...

Հակառակորդը փորձում է առաջանալ

Հակառակորդը փորձում է առաջանալ

Առավոտյան 8:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։ Սա վերջին պաշտոնական տեղեկությունն է։ Ունենք զոհեր ու վիրավորներ։ 

Մեր գործընկեր Թաթուլ Հակոբյանը Վարդենիս է մեկնել կեսգիշերին և այնտեղից շատ կարճ տեսանյութ է հրապարակել․ ասում է՝ հայ զինվորը կանգնած է Հայաստանի սահմանին։ Երկու տարի առաջ այս նույն ամսին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հայ զինվորն էլի իր տեղում էր։ Միակ բանն այս տարիների ընթացքում, որ իր տեղում մնաց, հայ զինվորն էր ու է։ Հիմա էլ կանգնած իր կռիվն է տալիս՝ անթիկունք։ 

44-օրյան, երբ սկսվեց նույնիկ ամենամոլեռանդ հականիկոլականները համացանցում գրառմամբ հանդես եկան՝ պետք է համախմբվել ու կանգնել գլխավոր գերագույն հրամանատարի՝ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Հետո ծավալվեց «հաղթում ենք»-ի ապաշնորհ կոմպանիան։ Հիմա չհանդիպեցինք նման կոչերի։ Հա, ծանր վիճակ է, և չկա անձը, որը կարող է համախմբել ու առաջնորդել։ Եվ չնայած այս ամենին՝ սա է այս պահին մեզ բաժին հասած հայրենիքը։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է զգոնություն ցուցաբերելով անձնական մակարդակում չկրկնել այն սխալները, որոնք թույլ ենք տվել 44-օրյային։ Ամեն մեկս գիտենք, թե որտեղ ենք սխալվել։ Խոսելուց, գրելուց, տարածելուց, հայտնելուց, կարակցելուց առաջ՝ գուցե լռենք մի պահ, խոսելու փոխարեն մտածենք։ Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնած է հայ զինվորը։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   892 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ