...

Հակառակ էֆեկտ

Հակառակ էֆեկտ

Դժվար է միանշանակ պնդել, թե Սերժ Սարգսյան-Ալեքսանդր Լուկաշենկո երկխոսության գաղտնի ձայնագրության հրապարակման հեղինակները երրորդ նախագահի թիմից են:

Եթե իսկապես Սերժ Սարգսյանն է նախաձեռնել այդ խոսակցության այժմյան հրապարակումը, ապա կարելի է պնդել՝ ինքը և իր թիմը անհույս են, նրանք այդպես էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում և ինչ քաղաքական տրամադրություններ կան հանրության շրջանում:

Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Երբ մեկը, այդ թվում՝ նաև ներկայիս վարչապետը, ասում է, որ նախկինները վաճառել են Արցախը, քյաշ փողով գործարքը նկատի չունի: Եթե քյաշ փողով գործարք տեղի ունեցած լիներ, ապա կստիպեին օր առաջ հանձնել Արցախը, մի բան, որ տեղի չունեցավ իրենց օրոք:

Արցախը վաճառելու մասին նրանց ներկայացված մեղադրանքը այլ ենթատեքստ ունի: Արցախը վաճառել է նշանակում նաև բանակը չզինելը, պաշտպանական շրջանները չամրացնելը, երկրի տնտեսությունը չզարգացնելը, այնպիսի վիճակ ստեղծելը, որ արտագաղթը շարունակվի, իսկ զինգրքույկ վաճառելը լինի շարքային իրադարձություն: Իսկ վերը թվարկվածը եղել է և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի օրոք: Այնպես որ, մոնտաժված ձայնագրություններ հրապարակելով՝ հնարավոր չէ մեղադրանքը հերքել:

Հակառակը, այդ ձայնագրությունը հրապարակելով՝ ծառայություն են մատուցում գործող իշխանությանը: Այսօր հանրության մեջ ամենածանրակշիռ մեղադրանքը իշխանություններին այն է, որ պատերազմից խուսափելու և ավելի լավ պայմաններով 7 շրջանները հանձնելու տարբերակ կար:

Ստացվում է, որ այս ձայնագրությունը հրապարակելով՝ նախկինները խոստովանում են, որ կար ավելի լավ տարբերակ, բայց իրենք դրսևորել են կարճամտություն և քաղաքական անհեռատեսություն ու վիժեցրել կոնֆլիկտը ավելի լավ պայմաններով լուծելու հնարավորությունը:

Սրանով նրանք նաև լուրջ հարված են հասցնում իրենց քարոզչության ամենաարժեքավոր թեզին՝ Փաշինյան արկածախնդրին: Այդ ձայնագրությունից հետևությունն այն չէ, որ Սարգսյանը հող վաճառող չէ, այլ ևս մեկ հաստատում առ այն, որ նախկինները զբաղված են եղել ժամանակ շահելով:

Արիս Վաղարշակյան

Հ.Գ. 6 միլիարդ տվող էիր, Ալիևին չտայիր, բանակին հատկացնեիր: Անգամ դրա կեսը բավարար էր, որ լրիվ ուրիշ սպառազինություններով համալրված բանակ ունենայինք: Այսպես է լինում, երբ միջազգային հարաբերություններին մոտենում ես նույն խելքով ու տրամադրվածությամբ, ինչ Բադեն-Բադենի հերթական կազինոյի սեղանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ