...

Evil Selection//Չար ընտրանք

Evil Selection//Չար ընտրանք

Թշնամիդ կամ հակառակորդդ միշտ օգտագործել է և օգտագործելու է թուլություններդ։ Ուսումնասիրելու է քեզ և գտնելու է խոցելի կետդ//կետերդ և հենց քո միջոցով է գլխիդ բերելու «չար ընտրանքը»։

Սկսենք։

Ի՞նչ են անում ազգը, պետությունը կառավարելի դարձնելու համար։ Նախ զրկում են մտածող վերնախավից։ 

1991-1994 թթ․ պատերազմից և հաղթանակից հետո թվում էր՝ մեր երկիրը դեպի անկախություն և բարեկեցություն տանող ուղու ամենավտանգավոր հատվածն անցել էր։ Սակայն թշնամին բնավ քնած չէր, քնած չէին նաև այն կենտրոնները, որոնց անհրաժեշտ էր Հայաստանը կառավարելի դարձնել իրենց ինչ-ինչ նպատակների համար։

Ուրեմն առաջին հերթին նրանք պետք է իշխանությունից հեռացնեին այն ինտելեկտը, որի շնորհիվ հաղթել էինք։ Եվ այդ ինտելեկտը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Հենց նրանից ազատվելու համար օգտագործվեցին ընդդիմության և «մտավորականության» թուլությունները։

Վազգեն Մանուկյանի հիվանդագին ինքնասիրահարվածությունը նրան «ընտիր» գործիք դարձրեց։ «Անպայման նախագահ» դառնալ՝ սա էր նրա անիրական երազանքը։ Եվ ՀՀ տեղեկատվական տարածքը ողողվեց այնպիսի գաղափարախոսական աղբով, որից մինչ այժմ ազատվել չենք կարողանում։ Սակայն Վազգեն Մանուկյանին վիճակված չէր իշխանության գալ, քանի որ ավելի հարմար թեկնածուներ կային։ Օր․՝ Ռոբերտ Քոչարյանը։ Այս գործչին ուսումնասիրել էին և հասկացել, որ գիտելիքը պակաս է, սակայն հավակնությունները շատ մեծ են։ Հաշվի առան նաև ընչաքաղցությունը։ Վազգեն Սարգսյանին ներշնչեցին, որ ինքն է հաղթանակի միակ տերը։ Հիշո՞ւմ եք՝ ոչ այնքան բանակի, որքան կամավորական ջոկատների անզուսպ գովքը, «Բաքվում չայ խմելու» հեքիաթը։ Հիշո՞ւմ եք՝ ով թույլ չտվեց հեքիաթն իրականություն դառնա։ Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, պետության գլուխ լինելով, «տեղյակ չէր» Շուշիի գրավմանը։ 

Փառասիրությունը և ընչաքաղցությունը միշտ են եղել ցանկացած հանրության աքիլլեսյան գարշապարը։ Ուստի թշնամին կարող էր հանգիստ սպասել և զինվել, մինչև չար ընտրանքը հասնի կատարելության։ Ասացինք՝ հանգիստ սպասել, բայց ոչ անգործ։ Մանավանդ, որ Հայաստանի ժողովուրդն առանձնապես չէր հաշտվում Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ։ 

Հայ հասարակությունը 2008 թվականին մի լավ վախեցրեց «չար ընտրանքի» ճարտարապետներին, որովհետև հանկարծ հրապարակները ողողեց Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելու նպատակով։ Իսկ սա թույլ տալ չէր կարելի։ Հիշե՛ք միայն, թե ինչպես արձագանքեցին 2008-ի մարտիմեկյան սպանություններին։ Մի քիչ խոսեցին և սկսեցին հաճույքով համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, որը վերը նշված փառասիրության և ընչաքաղցության ախտերի շարունակողն էր։ Սակայն անգամ Սերժ Սարգսյանը բավարար չէր՝ մեզ կործանելու համար։ 

2018-ին «գտնվեց» մեկը, որը դարձավ «Evil Selection»- ի գագաթնակետը։ 

Եթե համեմատենք համաշխարհային կենտրոնների արձագանքները 2008 և 2018 թթ․, ապա կտեսնենք, որ ինտելեկտի վերադարձը ՀՀ քաղաքական Օլիմպոս բնավ չէր ողջունվում, իսկ այ 2018-ի «լիդերը» ձեռնտու էր բոլորին։ Նրան նույնիսկ Ա․ Լուկաշենկոն էր պաշտպանում։ Այս ընտրանքի հետևանքը, կարծում ենք, ակնհայտ է։

Ավարտենք։ Օգտագործելով հենց մերոնց արատները՝ փառասիրությունը, ընչաքաղցությունը, փոքրոգությունն ու տկարամտությունը՝ թշնամին կարողացավ հասնել իր նպատակին։

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ