Փաշինյանի լույսն ու նկարը
Շաբաթն ավարտվեց Հայաստանի համար աննախադեպ աշխարհաքաղաքական ձեռքբերումով. Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի համատեղ լուսանկարով:
Իսկականից աննախադեպ էր. վերջին 3000 տարում Հայաստանի, լիներ դա Մեծ, Փոքր, Ծովից ծով կամ Կիլիկիան, ոչ մի ղեկավար չէր լուսանկարվել ԱՄՆ-ի որևէ փոխնախագահի հետ, վերջինիս հանգստյան սենյակում: Քանի ժամ է, մեր վարչապետն այդ լուսանկարի համար ընկել էր Վենսի ետևից:
Դե ասեք, մեր ղեկավարներից ո՞ւմ էր հաջողվել խաթարել աշխարհի թիվ մեկ գերտերության թիվ երկու դեմքի հանգիստը: Ոչ մեկին: 5:0 արեց Փաշինյանը: Դրա համար են շատերը նախանձից պայթում:
Ոնց որ, օրինակ, Հովիկ Աղազարյանը: ՔՊ-ից հեռացվելուց հետո թոփ-թազա կուսակցություն բացեց՝ Իլոն ՄԱՍԿ անունով: Հիմնադիր համագումարում էլ նախանձից մեռնելով հայտարարեց. «Մենք պայքարելու ենք, որպեսզի արտահերթ կամ հերթական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը նորից չդառնա ՀՀ վարչապետ»:
Շատ անհավատ մարդ դուրս եկավ էս Աղազարյանը: Մի քանի ամիս առաջ լրիվ ուրիշ երգ էր երգում:
Տնաշեն, ո՞նց կարելի է այսքան շուտ ուրանալ սեփական աստծուն: Ի՞նչ է եղել, թող Նիկոլը նորից վարչապետ դառնա, Քրիստոսիդ հանդեպ հավատդ էլ խորանա:
Աղելուա՜, աղելուա՜
Ու սա այն դեպքում, երբ նույն պահին Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում մասնակցում էր Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, քրիստոսահաճո մտքեր հայտնում, հայտարարում, թե իր համար շատ կարևոր են Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները. «Իրականում իմ քաղաքական գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել դրա վրա»:
Համարյա սուրբ դեմք է: Ճիշտ է, մի քիչ պերեբոր է արել, որովհետև իր քաղաքական գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել լաչառության և ճվճվալու վրա, բայց դա ներելի է: Բա ի՞նչ, քրիստոնյա ժողովուրդ ենք, պիտի ներենք:
Ու ինչքան բարձր է Փաշինյանը պահում Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում: Այսօր աշխարհում դուք չեք գտնի մի պետության ղեկավար, որը նրա պես կարողանար էլիտար ձվածեղ սարքել. ձեթի, աղի և դեղնուցի իդեալական ներդաշնակությամբ:
Այս թեմայով նա կարող է նույնիսկ հանգիստ դասախոսությամբ հանդես գալ Ջորջթաունի համալսարանում: Այնպես որ, հենց մեր վարչապետը վերադարձավ Հայաստան, նրան պետք է դիմավորել աղ ու ձվով: Ավելի լավ է, մենակ աղով: Ձվով դիմավորողներին կարող է սխալ հասկանա: