի սահմանապահը գետնից բարձրացնում է այն և լայն ժպիտով մեկնում իրեն։ Նույն պահին հայկական կողմից՝ ժայռի ետևից, ռուսական հատուկ ծառայությունների համազգեստով Սամվել Կարապետյանը (ՖՍԲ-ի տարբերանշանը ցուցադրվում է խոշոր պլանով) կրակում է Աննայի ուղղությամբ, որպեսզի վիժեցնի խաղաղության գործընթացը։ Բայց ադրբեջանցի զինվորը նկատում է դա և «նոոոոոոո՛» գոռալով՝ առյուծի պես առաջ ցատկում ու կրծքով փակում փամփուշտի ճանապարհը՝ ինքն անշնչացած ընկնելով ուղիղ Աննայի ձեռքերի վրա։ Ծանր լռություն․․․ Աննայի աչքերից (խոշոր պլան) արտասուքի երկու ծանր կաթիլներ ընկնում են զինվորի երեսին, ու նույն վայրկյանին նա բացում է աչքերը և մատանու հետ միասին նրան մեկնում դաշտային ծաղիկների մի գեղեցիկ փունջ․․․
«Հայաստան» դաշինք
Ռոբերտ Քոչարյանը, աշխատասենյակում նստած, տխուր ու թախծոտ հայացքով շամպայն է խմում։ Թիկունքում, բնականաբար, Արարատ լեռն է, սեղանին՝ իր և Պուտինի համատեղ լուսանկարը (խոշոր պլան)։ Ներս է մտնում Իշխան Սաղաթելյանը և հարցնում․ «այդ ի՞նչն եք տոնում, պարոն նախագահ»։ «Չեմ տոնում, սգում եմ», պատասխանում է Քոչարյանն ու բացատրում․ «Ավաղ, մենք բռնապետական երկրում ենք ապրում, «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն արգելել են․․․»։ «Սուգը հավերժ է, երբ չկա պայքար, դրա համար արժե շամպա՛յն բացել», ոգևորված բացականչում է Իշխան Սաղաթելյանը, «այ հիմա մենք իսկապես հիմնական ընդդիմադիր ուժն ենք․․․ բա ո՞նց հաջողացրեցիք»։ Այդ պահին հեռուստաէկրանին հայտնվում է Նիկոլ Փաշինյանի դեմքը։ «Միասին կարո՛ղ ենք», հայացքով էկրանը ցույց տալով՝ ժպտում է Քոչարյանը․․․
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Գագիկ Ծառուկյանը, ասեղնագործ սպիտակ վերնաշապիկով, հզոր ու հանդիսավոր քայլերով իջնում է Հատիսի գագաթից։ Իսկ ստորոտում արդեն հազարավոր մարդիկ են խմբված։ Նա մոտենում է մարդկանց, ապա իրեն դիմավորողների մեջ տեսնելով 4-5 տարեկան մի աղջնակի՝ կռանում (կռանալու պահին երևում է գոտու տակ խրած «Բերետտա» մակնիշի ոսկեգույն հեռախոսը), երկու ձեռքով գրկում-բարձրացնում աղջնակին ու վեր թռցնում․․․ Բայց այնքան ուժեղ է թռցնում, որ աղջնակը կադրից դուրս է գալիս ու այլևս կադրում չի հայտնվում։ «Իմ ուղերձը բոլորիդ՝ որ շա՛տ զավակներ ունենաք», նկատելով մարդկանց տարակուսած հայացքները՝ ասում է Ծառուկյանն ու առաջ քայլում դեպի հսկայական շինհրապարակը, որտեղ էլ ձեռքով թփթփացնում է կառուցվող փայտե տապանի կմախքն ու հարցնում․ «էս իսկական դուբ ա, չէ՞, պռառաբին իմ կողմից մի հատ դորդ-ջհար Նիվա»։ Այդ պահին վերև թռցրած աղջնակը վերջապես ընկնում է՝ ուղիղ Ծառուկյանի ձեռքերի մեջ, ու երջանիկ ձայնով ավետում․ «ես տեսա՛, տեսա՛ Հայաստանի ապագան․․․»։
Շարունակելի