...

Ուրացողություն՝ առանց սահմանների

Ուրացողություն՝ առանց սահմանների

Մակրոնն՝ ընդդեմ Մարությանի

Լավ շաբաթ էր: Իրադարձությունները մեկը մյուսին հաջորդում էին նույն արագությամբ, ինչպես Ֆերստապենը՝ «Ֆորմուլա-1»-ում: Փաշինյանը հասցրեց Եվրոպայում եռակողմ, քառակողմ, երկկողմ, երբեմն՝ միակողմ հանդիպումներ ունենալ, իր ֆեյսբուքյան էջում Ալիևի հետ բանավիճել՝ Զանգեզուրի միջանցքի հարցի շուրջ: Թե ով է բանակցություններից առաջ ստատուս գրում և դիրքորոշում հայտնում այդ բանակցությունների թեմայի շուրջ, չգիտենք: Հասկանալի է, որ դա ներքին լսարանի համար էր, ցույց տար, որ վճռական է տրամադրված:

Բայց եվրոպական վոյաժի գլխավոր արդյունքն այն եղավ, որ Ֆրանսիայի նախագահը՝ մեր Էմոն, բացեց Փաշինյանի աչքերը: Երևի ասաց՝ ախպեր ջան, գիտես, ես Հայաստանի հետ եմ, հայերին սիրում եմ, մանավանդ՝ պարտություններից հետո, բայց գիտե՞ս, մեզ չի դզում, որ Հայկ Մարությանը օրինականացրել է Սեյրան Օհանյանի դղյակը: Դրանով խախտվել է Ելիսեյան պալատի հեղինակային իրավունքը: Այսինքն՝ իմ նստավայրի հեղինակային իրավունքը: Լավ բան չեք անում: 

Փաշինյանը դրանից զայրացած եկավ Երևան, թևքերը քշտեց ու... մի խոսքով, Հայկ Մարությանի օրերը հաշված են: ՔՊ-ականների մեծ մասը «Քշի Թուրքիա» ոճով Հայկոյին մեղադրեցին երախտամոռության, իրենց դավաճանելու, դիրքերը լքելու մեջ, որ վերջինս մեկ տարի առաջ դուրս է եկել ՔՊ-ից: Հենց նոր իմացան: Ասացին՝ երբ դուրս է եկել ՔՊ-ից, պիտի քաղաքապետի պաշտոնից հրաժարվեր, քանի որ Նիկոլի հաշվին է քաղաքապետ դարձել:

Այնտեղից ասացին՝ բա որ Նիկոլը վախտին թռնում էր ՀԱԿ-ից, էդ ինչի՞ մանդատը վայր չդրեց, մանավանդ, որ Տեր-Պետրոսյանի հաշվին է պատգամավոր դարձել... ճիշտն ասած, չգիտենք, թե այս հակափաստարկին ինչ են պատասխանել իշխանավորներն ու իրենց պոակականները: Ահագին քրքրեցինք քպ-ականների էջերը, բայց, ցավոք սրտի՝ բացի Հայկ Մարությանի ուրացողության և ճամբարափոխության մասին խրոխտ ստատուսներից, այլ ճամբարափոխների մասին բան չգտանք: 

Ամենահետաքրքիրը ԲՀԿ-ն էր: Հայտարարեց, որ ՔՊ-ի հետ դաշինք է կազմելու՝ ընդդեմ Հայկ Մարությանի: Մեկը կար, անունը մոռացել ենք, ժամանակին որ ՀԱԿ-ից թռավ, պատճառ բերեց, թե Լևոնը էն օլիգարխ Ծառուկյանի հետ է համագործակցում: Բա ո՞նց կլինի, էդ մեկը ասաց՝ ես շատ սկզբունքային մարդ եմ, երբեք չեմ հանդուրժի Ծառուկյանին... հիմա ջան են ասում, ջան լսում: Երևի այս դաշինքի արդյունքներից բավարարված՝ Փաշինյանը Աբովյանը փեշքեշ արեց Ծառուկյանին: Ասաց՝ քեզ լինի, էս քաղաքը քոնն է: Ծառուկյանն էլ նվերն ընդունեց, ու իր ախրանի պետին ուղարկեց նվերը տիրություն անելու: O tempora, o mores! Իսկականից:

Մոռացել են 1500 մոջահեդի մասին

Հիմա կհարցնեք. լավ, բա ընդդիմությունն ո՞ւր է: Նա ինչի՞ ձեն չի հանում: Մի խանգարեք ընդդիմությանը, չե՞ք տեսնում, զբաղված են հայրենիքը փրկելով: Բայց այս անգամ ոչ թե Նիկոլից կամ ադրբեջանցիներից, այլ Ժիրայր Լիպարիտյանից: Մեզ թվում էր, թե մենակ Լևոն Տեր-Պետրոսյանից են սրանք հոգեխանգարմունքի մեջ ընկնում: Պարզվեց՝ նույն դոզան էլ Լիպարիտյանից են ստանում: Նիկոլ, Զանգեզուր, բան-ման. սաղ մի կողմ են դրել, մի այնպիսի բայաթի են տալիս, հայ-հարայ, հասեք, փրկեք, Լիպարիտյանը Հայաստանում է, էս ասաց, էն ասաց: Տրտինգլամիշ են եղել մի ուրիշ ձևի: 

Մեկ-մեկ մեզ թվում է, թե սրանք հիվանդ են: Այն աստիճան հիվանդագին զառանքներ են դուրս տալիս: Ինչքան դիակ կար, գերեզմանից ելավ, խոսեց: Բայց հիվանդ չեն. ուրացող են: Ընդ որում՝ գիտակցաբար ուրացող: Վանոն որ ասում էր. սրանց գլխավոր ուրացողի ուրացողությունն ավարտվելու է հայրենիքի դավաճանությամբ, ճիշտ էր ասել: Կանգնում ասում են. Լիպարիտյանը թուրքի գործակալ է: Ու գլխավոր ուրացողը չի ասում. արա´, թուրքը մենք ենք, որ էդ մարդու արածները ուրանում ենք: Էս ուրացողներից ոչ ոք, կրկնում ենք՝ ոչ ոք, Լիպարիտյանի հասցեին զառանցելուց այդպես էլ չհիշեց, որ Լիպարիտյանն այն մարդն է, որ մենակով գնաց Աֆղանստան, հանդիպեց Գյուլբեդին Հեքմաթյարի հետ, սա էլ ենք նորից կրկնում՝ մենակով, ու նրանց ետ պահեց Ղարաբաղ 1500 մոջահեդ ուղարկելու ծրագրից: Իսկ այդ մոջահեդները սիրիացի վարձկան չէին, է՜, դրանք Սովետի հետ պատերազմներում թրծված, ռազմական գործին от и до տիրապետող դեմքեր էին: Հաշվեք, որ Լիպարիտյանը 1500 հակառակորդի մենակով չեզոքացրել է: Մի ամբողջ բանակային կորպուսի գործ է արել, որ էս ուրացողները շարունակեին ողջ մնալ ու որոճալ: Էդ 1500 հոգին որ գային Ղարաբաղ, մի հատ մտածեք, թե նրանց դեմ պայքարում ինչքան զոհ կարող էինք ունենալ, ինչ կորուստներ, ռազմաճակատի վրա դա ինչ ազդեցություն կունենար: Չեն ասում. որովհետև ուրացողությունը սրանց մեջ սպանել է մարդ լինելու որևէ նշույլ: Ուզում էինք ասել՝ թու´ ձեր նամուսին, բայց հիշեցինք, որ եթե նամուս չունեն, ինչի՞ վրա թքես: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ