...

Դրսից ի՞նչ եք սպասում

Դրսից ի՞նչ եք սպասում

Ինչ որ ասելու էիք ռուսների հասցեին, ասեցի՞ք: Քրֆեցի՞ք: Դինջացա՞ք: Իհարկե, միայն ռուսների չէ: Իրենց հասանելիք մուննաթները ստացան նաև Ամերիկան, Եվրոպան, ԵԱՀԿ-ն ու ընդհանրապես՝ միջազգային հանրությունը:

Երեկ ամբողջ օրը դա էր: Ռուսները չեն միջամտում, ԱՄՆ-ը չի դատապարտում, Ֆրանսիան ընդհանրապես ձեն չի հանում, ԵԱՀԿ-ն կրավորական դիրք է գրավել: Եվ այսպես շարունակ:

Պրոբլեմը հենց սա է: Որ մեր խնդիրները մեր մեջ փնտրելու փոխարեն ուրիշների մեջ ենք փնտրում: Որ մեր հարցերը սեփական ուժերով լուծելու փոխարեն սպասում ենք, որ ուրիշները գան ու լուծեն: Այդպես չի լինում: Որ ուրիշը գալիս է մեր փոխարեն մեր հարցերը լուծելու, դրա դիմաց ինչ-որ վճար է ուզում: Ի՞նչ ունենք վճարելու. կարծես թե մնացել են մեր պետականության վերջին փշրանքները:

Բայց սա մի կողմ: Որ այսպես մուննաթ ենք գալիս միջազգային հանրության վրա, որ բան չի անում կամ կողմնակալ է, չի դատապարտում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, ընդամենը պետք է հիշեցնել, որ այդ նույն միջազգային հանրությունը, գերտերությունները գոյություն ունեին նաև 1990-ականներին: Այն ժամանակ Արցախի ինքնապաշտպանական ուժերը պատերազմում հաջողություններ էին գրանցում, տարածքներ էին վերցնում, Լաչինի միջանցք էին բացում, բայց ոչ ոք դրա համար Հայաստանին ագրեսոր չճանաչեց, ոչ ոք պատժամիջոցներ մեր դեմ չկիրառեց, ՄԱԿ-ի ԱԽ-ը բանաձևեր ընդունեց, որոնք ուղղված չէին Հայաստանի դեմ, դեռ մի բան էլ ԱՄՆ-ը բանաձև ընդունեց, որով Ադրբեջանի դեմ սահմանափակումներ մտցվեցին, արգելվեց նրանց զենք վաճառել և այլն: Այս ամենը մեր սիրուն աչքերի համար չէր արվում, ոչ էլ՝ միջազգային հանրության ուշքն էր մեզ համար գնում: Պարզապես այն ժամանակ կային իշխանություններ, որոնք կարողանում էին այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի երկիրը չհայտնվի միջազգային մեկուսացման մեջ, Հայաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառվեն, դաշնակիցներ ունենանք, որոնք մեզ ամենածանր պահերին կաջակցեն՝ զենքով, քաղաքականությամբ, ֆինանսապես, նյութապես: Առանց արտաքին ասպարեզում այդ հաջող քաղաքականության, մենք Արցախի պատերազմում կպարտվեինք, դա՝ անխոս:

Հիմա որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե մենք ինչ արտաքին քաղաքականություն ենք իրականացնում: Մուննաթն ու շանտաժը արտաքին քաղաքականության հետ կապ չունեն: Ո՞նց ենք հարաբերվում արտաքին խաղացողների հետ, ի՞նչ աշխատանք է դրսում տարվում: Եվ ամենակարևորը՝ ովքե՞ր են տանում այդ աշխատանքը: Նայում ես՝ մանկապարտեզի ինչ-որ երեխաների են դեսպաններ նշանակում: Նրանց տված օգուտը ո՞րը պետք է լինի: Այս ոլորտում ամենակարևոր պաշտոնները պետք է զբաղեցնեին մեր ամենահմուտ, ամենափորձառու դիվանագետներն ու քաղաքական գործիչները, կապ չունի՝ նախկին են, թե ներկա: Մարդիկ, որոնք արդյունավետ են աշխատել 1990-ականներին, կապեր ունեն, խոսել գիտեն, տեղյակ են բանակցային գործընթացից և ընդհանրապես՝ միջազգային հանրության հետ հարաբերվել գիտեն: Գոնե սա ֆայմեն, անեն: Թե չէ՝ Լիլիթ Մակունց, Վիկտոր Ենգիբարյան... սա ի՞նչ է: Բա էս կադրերով ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1609 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ