...

Երբ մոբիլիզացվում են բոլոր հակահեղափոխականները

Երբ մոբիլիզացվում են բոլոր հակահեղափոխականները

Հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկվում է հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, օլիգարխիայի (Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ սեփականատեր) կարկառուն ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։ 

Իհարկե, անսպասելի չէր, որ Գագիկ Ծառուկյանը պիտի նման հայտարարություն անի ոչ միայն այն բանի համար, որ հանգիստ վայելի 20 տարիների ընթացքում կուտակած հսկայական կապիտալը (թե նա ինչ ձևով է կապիտալ կուտակել, պետք է հիշել նրա մոր՝ Ռոզա Ծառուկյանի հարցազրույցը), այլ գուցե նաև մարդկային պարզ երախտագիտության համար, թե ով է կանգնած եղել կուսակցության ստեղծման ակունքներում և ում շնորհիվ են այդքան կարճ ժամանակահատվածում բարգավաճել ինքն ու իր մերձավորները։ 

Շատ զարմանալի ու տարօրինակ կլիներ նրա լռելը։ Մարդն իր հայտարարությունների համար հարմար պահ է ընտրում։ Հեղափոխությանը ջուր տվեց և միացավ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ։ Իսկ հիմա իսկական հարմար պահ է, երբ մերժվածների կարկառուններն առանձին-առանձին հայտարարություններով հանդես եկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, երկրում մոլեգնում է կորոնավիրուսը և տնտեսական ճգնաժամն անխուսափելի է։ Գագիկ Ծառուկյանի համար հարմար պահ է, որ խոսի ներդրումներից և կառավարության հրաժարականը պահանջի։ 

Իհարկե, Գագիկ Ծառուկյանը զգուշություն ցուցաբերեց և հեղափոխությունից երկու տարի անց կառավարության հրաժարական պահանջեց (ունենալով 2015թ․ դառը փորձը՝ դժվար թե նման բովանդակության հայտարարություն աներ, եթե չունենար երաշխիք)։ Քսան տարի մաս է կազմել այն համակարգին, որին հանրությունը մերժել է երկու տարի առաջ, իսկ հիմա հերթն իրենն էր, ինչը ենթադրում է հեղափոխության մոտալուտ վախճանը։ Սա արդեն հեղափոխության պարտության ուրվական չէ, սա ռեալ վտանգ է, երբ մոբիլիզացվում են բոլոր հակահեղափոխականները։ Սա մենք ցավով ենք արձանագրում։ 

Իսկ հեղափոխության պարտությունն սկսվել է շատ ավելի վաղ։ Հեղափոխությունը պարտվեց հեղափոխությանը հաջորդած օրերին, երբ ուժային կառույցները Նիկոլ Փաշինյանը վստահեց Օսիպյանին և Վանեցյանին։ Հեղափոխությունը պարտվեց երկու ամիս անց, երբ սկսվեց մեղադրյալների բռնել-բաց թողնելը, և մեղադրյալները սփռվեցին աշխարհով մեկ։ Հեղափոխությունը պարտվեց, երբ գաղտնալսեցին երկրի ղեկավարի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցը և չբացահայտվեց, բայց նույն ԱԱԾ տնօրենը շարունակեց պաշտոնավարել և ամիսներ անց ստացավ գեներալի ուսադիրներ, իսկ մի ամիս անց նոր հեռացավ պաշտոնից, հիմա էլ վարչապետի հրաժարականն է պահանջում։ Տարօրինակ է, չէ՞։  

Վերջապես հեղափոխությունը պարտվեց այն ժամանակ, երբ քսան տարի կոռումպացված համակարգի դեմ պայքարողները պետական կառավարման համակարգում տեղ չգտան: Վարչապետի ասելով՝ պետական կառավարման համակարգում կադրերի 90%-ը նախկիններն են ու դիմադրում են հեղափոխությանը, այնուհետև հայտարարում է, որ իրավական համակարգում դավաճաններ կան, բայց մնում է հայտարարությունների մակարդակով։ Հեղափոխությունը պարտվեց, երբ երկրի ղեկավարը հայտարարեց վնգստացող դատավորների մասին, և դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն չեղավ։ Հեղափոխությունը պարտվեց, երբ աղքատ երկրում նախարարների աշխատավարձերը թաքուն բարձրացրեց մինչև միլիոնուկես, գումարած հավելավճար ու պարգևավճար։ Հեղափոխությունն անընդհատ պարտություն է կրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ 

Հակահեղափոխականների՝ սկսած պիցցայակերներից մինչև թանկանոց գրաճանաչների ու քաղգործիչների գործողությունները ղեկավարվում են մեկ կետրոնից։ Իրավիճակն անչափ նման է 90-ականներին։ Երբ Քոչարյանը եկավ վարչապետ, դեռ այն ժամանակվա մամուլը տեղեկացնում էր, որ կոնֆիդենցիալ հանդիպումներ է ունեցել Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, դաշնակների հետ: Թե հետո ինչով վերջացավ, բոլորիս հայտնի է։ 

Այս անգամ շատ ավելի դաժան է լինելու, նույնիսկ թույլ էլ չեն տալու հրաժարականի տեքստ կարդա։ Նիկոլ Փաշինյանը պիտի վերջ դնի անիմաստ լայվերին. ինքը չէ որ պիտի հայտարարի կորոնավիրուսի դեմ պայքարում որ մարզում քանի մահճակալ է ավելանալու, մետրոյում երիտասարդ գեղեցկուհին դիմակ չի կրում, և ընդհանրապես, պարետի որոշումները կատարվո՞ւմ են, թե՞ չէ։ Պարետ է նշանակված, աղողջապահության նախարար կա, ոստիկանապետ կա, թող յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր գործով զբաղվի, չափ ու կշռի բերի երկու տարվա սխալները, քանի դեռ ամեն ինչ կորած չէ։ Իսկ եթե նույն ձևով շարունակեց, հեղափոխության վերջնական պարտությունն ենք արձանագրելու, ինչը պետականության կորուստ է նշանակելու։ Կորոնավիրուսի դեմ պայքարից շատ ավելի դաժան է մերժվածների դեմ պայքարը։ 

Հ․Գ․ Անցած երկու տարիներին հեղափոխության պարտության վտանգների մասին Հայաստան 24.com-ը բազմիցս է բարձրաձայնել։ 

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ