Ինքը որոշել է իրենց գյուղի տանը ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի լիդերներին պատիվ տալ։ Այգում երկու սեղան է գցել։ Մեկը անցողիկ շեմը հաղթահարածների համար, մյուսը՝ չհաղթահարածների։ Հովակիմյան Վահագը անընդհատ վազքի մեջ է։ Բաժակներն ու ափսեներն է հաշվում, անձեռոցիկները ուղղում, շշերը բացում․․․ Հյուրերն ուր որ է կգան, բայց Արամ Զավենիչը դեռ նույնիսկ կրակը չի կարողացել վառել։ «Հա, ես ի՞նչ անեմ, խեղճ-խեղճ արդարանում է Վահագը, ինչքան թուղթ եմ տալիս, փոխանակ դրանցով կրակը վառի՝ վրան կլյաուզաներ ա գրում․․․»։
Հյուրերը սկսում են հավաքվել։ Ինքը, սեղանի գլխին նստած ու արդեն մի քանի բաժակ տեղական արտադրանք իրացրած, հերթով հրավիրում է․ «Արի, արի, Ռոբերտ Սեդրակիչ, արի հենց կողքս էլ նստի։ Կարաս էս հնդուշկան էլ մինչև քոքը մաշացնես»։ «Ես դեռ չեմ որոշել, բայց պատրաստ եմ և՛ նստել, և՛ չնստել, նայած՝ թե մյուսներն ինչ կորոշեն», ասում է Քոչարյանը։ «Ա՛յ ցավդ տանեմ, ես քեզ չե՞մ ասել՝ երկար ժամանակով նստելու ես», ծիծաղում է ինքը։ «Համ էլ՝ տեսախցիկներ չկան, հանգիստ արի քո արժանի տեղը նստի, դու որ չլնեիր՝ ոչ էս սեղանը կլներ, ոչ էլ ես սեղանի գլխին նստած կլնեի»։ Ապա դիմում է Նարեկ Կարապետյանին․ «Նարեկ ջա՞ն, արի։ Հոպարը ո՞նց ա։ Նստի։ Օղի լցրու, կարտոշկա վերցրու․․․»։ «Մենք դեռ չենք որոշել՝ կարտոշկաները վերցնո՞ւմ ենք, թե՞ ոչ», պատասխանում է նա, ապա, տեսնելով, որ օղին ռուսական չէ, արհամարհանքով մի կողմ հրում։
Այդ պահին լսվում է Գագիկ Ծառուկյանի ձայնը․ «Բա ես հիմա ասենք թե համապատասխան ո՞ր սեղանի մոտ նստեմ»։ «Տո հենց սեղանների մեջտեղն էլ նստի գետնին», ասում է ինքը․․․
Կամաց-կամաց բոլորը հավաքվում են։ Արման Թաթոյանը, աջուձախ բոլորին թարս չափելով, նստում է երկրորդ սեղանի գլխին ու սկսում խաշած հավերի միասնության թևերը պոկել։ Հայկ Մարությանը ձեռքով բարևում է բոլորին՝ անընդհատ ասելով «հաճելի ա, հաճելի ա», իսկ Էդմոն Մարուքյանը չի շտապում նստել։ «Ա՛յ քո կլասիկ ցավը տանեմ, ուզո՞ւմ ես արի կողքս նստի», ասում է գետնին նստած Ծառուկյանը։ «Էդ սպառնըմ ե՞ս», պատասխանում է Էդմոնը ու շտապում տեղավորվել սեղանի շուրջ․․․
Ինքը բարձրացնում է բաժակը, որպեսզի առաջին կենացն ասի, բայց նկատում է, որ բաժակի մեջ ճանճ կա։ Մատով կանչում է Վահագին․ «Էն թազա աֆիցանտին ասա, թող ուրիշ բաժակ բերի, դու էլ մոխրամաննե՛րը փոխի»։ Վահագը կիսաձայն բացատրում է, որ իր ցույց տվածը նոր մատուցող չի, Շնորհապետականի թեկնածուն է․․․ Ինքը սկսում է կենացը․ «եվ այսպես, մենք անցկացրեցինք ազատ-արդար ընտրություններ․․․»։ Այս խոսքերի վրա Վահագը փռթկում է։ «Ի՞նչ ես բերանդ բացել, արա՛», գոռում է ինքը ու ձեռքի ոսկորը շպրտում նրա ուղղությամբ, բայց նա ճարպկորեն խուսափում է ու մի կողմ փախչում։ Ոսկորն ընկնում է մի քանի մետր այն կողմ՝ թփերի տակ, ու անմիջապես էլ այնտեղից նախ շան կաղկանձ է լսվում, ապա՝ գոհ կրթկրթոց։ Ինքն ինչ-որ բան է հիշում ու մոտ կանչում Աննային․ «Էս Դանչոյին չե՞նք հրավիրել»․․․ Ապա շարունակում է կենացը․ «Եթե հիշում եք՝ ես տարիներ առաջ ասել էի, որ ավելի լավ ա գետինը մտնեմ, քան ընտրություններ կեղծեմ»։ Նույն պահին էլ աթոռի տակի հողը բացվում է, ու ինքը գետինն է մտնում․․․
Այգում միանգամից մեռելային լռություն է տիրում։ Վահագը անմիջապես հանում է գրպանում պատրաստ պահած կեղծամը, քաշում գլխին, բեղեր կպցնում ու դուրս փախչում։ Մյուսներից շատերը սփրթնում են, գրպաններից հանում հեռախոսներն ու զանգում տարբեր երկրների դեսպանատներ։ Միայն Քոչարյանն է անձնազոհաբար նետվում դեպի փոսը՝ փորձելով փրկել իրեն ու գոռալով՝ «Բռա՛տ, բռա՛տ, ինձ մենակ մի՛ թող, կռելո՛ւ ենք․․․»։
Արթնանում է ծանր գլխով։