...

Բում՝ չրի արտադրությունում

Բում՝ չրի արտադրությունում

Ավելի շատ չիր են անում, քան արտահանում

Չրագործները քիթ սրբելու ժամանակ չունեն՝ գործը եռում է: Արևի ոսկեշող ճառագայթների տակ, կամ էլ նոր տեխնոլոգիայով հայկական արևահամ մրգերն են չորացնում: Դեղձի, սալորի, թզի դատարկված սկուտեղները շուտով կլցվեն տանձով, խնձորով և մյուս պտուղներով: Հատ-հատ չորացված մրգերը կսպասեն գնորդին:

Այսպես գործն ակտիվ է հանրապետության գրեթե բոլոր ծայրերում: Ամեն օր մեկը մյուսի հետևից բացվող չորանոցները խոստումնալից բիզնեսի քայլեր են անում:

Չրագործության ոլորտում բումը շարունակվում է:

«Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Սանդրո Աբովյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց, որ թավշյա հեղափոխությունից հետո է կտրուկ ավելացել չորացված մթերք արտադրողների թիվը:

Չորանոց հիմնելու համար այլևս կարիք չկա ծանոթ-բարեկամ խառնել, պետությունն էլ սուբսիդավորված վարկեր է տրամադրում: Մի կողմից էլ՝ արտադրությունը մեծ ներդրումներ չի պահանջում:

«Հենց առաջին հնարավորության դեպքում բոլորը վարկ են վերցնում և միանգամից չորանոցներ են կառուցում: Կառավարությունն ասում է՝ եթե մեկից մի ապրանք ես վերցնում, որ վերամշակես, տոկոսներն ինձ վրա եմ վերցնում: Անտոկոս վարկ է տալիս: Միայն պետք է նպատակային օգտագործել՝ պետք է խաղող, դեղձ, ծիրան գնես: Այսպիսի բան երբևէ չի եղել: Դրա համար գումար վերցնելու խնդիր չկա: Սա այն արտադրությունը չէ, որ շատ փող պահանջի, սա պահածոյի, գինու արտադրություն չէ: Չրագործներն էլ ավելի են շատացել, որովհետև հեշտ է աշխատանքը կազմակերպել: Այսօր ուր գնաք՝ չորանոց կտեսնեք»,- նշեց նա:

Թեև Սանդրո Աբովյանը ստույգ չի հաշվարկել հանրապետությունում գործող չորանոցների քանակը, բայց հավաստիացնում է՝ այս տարի էլ կրկին մեծ թվով չորանոցներ են բացվել: Զանգերից է այդպիսի տպավորություն ստացել: Գործ սկսողները խորհրդատվության համար «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի տնօրենին են զանգում: Դիմողները խոշոր արտադրողներն են, իսկ ավելի փոքրերը, կամ նույնիսկ տնային պայմաններում չիր արտադրողները ինքնուրույն են գործից գլուխ հանում:

Հիմա դեղձ են չորացնում: Խոշոր արտադրողներն արդեն մոտ 200 տոննա բերք են հավաքել: Դեղձի չիրն արտահանման մեծ շանսեր ունի, քանի որ ոչ բոլորն են չորացնում, աշխատատար է. նախ, պետք է պտղամիսն առանձնացնել, հետո՝ խոշոր կորիզը:

«Ամբողջ դեղձի քանակի կեսից ավելին չրագործներն են տանում: Արմավիրի մարզի Խանջյանի տարածաշրջանում ուր մտնում ես՝ չրագործները պայմանավորվել են: Նայում ենք՝ մեկ ֆուռ է կանգնած, հինգ՝ չրագործ: Ինչքան արտահանման են տանում, այնքան էլ չորացնում են»,- մատնանշեց նա:

Չիր արտադրողները, սակայն, ռիսկի դիմելով են գործը սկսել: Դեղձն այս տարի թանկ է, կիլոգրամը 300 դրամով են գնում: Սկզբում թանկ հումքի պատճառով կամուկացի մեջ են եղել, բայց հետո կասկածները մի կողմ են թողել և աշխատել:

Հենց թանկ հումքի պատճառով հայկական չիրը դրսի շուկայում տուժում է:

Մեր չորացված միրգը գնային առումով մրցունակ չէ:

«Որակապես լավ ենք: Մեզ մոտ հումքը թանկ է, և չիրն էլ շատ թանկ է վաճառվելու: Մենք ինչ ենք արտադրում: Եթե գինը որակին համարժեք լինի, կարող են իրացնել: Շատ փոքր քանակություն ենք արտադրում: Ամենամեծ չորանոցը, որ սարքել են՝ Արմավիրի մարզում է: Թունելային չորանոց են դրել: Ինձ թվում է՝ թունելային չորանոցը հեռանկար չի ունենալու, որովհետև շատ հզոր է, և Հայաստանում եղած ամբողջ մրգի քանակությունը կարող է 2-3 օրում չորացնել: Հարցնում եմ՝ ի՞նչի եք կառուցել, պատասխանում են, որ դրսից են հումք բերելու»,- փոխանցեց նա:

Կարող ենք արտադրանքի ծավալը կրկնապատկել, եթե լուծվի տեղական շուկայում իրացման հարցը: Մեզ մոտ շուկան տարերային է:

«Օրինակ՝ Թուրքիայում ասոցիացիաներ կան, որոնք մեծ թվով չիր են ընդունում՝ պահեստավորում են, վերամշակում և նոր իրացնում: Մեզ մոտ այդպիսի բաներ չկան՝ ով ոնց կարողացավ, վաճառում է: Ինչքան կարողանում են վաճառել, էդքան էլ արտադրում են, շատերն այդպես են անում: Ով ինչպես կարողանում է, վաճառում է»,- նկատեց Սանդրո Աբովյանը:

Անհրաժեշտ քայլեր

Գործը կարող է ծաղկել նաև լավ ապրանք ունենալու դեպքում: Պետք է զարգացնել գյուղացիական տնտեսությունները՝ մասնավորապես չրի համար առավել բարենպաստ սորտերի մշակման ուղղությամբ:

«Հիմա մենք ինչ գյուղատնտեսություն ունենք: Հումքային բազա ընդհանրապես չկա: Մեզ պետք է շատ ապրանք: Եթե դեղձն առատ լիներ, այդպիսի գին չէր ունենա: Պետք է ինտենսիվ այգիներ ունենանք: Դա ժամանակի խնդիր է: Սև սալորը սրանից 10 տարի առաջ 500 դրամ արժեր, բոլորն այդ ծառից տնկեցին, հետո՝ լճացավ: Պետք են բերքատու, լավ սորտեր: Անհրաժեշտ է զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը, որ բերքատվության ցուցանիշը բարձր լինի: Հիմա այս պրոցեսը գնում է, բայց երկար ժամանակ է պահանջվելու»,- նշեց նա:

Իսկ բացվող չորանոցները սոցիալական լարվածությունն են թուլացնում: Ընտանիքով սկսում են չորացված միրգ ու բանջարեղեն արտադրել, հետո էլ աշխատողների կարիք են ունենում և օրական 4000 դրամով այլ աշխատողներ են ներգրավում իրենց բիզնեսում:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1077 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ