...

«Ես արդեն տանն եմ, կարաք ինձ գծերից քցեք»

«Ես արդեն տանն եմ, կարաք ինձ գծերից քցեք»

Սա երևանյան «Ազիզյանները» սիթքոմի գլխավոր հերոսի՝ Գառնիկի խոսքերն են։ Իսկ Գառնիկի դերը մարմնավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը լքեց սիթքոմի նկարահանման հրապարակը՝ խոպան գնալու (իրականում քաղաքապետ դառնալու) սցենարական լուծման միջոցով։ Այո, բոլոր համընկնումները պատահական են։ Հիմա ըստ էության․ լավ, թե՞ վատ քաղաքապետ է եղել Հայկ Մարությանը՝ քննարկման նյութ է, ներկուսակցական խարդավանքների զոհ է դարձել, թե՞ ինքն է հասունացրել իր շուրջ ստեղծված իրավիճակը՝ էլի կարող ենք քննարկել։ Բայց իրավիճակի՝ հայտնի սիթքոմյան դրամատիզմի սկզբունքը անպայմանորեն արձանագրում է, որ հեղափոխությունից անց հասարակությանը սևերի և սպիտակների բաժանած քաղաքապետին «գծերից քցում են» իր պատկերացրած սպիտակները։ Ստացվում է՝ Մարությանի աչքերը բացվել են և նա սկսել է տեսնե՞լ գույները։ Հնարավոր է։ Բայց այստեղ շատ ավելի կարևոր են Երևանի ավագանու անդամների հրապարակային ելույթները, որոնք մատնում են քաղաքապետին անվստահություն հայտնելու իրական պատճառները։ Դրանք չեն վերաբերում քաղաքի կառավարման հիմնախնդիրներին, քաղաքի զարգացման ծրագրերի աշխարհայացքային տարբերություններին և այլն։ Դրանք բացառապես ներանձնային մակարդակում են։ Օրինակ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Էդուարդ Ավետիսյանը նեղսրտած հայտարարել է՝ «Չնայած նրան, որ քաղաքապետը դառել էր կուսակցության անդամ ավագանու ընտրություններից մի քանի օր առաջ, նա երբեք կուսակցական գործունեություն չի ծավալել։ Չի մասնակցել ՔՊ նախաձեռնող նիստերին, չի մասնակցել քաղաքական քննարկումներին, հանրային տիրույթում քաղաքական խոսք չի արտաբերել։ Այս ապաքաղաքական դիրքավորումը քիչ-քիչ բերել է նրան, որ նրա հարաբերությունները վատացել են կենտրոնական կառավարող ուժի հետ։ Կոմունիկացիան նախարարների, պատգամավորների ու այլ պետական կառույցների հետ դժվարացել է և ինչ-որ պահի կանգ է առել։ Բայց հնարավոր չէ մեծ քաղաքականության մեջ լինել ապաքաղաքական»։ 

Հաջորդ ձևակերպումն այսպիսին է․ «Ճգնաժամի նոր փուլ սկսվեց անմիջապես պատերազմից հետո, երբ քաղաքապետը կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեց։ Պետության ու քաղաքական թիմի համար դժվարագույն այդ պահին մեծ հարված էր նմանատիպ լուր լսելը։ Ճիշտ է, այդ լուրը չհանրայնացվեց և միայն ամիսներ անց բացահայտ խոսվեց դրա մասին, բայց հենց այդ պահին ստացվեց հետևյալը՝ եթե մինչ այդ քաղաքապետը, ֆորմալ առումով կուսակցական լինելով, պնդում էր, որ չի զբաղվում քաղաքականությամբ ու զբաղվում է միայն Երևանի հարցերով, ապա կուսակցությունից դուրս գալով ուղիղ ասվեց, որ նա չի ցանկանում քաղաքական պատասխանատվություն կիսել կամ որևէ առնչություն ունենալ քաղաքական թիմի հետ»։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանին պատժում է միայն անձնական նկատառումներից ելնելով։ Մարությանը կրծքով չի կերակրել Փաշինյանին, չի ապրումակցել նրան ու հանդգնություն է ունեցել սեփական գլուխը չդնել «թագավորի» ոտքերի տակ։ Նախընտրել է «գծերից քցվածի» կարգավիճակը։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ