...

Սուջուխի գործը տապալվեց

Սուջուխի գործը տապալվեց

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ

Այսպիսով, եթե Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ին սուջուխ սարքելու հավես ունենար՝ ԱԺ չէր գնալու, սպանդ չէր լինի: Համենայնդեպս, իր անսահմանափակ կենսագրությունը միլիմետր առ միլիմետր պատմելիս Հունանյանը հասավ հոկտեմբերի 27-ին ու հիշեց, որ 27-ի առավոտյան Կարենը ճաշ էր եփում, իսկ ինքն իր մոսկվացի մի ընկերոջ հետ սուջուխի պատրաստման տեխնոլոգիան է քննարկել: Հետո երևի, մոսկվացի ընկերը սուջուխ ուտելու ախորժակ չի ունեցել, դե Նաիրին էլ որոշել է գնալ ԱԺ ու Վազգեն Սարգսյանին սպանել: Ահա այսպիսի մառազմ: 

Իսկ սույն դատավարությունը արդեն դառնում է պարզապես զավեշտ. մի խումբ լիքը լրագրողներ ու տուժողներ օրական 6 ժամ գամվում են աթոռներին ու լսում, թե ինչպես է ոմն մի Նաիրի խաղեր տալիս: Պարզվում է՝ երիտասարդ ահաբեկիչը 27-ին առնչվող մանրամասները չի հիշում, մինչդեռ հրաշալի հիշում է, որ 27-ի առավոտյան շատ երկար լողացել է. կարևոր գործի էր գնում՝ տակաշորերը պետք է փոխեր: Շատերի տպավորությամբ սույն ահաբեկիչը պարզապես հանրության հետ ազարտնի խաղի մեջ է մտել ու երկարաձգում է իր ֆինալը: Նա չի հիշում, թե ինչպես են ինքն ու իր եղբայրը կրակել վարչապետի, ԱԺ նախագահի ու փոխխոսնակների վրա, որովհետև շատ հուզված է եղել ու ինչպես ինքն է ասում՝ մինչև 28-ի առավոտյան կատարված դեպքերից ոչ մի բան չի հիշում: Սակայն հանձնվելուց կես ժամ առաջ հուզված ահաբեկիչը մի գրություն է տալիս իր ընկեր Տիգրան Նազարյանին՝ իր տանը մնացած դուխու հետագա ճակատագրի հետ կապված: Հուզված է եղել՝ սպանությունները չի հիշում, չի հիշում, թե ինչպես էին ստուգողական կրակոցներով կրակահերթ շարում Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի վրա, մինչդեռ իր բիզնես պայմանավորվածությունները չի մոռանում: Եվ ի վերջո, միանշանակ է, որ Նաիրի Հունանյանին խիստ որոշակի երաշխիքներ էին տվել, այլապես, մեկուսարան գնալուց առաջ նա գործնական հանձնարարություններ չէր տա իր ընկերներին. դժվար է հավատալ, որ մարդը, որը վստահ է, թե իրեն գնդակահարություն է սպասում, դուխու բազար աներ ԱԺ դահլիճում, որտեղ մի քանի ժամ առաջ արյունոտ ոճրագործություն էր կազմակերպել, ու բիզնես զապիսկա տար Տիգրան Նազարյանին: Ի դեպ՝ ո՞ւր է Տիգրան Նազարյանը, որն այս գործով ամենակարևոր վկաներից մեկն է. ինչո՞ւ հենց այս վկայի լրագրողական հմտությունները վռազ պետք եկան Ամերիկային, ու նա անմիջապես գործուղվեց օվկիանոսից այն կողմ: Մի՞թե Ամերիկան չէր կարող առժամանակ յոլա գնալ առանց Տիգրան Նազարյանի: Հարցը, բնականաբար, հռետորական է, քանզի դրա պատասխանը բոլորն էլ գիտեն:

Իսկ Նաիրի Հունանյանը շարունակում է դատարանի դահլիճում ստել. մեկ հայտարարում է, թե ոչ մեկին սպանելու նպատակ չեն ունեցել, մինչդեռ դրանից մեկ օր առաջ արդեն հայտարարել էր, որ միայն Վազգեն Սարգսյանի համար է ինքը կրակելու հրահանգ տվել, հետո հայտարարում է, որ իր եղբայր Կարենն իրենից առաջ ընկավ ու մտավ նիստերի դահլիճ և ողջ մտահղացումը տապալվեց, մինչդեռ տեսաժապավենը դիտելիս պարզ երևում է, որ նրանք մտել են համարյա միաժամանակ ու միանգամից կրակել են՝ Կարենը Վազգեն Սարգսյանի, իսկ Նաիրին՝ Կարեն Դեմիրճյանի վրա, մնացած երեքն էլ անմիջապես կանգնել են ԱԺ դռների անկյուններում: Երկուշաբթի օրն արդեն Նաիրի Հունանյանը նոր ապուշություն դրեց շրջանառության մեջ. իբր, ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս Կարենի ոտքը սայթաքել է, Վազգեն Սարգսյանն ինչ-որ բան է ասել, ու Կարենը կրակել է: Վաղը ոչ մեկը չի զարմանա, որ Նաիրին «հիշի», թե ինչ է ասել Վազգեն Սարգսյանն ու պարզվի, որ վարչապետի ասածը խարխլում էր նախագահական ինստիտուտը և դրա համար էլ հայրենասեր Կարենը կրակել է: Դե Նաիրին էլ, տեսնելով, որ Կարեն Դեմիրճյանը նախագահությունից իր վրա էր ուզում կրակել, անցել է ինքնապաշտպանության ու փրկել իր ջահել կյանքը: Իսկ Միրոյա՞նը. Ռուբեն Միրոյանն էլ այնպես հանկարծակի է դուրս եկել կողքի դռնից, որ երիտասարդ ահաբեկիչն անկախ իրենից Ռուբեն Միրոյանին էլ է սպանել: Ինչ վերաբերում է Արմենակ Արմենակյանին՝ Նաիրի Հունանյանն արդեն հստակ ասաց, որ նրան ընդհանրապես չի հիշում, ուստի չարժե երիտասարդ ահաբեկիչի հիշողությունը ծանրաբեռնել ավելորդ մանրամասներով: Թե ինչպես սպանեցին Արմենակին, չի հիշում, փոխարենը՝ հիշում է, որ մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորյանը, Հիպոկրատի երդմանը հավատարիմ, առողջապահության նախկին նախարարի հետ վիրավորներին առաջին բժշկական օգնություն էր ցույց տալիս: 

Ահա այսպիսի մեծահոգի ու լայնասիրտ հնգյակ է եղել, իսկ մենք ինչ-որ անհեթեթ ու անկարևոր բաներ ենք ուզում իմանալ՝ թե ինչո՞ւ սպանեցիք մարդկանց: 

Ի դեպ, որպեսզի իշխանական մամուլը շատ չտանջվի, մենք պատրաստ ենք նրանց մի քանի վերնագիր հուշել՝ իրենց ծանր գործը թեթևացնելու համար. օրինակ, նյութերից մեկը կարելի է վերնագրել՝ «Էդիկ Գրիգորյանը հավատարիմ մնաց Հիպոկրատի երդմանը», կամ՝ «Վազգեն Սարգսյանը հրահրեց Կարեն Հունանյանին», կարելի է նաև՝ «Նախագահությունից Դեմիրճյանը կրակելու փորձ արեց», տպավորիչ կլինի նաև «Բոլոր կրակոցները թիկնապահներինն էին» վարիանտը. մի խոսքով, եթե իշխանական մամուլը Նաիրիին պաշտպանելու գործում վերնագրի կամ նախաբանի պակաս զգա, մենք պատրաստ ենք տրամադրել, միանգամայն անվճար՝ հանուն լրագրողական համքարության: 

Վստահ ենք, որ Նաիրին չի մոռանա նրանց տիտանական ջանքերն, ու մի օր իրար հետ սուջուխ կսարքեն: Իհարկե, եթե Նաիրին այդ օրը հավես ունենա: Իսկ առայժմ նա սուջուխ սարքելու պարզապես ժամանակ չունի, որովհետև զբաղված է սրա-նրա հանձնարարականներն ի կատար ածելով: 

Նաիրա Կարապետյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 201, մայիսի 17, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ