...

Երկու ամիսը բավարար էր վաճառքի այլընտրանքային վայրեր գտնելու համար

Երկու ամիսը բավարար էր վաճառքի այլընտրանքային վայրեր գտնելու համար

«ՉԻ» զրուցակիցն է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը:

- Պարոն Ստեփանյան, ՌԴ-ից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի մեկից Հայաստանից գյուղմթերք արտահանողները «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում չեն կարող վաճառք իրականացնել: Պատճառաբանությունը փաստաթղթային խնդիրներն են: Ձեր կարծիքով՝ հնարավոր չէ՞ կարգավորել այդ խնդիրները, թե՞ առևտրային կենտրոնի տնօրենն այլևս չի ցանկանում անվճար տարածքներ տրամադրել:

- Եթե նույնիսկ առևտրային կենտրոնը ուղղակի այլևս չի ցանկանում անվճար տարածք տրամադրել, ապա դա տրամաբանական և սպասելի որոշում էր: Հուլիսին, երբ որ պետք էր օգնության ձեռք մեկնել, «Բուխտայի» տնօրինությունը դա արեց: Բայց ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը: Եվ կարծում եմ՝ 2 ամիսը բավարար էր, որպեսզի Հայաստանի արտահանողները կողմնորոշվեն և գտնեն վաճառքի այլընտրանքային վայրեր: Անփաստաթուղթ ու անվճար առևտուր իրականացնելը չի կարող մշտական բնույթ ունենալ: Դա օրենքի խախտում է և բացի այդ, «Բուխտա» առևտրի կենտրոնի մշտական վաճառող գործընկերների մոտ կարող է առաջացնել արդարացի դժգոհություն: Եվ, ի վերջո, հարցի լուծումը չի կարելի դնել միայն «Բուխտայի» տնօրինության ուսերին: Իրենք իրենց լուման արդեն ներդրեցին, և դա շատ ողջունելի է: Իսկ հարցին պետք է տրվի մշտական լուծում՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում: Կարծում եմ՝ այդ առումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից մինչև տարվա վերջ կարող ենք նորություններ ակնկալել:

- Խաղողագործներն ահազանգում են, որ մարզից խաղողի, դեղձի և սալորի արտահանումն արդեն մեկ շաբաթ է՝ կանգնած է: Արտահողները չեն գալիս: Ըստ Ձեզ՝ հայկական կողմն ինչպե՞ս պետք է լուծի արտահանման հարցը:

- Այս տարի ունեցանք մի կողմից՝ առատ բերք, այսինքն՝ մեծ առաջարկ, իսկ մյուս կողմից՝ ունեցանք պանդեմիա և դրա հետևանքով գնողունակության անկում: Այդ առումով 2019 թվականը ոսկե տարի էր գյուղացիների համար՝ խաղողը մթերվում էր բարձր գնով, արտահանողները ակտիվ էին, ֆերմերները լի էին օպտիմիզմով: Կար նույնիսկ մասնագիտական կարծիք, որ ոգելից խմիչքների արտահանման աճի նույն տեմպերի դեպքում Հայաստանում կառաջանա խաղողի դեֆիցիտ: Բայց պանդեմիան ժամանակավոր խառնեց խաղաքարտերը: Իմ կարծիքով՝ պետությունը արդեն մեծ քայլ է կատարել՝ սուբսիդավորելով խաղողի մթերումը: Մնացածն արդեն շուկայական հարաբերություններով պետք է որոշվի: Ֆերմերների մի մասը կիրացնի, կարտահանի ավելի ցածր գնով, մյուս մասը կպահի սառնարաններում՝ ավելի ուշ, բայց ավելի թանկ վաճառելու ակնկալիքով: Ամեն տարի իրավիճակը տարբեր է: Անցած տարի՝ լավ, այս տարի՝ խնդրահարույց:

- Նախորդ տարվա համեմատ խաղողի ու դեղձի գինն արտահանողները նվազեցրել են: Սա կապվա՞ծ է ռուբլու գնանկման, ՌԴ-ում գնողունակության անկման հետ, թե՞ ստեղծված իրավիճակից օգտվում են:

- Ինչպես արդեն նշեցի, կապված մի կողմից առատ բերքի և մյուս կողմից ճգնաժամի հետ, գրեթե ամեն ինչ այս տարի ավելի վատ ու ցածր է, եթե համեմատենք անցած տարվա հետ՝ նաև արտահանման գները: «Իրավիճակից օգտվելը» ճիշտ ձևակերպում չէ: Մեծ պահանջարկի դեպքում ֆերմերն է թելադրում և՛ մթերողին, և՛ արտահանողին, իսկ ցածր պահանջարկի պայմաններում՝ հակառակը: Սրանք շուկայական հարաբերություններ են: Ասեմ նաև, որ արտահանողը մեծ ռիսկեր է կրում թե՛ ճանապարհին, և թե՛ արտահանման շուկաներում՝ մրցելով ուզբեկական, իրանական և այլ երկրների էժան արտադրանքի հետ: Եվ շատ հաճախ արտահանողը կրում է մեծ վնասներ՝ չկարողանալով իրացնել ֆերմերի նախընտրած գնով ձեռք բերած արտադրանքը: Այս տարի արտահանողը չի կարողացել Ռուսաստանում ֆերմերի թելադրած գնով արագ իրացնել արտադրանքը: Ուրեմն, արտահանողը պետք է գինն իջեցնի, որպեսզի իրացնի: Շղթայաբար նույնը պետք է անի և ֆերմերը:

- Ծիրանի հետ կապված վերջին դեպքից հետո շատ է խոսվում, որ պետք է ՌԴ-ում հայկական շուկա ունենալ: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ:

- Պետական նշանակության և կարևորության յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա պետական աջակցություն՝ թե՛ վարչական, և թե՛ ֆինանսական առումով: Շուկաների ընդլայնման ապահովման 2020-2025թթ․ պետական միջոցառումների ծրագրում նախատեսված է առևտրային տների մոդելի մշակում և երեք գործող կառույցների հիմնում: Հուսով եմ, որ նշված քննարկումները կարագացվեն, կապված հուլիսին տեղի ունեցած դեպքերի հետ: Ի դեպ, ես կարծում եմ, որ «հայկական շուկա» ասելով՝ միայն տարածքը և գույքը ի նկատի չպետք է ունենանք: Մեզ անհրաժեշտ է արհեստավարժների կողմից ղեկավարվող, հարմարավետ ու ապահով ենթակառուցվածքներով կառույց, որտեղ գնորդը պետք է այցելի հաճույքով: Այսինքն՝ հիմքում պետք է ընկած լինի «Ֆուդ Սիթիից» առնվազն ոչ պակաս արհեստավարժությունը, հարմարավետությունը և անվտանգությունը: Միայն այդ դեպքում մի քանի տարվա աշխատանքից հետո տվյալ կենտրոն կայցելեն ոչ միայն հայերը, այլև միգուցե նաև ադրբեջանցի առևտրականները: Այսինքն, մենք դերերով կփոխվենք:

- Ըստ վիճակագրության, 2020թ. հունվար-հուլիսին արտահանումը նվազել է 6.4%-ով: Արդյո՞ք պատճառը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն են, թե՞ այլ խնդիրներ ևս կան:

- Նման և նույնիսկ ավելի բացասական ցուցանիշներ ունեն շատ երկրներ: Ուկրաինան՝ 7 %, Ադրբեջանը՝ 9 %, Ղազախստանը՝ 11 %, Վրաստանը և Բելառուսը՝ 17 %, Ուզբեկստանը՝ 23 %: Այդ առումով Հայաստանի արձանագրած 6,4 %-ը այդքան էլ վատ չէ: Մեծ հաշվով, իհարկե, պատճառը կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն է: Ի դեպ, ասեմ՝ ունենք շատ ապրանքային խմբեր, որոնք արձանագրել են դրական արտահանում՝ պանիր, չրեղեն, երշիկեղեն, պահածոներ, ջուր, լոլիկ, խոշոր և մանր եղջերավոր անասուն, ձուկ և այլն: Նվազել է խմիչքը, շոկոլադը, նաև միրգը՝ խաղողը, ծիրանը: Այստեղ պետք է նշենք, որ հունիսին ունեցել ենք ընդամենը 0,5 % անկում: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ երկրորդ կիսամյակում արտահանման ցուցանիշները կարող են լինել դրական և ընդհանուր տարվա արտահանման պատկերը մեղմանա: Հայաստանի արտահանման խնդիրներից մնում է մեծ կախվածությունը հանքահումքային արտահանումից, արտահանման շուկաների ցածր դիվերսիֆիկացիան, հայկական արտադրանքի ընդհանուր ցածր մրցունակությունը՝ ոչ պատշաճ փաթեթավորումը, մարքեթինգի՝ շուկայահանման ընդհանուր ցածր մակարդակը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   106221 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ