...

Գազի քաղաքական գործոնը պետք է վերանա

Գազի քաղաքական գործոնը պետք է վերանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ հազար խմ համար։ Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ պատասխան է ներկայացրել «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած առաջարկներին:

«Գազպրոմ Արմենիան» իր հայտում առաջարկել էր բնակչության վաճառվող գազի գինը 139 հազար դրամից դարձնել 135 909 դրամ։ Մինչդեռ ՀԾԿՀ-ն նաև առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար նախատեսված սակագինը` 100 հազար դրամ հազար խմ դիմաց։

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը ՀԾԿՀ-ն առաջարկում է 212 դոլարից դարձնել 224 դոլար, ոչ թե 283․1 դոլար, ինչպես առաջարկում էր «Գազպրոմ Արմենիան»։

Արդյունքում, ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը բարձրացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան»:

«Հասարակական պաշտպանների միության» ՀԿ նախագահ, էներգետիկ հարցերով փորձագետ Արամ Գրիգորյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց, որ գազի սակագինը մի փոքր բարձրանում է խոշոր տնտեսվարողների համար:

«Այս քայլով հանձնաժողովն իր նախորդ սակագինը փորձել է փաստաթղթավորել: Նույն գները մնացել են, երբ սահմանին գազի գինը 150 էր, նույնը մնացել է, երբ սահմանին 165 է: Սակագների մեջ սպառողի կամ մատակարարի օգտին որևէ բան չի կարելի, որ լինի: Սակագները պետք է լինեն կարգավորված»,- նշեց նա:

Ըստ փորձագետի՝ հանձնաժողովի հաշվարկներում տնտեսագիտություն չկա: Հիմնավորումների բացակայությունն էլ թույլ չի տալիս հստակ վերլուծություններ անել:

«Քննարկման է դրված գազի սակագնի հաշվարկի նոր մեթոդիկան: Այդ քննարկումը դեռ շարունակվում է: Հիմա ներկայացված է գազի սակագնի հաշվարկ: Ինձ համար՝ որպես փորձագետ, հասկանալի չէ՝ հաշվարկն արված է հին մեթոդիկայո՞վ, թե՞ նորով: Ներկայացված հաշվարկում՝ աղյուսակների մի սյունակում, դրված են «Գազպրոմ Արմենիայի» թվերը, կողքին հանձնաժողովն ինչ-որ թվեր է գրել: Շահագործման ծախսերը 3 մլրդ-ից դառնում են 24 մլրդ, մոտ 10 մլրդ-ի չափ իջեցրել է հանձնաժողովը, բայց հիմնավորում չկա, թե դա ոնց է լինում: 5 մլրդ-ով իջեցրել են նյութածախսը: Նյութածախսը գազի մատակարարման, բաշխման, տեղափոխման համակարգերի, նորոգման աշխատանքների ծախսերն է: Սրա քաղաքական ասպեկտը հետևյալն է. եթե կարելի էր նյութածախսը 5 մլրդ-ով միանգամից մի հատ գրիչով իջեցնել, ապա այսքան տարի ինչի՞ է այդքան նյութածախս դրված եղել, իսկ բնակիչները վճարել են գազի բարձր սակագին: Եթե այսօր ընկերությունը 11 մլրդ-ի տեղը կարող է յոլա գնալ 7 մլրդ-ով, ապա ինչու են նախկինում այդքան շատ գումար տվել այդ ընկերությանը»,- նկատեց փորձագետը:

Արամ Գրիգորյանի խոսքով՝ ՀԾԿՀ-ն իջեցրել է «Գազպրոմ Արմենիայի» աշխատավարձի ֆոնդը:

«Դա ընդհանուր աշխատավարձի մոտ 25 տոկոսն է, մեծ թիվ է: Ես ենթադրում եմ, որ այդքան աշխատավարձով «Գազպրոմը» կարող է իրականացնել գազի մատակարարման որակյալ ծառայություն: Այս դեպքում հարց է ծագում՝ ո՞նց է եղել նախկինում: Այստեղ ես տնտեսագիտական ոչ մի բան չեմ տեսնում, այստեղ քաղաքական խնդիր կա: Բնակիչների գազի սակագնին ձեռք չեն տալիս, որովհետև կարող է աղմուկ բարձրանալ»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

«Հասարակական պաշտպանների միության» ՀԿ նախագահի կարծիքով՝ գազի սակագնի շուրջ ձևավորված թնջուկը կլուծվի, եթե գազը որպես քաղաքական գործոն վերանա՝ դառնալով տնտեսական գործոն:

Նա շեշտում է, որ այդ գործում հանձնաժողովը պետք է մեխանիզմ կիրառի:

«Մոնոպոլ վիճակը պետք է վերանա: Ի՞նչ է նշանակում, որ ՀՀ-ն միայն ՌԴ-ից կարող է գազ գնել: Եթե մենք մրցակցություն չապահովենք, վիճակը մնալու է այսպես: Տնտեսական հաշվարկ իրականում չկա: ՀԾԿՀ-ն ստեղծված է, որպեսզի սակագները զերծ պահի քաղաքական գործոններից: Հանձնաժոողովը պետք է գործիք հնարի, որ որոշումների ընդունմանը մասնակցի սպառողը: Թվերն արդեն գրել է, քննարկում պետք է լինի: Հիմա ինչ տնտեսագիտական հաշվարկ էլ ներկայացնեն, ինքն իր թվերը դրել է և այդ սահմաններից դուրս չի գալու»,-եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ