...

Հաջորդ 100 փաստը հրապարակելիս «Երգ երգոցը» չմոռանաք

Հաջորդ 100 փաստը հրապարակելիս «Երգ երգոցը» չմոռանաք

«Ալեն Սիմոնյանն այդ ընթացքում հանրապետության նախագահի տեղապահն էր, և նրա հրավերով, մի քանի արվեստագետների հետ միասին, ես ևս գնացի այդ հանդիպմանը: Ես ավելի շատ եղել եմ ունկնդրի դերում: Խոսողները շատ չէին, իրենց պահանջներն ասացին և վերջ: Որևէ մեկը չէր գնացել խնդրելու, որպեսզի մեզ Ալեն Սիմոնյանն ընդուներ: … Կարևորն այն էր, որ այդ հանդիպումը դրական տեղաշարժերի հանգեցրեց: Հանրային հեռուստաընկերությամբ կրկին եթեր է հեռարձակվում «Երգ երգոց» նախագիծը, որը շատ հաճելի է»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

Շատ դրական, կարելի է ասել՝ վիթխարի դրական տեղաշարժ է արձանագրվել։ Դրա համար իրոք արժեր գնալ Ալեն Սիմոնյանի դուռը և ազատ ունկնդիր աշխատել այն պահին, երբ հանրությունն ամենաշատը կարիք ունի լսելու իր ժողովրդական արտիստներին։ Նայում ես ՌԴ ժողովրդական արտիստների պահվածքին ու նախանձում ես։ Նրանք քաղաքական հայտարարություններ չեն անում՝ պուտինամետ կամ ընդդիմադիր չեն ձևանում, որևէ ճամբարի շահը չեն սպասարկում, պարզապես իրենց մտահոգություններն են կիսում իրենց ժողովրդի հետ։ Խոսում են ռուս հասարակության հետ՝ փորձելով արթնացնել այն որակները, որոնք կարող են օգնել պետությանը հաղթահարելու ճգնաժամը։ Խոսքի ընթացքում հուզվում են, աղոթում են, ձեռքերով փակում են ամոթից շիկնող իրենց դեմքը, բարկանում են, հայհոյում են, այլ կերպ ասած՝ ապրում են այն ամենով, ինչ տեղի է ունենում իրենց երկրում։ Դա անում են ազնվորեն, առանց քաղաքական օրակարգերի սպասարկման, առանց քաղաքական գնահատականների, առանց քաղաքագիտական վերլուծությունների։ Եվ սա հույս է ներշնչում։ Թող որ չնչին։ Իսկ մեր ժողարտիստների, օրինակ՝ Ռուբեն Մաթևոսյանի համար կարևորը «Երգ երգոցն» է, որտեղ շատ են երգում իր երգերը, դրանք նորովի գործիքավորվում և հնչում են շոուբիզնեսի այսօրվա մոդայիկների շուրթերից։ Ինչպես ասում են՝ ամեն մարդ իր փեշակն ունի։ Անգամ՝ ժանտախտի պահին։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ