...

Հացը, գազը, ռուս տուրիստը

Հացը, գազը, ռուս տուրիստը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր բավարարել է «Գազպրոմ Արմենիայի» հայտը։ Անապահով խավերի համար սակագինն անփոփոխ է թողնվել՝ 100 դրամ, սովորական սպառողների համար գազը թանկացել է 4.7 դրամով՝ սահմանվելով 143.7 դրամ։ Նոր սակագինը կգործի ապրիլի 1-ից։ 

Հանձնաժողովին երևի շնորհակալություն է պետք հայտնել, որ չի բավարարել ռուսական ընկերության առաջարկը, որով կապույտ վառելիքի համար 6 տոկոս թանկացում էր նախատեսվում ու միասնական սակագնի սահմանում։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից էլ Հայաստանում գործում է էլեկտրաէներգիայի նոր սակագինը, ըստ որի՝ քաղաքացիները մեկ կիլովատտ էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինեն միջինում 4.7 դրամ ավելի շատ վճարել։ Հունվարից թանկացել է նաև ջուրը։ Որոշ տնտեսագետներ արդեն կանխատեսումներ են հնչեցրել հացի թանկացման մասին՝ նշելով, որ Հայաստանի հացահատիկային շուկան սպասարկվում էր Ռուսաստանից։ Հիմա՝ ճգնաժամանային այս ֆոնին, ՌԴ-ն սահմանափակելու է պարենային արտադրանքի շարժը դեպի այլ երկրներ։ Այստեղ, թերևս, պետք է կանգ առնել և ողջունել նախկիններին, որոնց ջանքերով Արարատյան դաշտավայրի հացահատիկային ցանքատարածությունները վերածվեցին ջերմոցային ու ձկնաբուծական տնտեսությունների։ Արդյունքում՝ Հայաստանը տարիներով ահռելի քանակությամբ ձուկ էր արտահանում ՌԴ և ուրախանում դրանից։ Ռուս հաղորդավարները հաճախ ձեռք էին առնում այս թեմայով՝ հատուկ ընդգծելով, թե ծով չունեք, բայց ձուկ եք արտահանում։ Բնականաբար, ձկան բիզնեսից առաջացած շահույթը գնում էր մի քանի հոգու գրպանը, որովհետև այդ տնտեսությունների հետևում հիմնականում «խոշոր ձկներն» էին՝ վարչապետներ, մարզպետներ, նախարարներ և այլն։ 

Այնպես որ, առաջիկա թանկացումներն էականորեն ազդելու են ՀՀ քաղաքացիների՝ առանց այդ էլ ցածր կենսամակարդակի վրա։ Չնայած՝ առջևում տուրիստական սեզոնն է։ Ռուսների համար Եվրոպան փակ է, Ամերիկան՝ ևս, կասկածելի է Թուրքիայի հետ ՌԴ հարաբերությունների հեռանկարը, ուստի՝ մնում է Հայաստանը։ Ինչի՞ համար, ճիշտ է, ռուս տուրիստների, որոնք սիրում են Հայաստանում հանգստանալ։ Մնում է հուսանք, որ հանգստի համար նրանց խնայողությունները նպատակին կծառայեն։ 

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2089 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ