...

Երբ դու ոչինչ ես

Երբ դու ոչինչ ես

Երեկ երկու հայտարարություն կարդացինք։ Երկուսն էլ հայկական Փառուխ գյուղի մասին։ Դրանցից ոչ մեկը հայերինը չէր։ Ռուսներն ասում էին, որ ադրբեջանցիները հետ են քաշվել, իսկ ադրբեջանցիները դա հերքում էին։ Լա՞վ եք, ՀՀ իշխանություն և ընդդիմություն։ Լա՞վ եք, մի քանի օր առաջ նամակներ ստորագրող մտավորականներ։

Լավ չեք։ Չեք կարող լավ լինել։ Որովհետև նույնիսկ դուք եք զգում մղձավանջը։ Չեք հասկանում, բայց զգում եք։ Որովհետև եթե հասկանաք, կոլեկտիվ ինքնասպանություն կգործեք։

Թեպետ գուցե սխալվում եմ։ Լավ եք։ Որովհետև հիմա, հենց հիմա հանգիստ կարող եք ասել, թե Հայաստանից ոչինչ կախված չէ, փոքրիկ երկիր է, մեծերի այս արյունոտ խաղում շատ բան անել չի կարող։ Լավ եք, որովհետև ձեր սիրած վիճակում եք։ Մի կողմից ռուսաց թագավորին եք նամակ գրում, մյուսից՝ Արևմուտքի տերերին։ Իրանը չմոռանաք։ Մի մտավորական ունենք՝ արևելագետ, մեծ-մեծ հոխորտում էր, թե Իրանը թույլ չի տա Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտել։ Իսկապե՞ս։ 

Ռուս-թուրքական բարեկամության մասին ճամարտակողների աստեղային ժամն է։ Մեղավոր են գտել։ Արևմտամետների աստեղային ժամն է․ կարծում են՝ Ռուսաստանից պոկվելու են և ընկնեն արևմտյան դրախտ։ Իսկ գուցե ոչինչ էլ չեն կարծում։ Պետք է՝ խոսում են։ 

Բայց փաստը մնում է փաստ։ Այո՛, կրկնում ենք։

Փաստն այն է, որ Հայաստանը դադարեց գործոն լինելուց 2020-ի պատերազմից հետո։

Հայաստանը 98-ից սկսած՝ թուլացել է։ Սրա մասին դեռ 97-ին զգուշացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց չլսեցիք։ 2020- ի պատերազմի իրական պատճառները չեք ուզում տեսնել, որովհետև պետք է խոստովանեք ձեր մեղքը։ Բոլորդ՝ Ռոբերտ Քոչարյանից մինչև Նիկոլ Փաշինյան՝ հարակից անձանց և մտավորականներին գումարած։

Եվ հիմա ռուսներից, թուրքերից կամ ամերիկացիներից ու իրանցիներից ճամարտակելիս պետք է հիշեք, որ օտարը մեր մասին մտածելու որևէ պարտավորություն չունի, որ մենք ենք մեր երկիրը դարձրել առուծախի ապրանք, տարածք։

Ասում են՝ եթե-ներով չի կարելի խոսել, կամ պատմությունը չի ընդունում պայմանական եղանակը։ Սուտ է։ Պատմությունը նաև կորցրած հնարավորությունների քննարկման և սեփական հիմարություններն ուսումնասիրելու տիրույթ է։ Բայց մենք դա չենք անի, որովհետև շատ ցավոտ է։

Իսկ այսօրվա մղձավանջը նույնիսկ Վանո Սիրադեղյանը չէր պատկերացնում, երբ 2000 թ․-ին կանխատեսում էր․

«Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով... բայց այդ արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»:

Չէր պատկերացնի, որ ստորացուցիչ բանակցություններ անգամ չենք վարելու, որովհետև․․․

Գրիգոր Խաչիկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ