...

Գազի սակագինը կախված է ՀՀ-ՌԴ հարաբերություններից

Գազի սակագինը կախված է ՀՀ-ՌԴ հարաբերություններից

Մի մասի համար մի փոքր կէժանանա, մյուսների համար՝ կթանկանա

«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 2020 թ. հուլիսի 1-ից ընկերությունը ցանկանում է որոշ սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ 2019թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ-ի դիմաց դառնալով 165 դոլար։  

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտարարությունը սպասելի էր, քանի որ վերջինս գազի սակագնի փոփոխության հայտ ցանկանում էր դեռ հունվարին ներկայացնել: Սակայն, ձեռք բերված պայմանավորվածությամբ ապրիլի մեկին կարող էր դիմել գազի սակագնի փոփոխության հարցով:

Նա տեղեկացրեց, որ առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար գազն էժանացնել 2.2 %-ով:

36 տոկոսով նախատեսվում է գազի սակագինը բարձրացնել 10 հազար խմ-ից ավելի սպառող սուբյեկտների համար:

Օրեր առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր «Գազպրոմ» ընկերության ղեկավարին գազի գինը Հայաստանի սահմանին նվազեցնելու համար։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Բելառուսի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում կրկին քննարկվել էր ներմուծվող գազի գնի հարցը։ Կողմերն ընդգծել էին, որ սակագինը բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին։

«Մի բան է՝ գազի գինը սահմանին, մեկ այլ բան՝ ներհայաստանյան գինը: Ներհայաստանյան գնի վրա ռուսները չեն կարող ազդել: Սահմանին գազի գինը ձևավորելու հարցով մենք պետք է բանակցություններ վարենք Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ ընդհանրապես գազի միջազգային գին գոյություն չունի, այն անհատական է և որոշվում է միջպետական հարաբերությունների սկզբունքով:

«Հայաստանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում և որոշվում է գազի միջինացված գինը՝ ինչ-որ գնի շուրջ համաձայնության են գալիս: Իսկ, թե Հայաստանի ներսում այն ինչ գնով է վաճառվում, սա արդեն որոշում են կառավարությունն ու «Գազպրոմը»: Ընկերությունը կարող է հիմնավորել, որ իր ներկայացրած հայտը պայմանավորված է նրանով, որ սահմանին սակագինը բարձր է, դոլարը նույնպես բարձրացել է: Այս 2 հիմնավորումներն արդեն լուրջ են, որ հայկական կողմը չկարողանա մերժել»,- նկատեց փորձագետը:

Գազի սակագինը քաղաքական հարց է

Արմեն Մանվելյանն ընդգծեց, որ Հայաստան-Ռուսաստան գազի սակագնի շուրջ բանակցությունները մինչև այժմ անարդյունք են եղել:

«Կոպիտ ասած՝ վերջին 2 տարվա ընթացքում գազի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողել ենք: Արդյունքում նախորդ տարի գազը սահմանին թանկացավ, բայց կարողացանք «Գազպրոմին» ստիպել, որպեսզի վերջինս իր ներքին ռեսուրսների հաշվին գազի ներքին գինը չբարձրացնի, բայց նա հավերժ այդ գնով չի կարող գազ տալ: Հիմա, եթե մենք ցանկանում ենք, որ գինն իջնի, նորից կառավարությունը պետք է Կրեմլի հետ համաձայնության գա և գազի գինն էժանացնի: Հիմա հնարավորություն կա՝ կորոնավիրուսի, Եվրոպայում գազի սպառման ծավալների կրճատման հետ կապված»,- ասաց մեր զրուցակիցը:

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը, անդրադառնալով նավթի համաշարհային գների նվազման և դրա հնարավոր ազդեցությունը կապույտ վառելիքի գնագոյացման վրա, նշեց. «Որոշակի պայմանավորվածություն կա ռուսների և Եվրոպացիների միջև՝ եթե նավթի գինը բարձրանում է, գազինն էլ է բարձրանում, եթե նվազում է, ուրեմն՝ իջնում է: Գոյություն չունի համաշխարհային տենդենց, որ գազի սակագինը կախված է նավթի գնից»:

Ըստ Արմեն Մանվելյանի՝ գազի սակագնի հարցում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է: Նա ցավով արձանագրեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր փայլուն չեն:

«Արդյունքը հենց երևում է գազի գնից: Նախորդ տարի գազի սակագինը բարձրացավ 15 դոլարով, բայց իրականում այն բարձրացել էր 30-ով: Մինչև այդ՝ պայմանագրով 150 դոլար էր, բայց ռուսներին վճարում էինք 135 դոլար, դա ներքին համաձայնությամբ էր տեղի ունեցել: Ներկա բանակցություններով դեռ որևէ արդյունք չկա: Դա նաև քաղաքական հարաբերությունների որակի մասին է խոսում»,- շեշտեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1836 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ