...

Հա, սենց էլ ապրում ենք

Հա, սենց էլ ապրում ենք

ՈՃԻՐ ՌՈՄԱՆՏԻԿ

Նկատե՞լ եք՝ հոկտեմբերի 27-ի դատավարության մասին պատմող սյուժեները ազգիս հեռուստաընկերությունները մանրից գցում են գյուղի կռանթի, Աջափնյակի ավագանու նիստի, Էջմիածնի քաղաքապետի շուրջ ղալմաղալի, խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղի ու նման կիսամանր բաների մասին պատմող նյութերից հետո: Շուտով հոկտեմբերի 27-ը կլուսաբանվի հեռուստաընկերությունների մշակութային էջում, իսկ մի քիչ էլ հետո՝ ընդհանրապես բանի տեղ դնող չի լինի: Բա ո՞նց. խի մենք էն ա՞զգն ենք, որ հոկտեմբերի 27-ը մեզ համար արտառոց բան լինի, որ միշտ պիտի ուշադրության կենտրոնում պահենք: Վերջերս մի ամերիկացի հեռուստալրագրողի սակավ մազերը ապշանքից փշաքաղվել էին, երբ մեր բոլոր հեռուստաալիքներով հոկտեմբերի 27-ը մատուցվեց օրվա լրահոսի մեջտեղներում՝ որպես ձեռքի հետ մի բան: Մինչդեռ, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում (եթե, իհարկե, քաղաքակիրթ երկրում նման սպանդ հնարավոր է) այդ կարգի ոճրագործության դատավարությունը յուրաքանչյուր օրվա գլխավոր թեման պիտի լիներ: Բայց մենք հո արևմուտքի նման չտե՞ս չենք. չէ՞ որ շատ ավելի կարևոր բաներ կան. օրինակ, հանրապետության նախագահը սեղմեց Նիդեռլանդների լիազոր, նաև՝ արտակարգ դեսպանի ձեռքը, կամ վարչապետը ընդունեց գերմանացի գործարարներին, որ մեզ դաստիարակեն: Իսկ 27-ը ի՞նչ. բան էր՝ եղավ-անցավ: Եկեք չկենտրոնանանք: Հատկապես, որ երկրի իշխանությունները սգի մեջ են՝ մեր ԲՑ-երը չառան:

Ոչ միայն չառան, այլև ԱՄՆ դեսպանը տեղեկացրեց, որ վայ թե էլ վաբշե չառնեն: Նախագահն առայժմ սպառնալից լռում է, վարչապետը, ասում են, վախից օրը մի քանի արկղ գարեջուր է խմում, իսկ էներգետիկայի բարեկիրթ նախարարը փորձում է ԲՑ-երը ծախելու նոր կոմբինացիաներ մշակել: Տիգրան Նաղդալյանն էլ կողքից շիրա է տալիս Սադոյանին ու մնացած չուզողներին, թե՝ «դե հիմի երգեք՝ ա՜խ, ինչ լավ է ցանցի լանջին ռեչիտատիվը»: Սադոյանն ու մնացած չուզողները, բնականաբար, համարում են, որ իշխանություններին կզացրել են, իսկ Համաշխարհային Բանկը վերջնական հաթաթա է ներկայացրել՝ թե SAC 4-ը չեք ստանա: Այսպիսով, կամ մեր կառավարությունը ցանցերը մեկի վզին կփաթաթի, կամ ոչ միայն SAC 4-ը չի ստանա, այլև վերջնականապես մերոնց կղազացնեն: Իսկ ծախելը բարդանում է. երևի իզուր էր Տիգրան Նաղդալյանն ամեն օր երգում, թե՝ էս ի՜նչ կործանված, էս ի՜նչ քայքայված, էս ի՜նչ անպետք ցանցեր ունենք: Ամերիկացիներն էլ հո էշ չեն, որ չգովազդվող ապրանքը առնեն: Հիմա Տիգրան Նաղդալյանը փոշմանել է ու երգում է՝ այնպիսի ցանց ունենք, որ ԱՊՀ տարածքում ոչ մեկը չունի: Բայց՝ նոր երգից հետո Արշակ Սադոյանը հարցնում է՝ «որ ամենալավն է՝ ինչո՞ւ ենք ծախում»: Տիգրան Նաղդալյանը առայժմ չգիտի, թե դրան ի պատասխան ինչ երգի: Բայց՝ մինչև հաջորդ «Օրակարգը» երգի տեքստը կստանա՝ գրավոր: Իսկ մեր ԲՑ-երը ծախելը բարդանում է, որովհետև մոտ օրերս Ուկրաինան ևս 15 բաշխիչ ցանց է վաճառքի հանելու: Իսկ Ուկրաինայի Ազգային հեռուստատեսության տնօրենը, ասում են, ամեն օր մի ջարդած տրանսֆորմատոր ցույց չի տվել ու վրան լաց չի եղել, թե եկեք, առեք մեր տապալված ցանցերը:

Բայց՝ դառնանք վարչապետին. ասում են՝ եթե մինչև մայիսի վերջը ցանցերը մնան տանը, վարչապետը կգնա իրենց տուն: Ընդհանրապես, մեր կառավարությունում, ըստ հավաստի լուրերի, կտրուկ ավելացել է շաքարախտով հիվանդ նախարարների թիվը: Պատճառը միանգամայն հարգելի է. ոչ մի նախարար, որը երեկոյան որպես ազգի նախարար գնում է տուն քնելու, վստահություն չունի, որ լուսաբացին նա դարձյալ նախարար է մնալու: Նախարարներն արդեն չգիտեն, թե ո՞ր կուսակցությանն անդամակցեն, որ լուսաբացին ևս մնան նախարար: Դրա համար էլ մեր նախարարները մանրից «յան» են տալիս իրենց կուսակցություններից ու իրենց հայտարարում անկուսակցական, ինչպես, օրինակ, գյուղատնտեսության նախարարը հրապարակավ հրաժարվեց ՀԺԿ-ից: Քանզի մի օր ՀՀԿ-ն է ՀԺԿ-ի հետ կռվում ու ՀԺԿ-ական նախարարների շաքարն է բարձրանում, հաջորդ օրը նախագահն է ջղայնանում վարչապետի վրա ու բարձրանում է հանրապետական նախարարների շաքարը: Եվ այսպես՝ ամեն օր:

Ու մարդիկ շաքարախտ են ընկնում, նրանցից շատերի մոտ արդեն նկատվում են ներվային անկանոն շարժումներ, չպատճառաբանված հիստերիա, անքնություն, կոշմարներ ու սառը քրտինք: Մի խոսքով՝ կերած փողը հարամ է լինում:

Իսկ ժողովո՞ւրդը. մի քանի օր առաջ Մոսկվայի գժանոցներից մեկում գժերին սառած ճաշ էին տվել, ու բոլոր գժերը մի մարդու պես դուրս էին եկել փողոց և բողոքում էին երկրի իշխանություններից: Մեր ժողովուրդը համբերատար է. մենք բիբլիական համբերություն ունենք, որը վաղուց արդեն վեր է ածվել զառամախտի, բայց մեզ շարունակում է թվալ, թե դա ընդամենը համաշխարհային ազգի մեծ հանդուրժողականություն է:

Դրա համար էլ ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյա մեր երկրի ղեկավարներից մեկի հետ զրույցի ընթացքում, բոլորովին վերջերս ասել էր, թե հայ ժողովուրդը կընդունի Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում, քանզի հայ ժողովուրդը վաղուց արդեն խորը ապատիայի մեջ է ու նրան ոչինչ այլևս չի հետաքրքրում:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 192, մայիսի 2, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   977 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ