...

Եռատոնից՝ Եռասուգ

Եռատոնից՝ Եռասուգ

Նոր բախումների շեմին

Մանրից մոտենում է նոյեմբերի 9-ը: Մի տարի առաջ այս օրը պատերազմն ավարտվեց՝ մեր համար աղետալի հետևանքներով: Ավելի ճիշտ՝ ավարտվեց պատերազմի ակտիվ, ռազմական փուլը: Բայց վերջնական այն չի ավարտվել և դեռ պարզ չէ, թե ինչ է մեզ սպասվում: Այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ հոռետեսական կանխատեսումներ են իրականացել, քան՝ լավատեսական: Հիշատակել բոլոր մեր ձախողումները, նորանոր կորուստներն անիմաստ է, մանավանդ որ շարքը երկար է:

Ուղղակի, եթե մայիսի 9-ը մեր համար եռատոն էր, ապա բնավ չէինք ցանկանա, որ նոյեմբերի 9-ն էլ դառնար եռասուգ: Իսկ դրա համար կան որոշակի նախադրյալներ: Առաջին՝ իշխանությունները, երկրորդ՝ ընդդիմությունը: Կարելի է նույնիսկ կոնկրետացնել. քոչարյանական ընդդիմությունը: Որոշել են դիմադրության, պայքարի ինչ-որ շարժում սկսել: Բայց թե նպատակը որն է, չեն ասում: Այսինքն՝ Քոչարյանը հայտարարեց, որ պետք է կանխել Հայաստանի թուրքացումը: Հազիվ ենք զսպում մեզ, որ չասենք. գոնե դու մի խոսիր թուրքացումից: Բացառված չէ, որ սրանք գնան դեպի բախումներ, քանի որ քաղաքական պայքարի որևէ մեթոդի չեն տիրապետում, ասելիք չունեն, անելիքը տեսել ենք, միակ մեթոդը՝ զոռբայությունը, պալատական հեղաշրջումները, մարտի 1, հոկտեմբերի 27, «Դրո» կառույցներ... այսպիսի բաներում մեծ վարպետներ են: Դաշնակների ու Քոչարյանի միությունից այլ բան անիմաստ է սպասել: 

Ապրեն ռուսները, բայց մեզ պես չապրեն

Այո, մեր տարածաշրջանը հիմա եռում է: Բավական լուրջ գործընթացներ են ընթանում, որտեղ մեկտեղվում և բախվում են գրեթե բոլոր գերտերությունների և տարածաշրջանային լիդերների շահերը: Ճանապարհների ապաշրջափակման, տարբեր ձևաչափերով ինչ-որ ստատուս քվո հաստատելու գործընթացները եզրափակիչ փուլ են մտել: Ինչ է լինելու, չգիտենք: Այդ առումով ուշագրավ է ռուսական արտգործնախարարության հայտարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության վերաբերյալ: 

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցության մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ազիմուտներում: Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ տարածաշրջանային փոփոխված իրողությունների համարժեք հաշվառմամբ»:

Ռուսները կոչ են արել առանձնապես բանի տեղ չդնել արդեն մի տարի տևող այն տեղեկատվական «սլիվներին», թե իրենց «խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», նրա «հանձնմանը» Ադրբեջանին, Հայաստանը  «պրոտեկտորատի» վերածելուն։ «Նման հայտարարությունները պոպուլիստական ​​բնույթ են կրում, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում: 

Մոսկվան պնդել է, որ նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։ «Հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին. Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար, ասվում է հայտարարության մեջ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանում  տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը։ Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը սահմանազատման գործընթացի մեկնարկն է։ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման հարուստ փորձը այլ երկրների հետ»:

ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով. «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց: Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր:

Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով։   

Պակաս կարևոր չէ, հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող քննարկումների լույսի ներքո, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»:

Բավական ուշագրավ հայտարարություն է: Արդեն հասկացանք, որ Վրաստանին հանեցին այս գործընթացից: Կամ Վրաստանը չցանկացավ մասնակցել: Մենք մի երկու տեղ տեսանք, որ դրական է գնահատվել ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը: Մենք էլ ենք պատրաստ դրական գնահատել, եթե չլիներ մի հանգամանք. ադեկվատ իշխանության և ադեկվատ ընդդիմության բացակայությունը: Սրանք մենակ իշխանության հարց են լուծում: Մնացածն իրենց պետքը չէ: Մենք այս գործընթացներում ոչ իշխանությունից սպասելիքներ ունենք, ոչ էլ ընդդիմությունից: 

Դրա համար, ով ինչ հայտարարի, իմացեք, մենք ընդամենը դիտորդի կարգավիճակով կարող ենք դա ընդունել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2329 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ