...

Հեղափոխության ամենատխուր օրը

Հեղափոխության ամենատխուր օրը

Երեկ շատ նշանակալի օր էր հեղափոխության համար: Առաջին անգամ իրենց հիասթափությունն արտահայտեցին ոչ թե ինչ-որ «պիցցայակերներ», ինչ-որ նախկին պաշտոնյաներ, քաղաքական և հասարակական հաճախորդներ, այլ մարդիկ, որոնք ամենից շատ էին ուրախացել հեղափոխության փաստով և ամենից շատ են հավատացել, որ այն արդարություն և արդարադատություն է բերելու Հայաստանին: Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները որոշեցին այլևս չմասնակցել ֆարս հիշեցնող դատավարությանը:

Սա լուրջ ահազանգ պետք է դառնա իշխանությունների համար: Հիասթափվածների հաջորդ ցանկում շատ դժվար է լինելու բացատրել նրանց ներկայությունը, դժվար է լինելու հիմնավորել, թե նրանց պահանջները մերկանտիլ են և ուղղորդված հայտնի շրջանակների կողմից: Նրանցից ոչ մեկը գեթ մեկ օր չդադարեց պայքարել և չնայած նախկին իշխանության տիտանական ջանքերին՝ նրանցից անգամ մեկը նախկին ռեժիմի հետ սեպարատ համագործակցության չգնաց: Մինչդեռ նախկին իշխանությունները պարզապես երազում էին գնել գոնե մեկին և դրանով վարկաբեկել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պայքարը:

Իշխանությունները կարծես այնքան էլ լավ չեն ուսումնասիրել Հայոց նորագույն պատմությունը, չգիտեն այն և ուստի չեն կարող հետևություններ անել ոչ վաղ անցյալից:

1999 թվականի Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը և Սարգսյանը, ինչպես և հիմա գտնվում էին շատ աննախանձելի վիճակում: Զբաղեցնում էին բարձրագույն պաշտոններ, բայց ամեն օր սպասում էին, որ դա կարող է լինել վերջին օրը բարձր աշխատասենյակներում և հաջորդ պահին կարող են հայտնվել բանտախցերում: Նրանք ինչպես և հիմա չունեին հանրային աջակցություն և ինչպես հիմա տպավորություն էր, թե պետական ապարատը նրանց դուրս է գրել:

Բայց վարչապետ Արամ Սարգսյանը, նրան դաշնակից մյուս ուժերը հապաղեցին Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրանքը ամբողջացնելու և պատվիրատուներին վեր հանելու գործում: Նրանց թվաց, թե ունեն անսահման երկար ժամանակ և հերթով, կարգով կլուծեն իրենց խնդիրները:

Ուժերի հարաբերակցությունում բեկում մտավ այն պահից, երբ Քոչարյանը կարողացավ կալանքից ազատել իր աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին: Պետական ապարատում շատերը հասկացան, որ վաղ է Քոչարյանին դուրս գրել, որ նա կարողացավ ազատել մեկին, ում ցուցմունքից կարող էր կախված լինել նաև իր սեփական ազատությունը: Այդ պահից հետո Քոչարյանը և Սարգսյանը անցան հակահարձակման և երկու ամիս անց Արամ Սարգսյանին ու նրա դաշնակիցներին պաշտոնանկ արեցին:

Մարտի 1-ի գործի վիժեցումը ոչ միայն վնաս է արդարության վերականգնման և արդարադատություն չիրականացնելու տեսանկյուններից, այլ նաև իշխանության համար պայքարի առումով: Կասկածյալի կարգավիճակից մի անգամ Քոչարյանը խուսափեց, ինչին հաջորդեց իշխանության ամբողջական զավթումը:

Մեղադրյալի կարգավիճակից խուսափելու դեպքում շատ բարենպաստ պայմաններ կստեղծվեն կրկնելու նախկին հաջողված փորձը:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ